Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանն օգոստոսի 15-ին աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ՝ կոնգրեսական, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահ Սթիվ Շաբիթի գլխավորությամբ։

Ողջունելով ԱՄՆ կոնգրեսականներին Հայաստանի խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության բնույթը, նշել, որ ՀՀ անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերություններն ընդգրկել են գործակցության լայն շրջանակ։

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե երկկողմ, թե բազմակողմ հարթություններում։

Նշվել է նաեւ, որ ՀՀ-ն բարձր է գնահատում մեր երկրի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը՝ միտված ՀՀ պետականության ամրապնդմանը։

Կարեւորելով հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խթանումը, Արտակ Զաքարյանը նշել է, որ հայ-ամերիկյան համատեղ հաջողված տնտեսական գործակցության ոլորտ են տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ ամերիկյան կողմն առաջատար է ներդրումների քանակով։ Ընդհանուր առմամբ ՀՀ-ում գրանցված է ամերիկյան կապիտալի մասնակցությամբ ավելի քան 550 ձեռնարկություն։

Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում Արտակ Զաքարյանը կարեւորել է ԱՄՆ Կոնգրեսում գործող հայկական խմբի գործունեությունը։ Խմբի անդամներն առանցքային դեր են խաղում Կոնգրեսում Հայող ցեղասպանության, Հայաստանին եւ ԼՂ-ին ֆինանսական աջակցությանը եւ մեր երկրին վերաբերող այլ հարցերն արծարծելու եւ պաշտպանելու գործում։

Արտակ Զաքարյանը ընդգծել է ԱՄՆ ակտիվ դերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։

Կարեւորվել է նաեւ ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի իրացման եւ իրավական կարգավիճակի սահմանումը կողմերի միջեւ բանակցությունների միջոցով՝ տեւական եւ ամբողջական քաղաքական հանգուցալուծմանը հասնելու նպատակով։

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը մերժում է համակամարտության լուծման ռազմական եղանակը։

Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ կարեւորվել է այն հանգամանքը, որ ամերիկյան կողմը մշտապես աջակցել երկու երկրների հարաբերությունների նորմալացմանը։ Հայ պատգամավորները նշել են, որ Թուրքիան պետք է չխոչընդոտի տարածաշրջանային կայունությանն ու զերծ մնա ոչ կառուցողական քայլրեից։

Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ նշվել է, որ նահանգային մակարդակով ամերիկյան չորս տասնյակից ավելի նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ առաջիկայում խնդիրը կլուծվի նաեւ ԱՄՆ Կոնգրեսի մակարդակով:
Նշվել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցել են նաեւ ԱՄՆ կոնգրեսականներ։

ԱՄՆ-ն խոշորագույն հայկական սփյուռք ունեցող երկրներից է ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգներում բնակվում է ավելի քան 1,500,000 էթնիկ հայ։ Կարեւորվել է 43 նահանգներում գործող հայկական սփյուռքի կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում։

ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակության ղեկավար Սթիվ Շաբիթը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանի խորհրդարանում։

Նա տեղեկացրել է, որ հայ խորհրդարանականների կողմից բարձրացված բոլոր հարցերը կփոխանցի նաեւ ԱՄՆ-ում գտնվող իր գործընկերներին։

Անդրադառնալով ԼՂ-ի խնդրին, ԱՄՆ կոնգրեսականը նշել է, որ այն պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով։ Սթիվ Շաբիթը բացառել է հարցի ռազմական ճանապարհով կարգավորումը։

ԱՄՆ կոնգրեսականը տնտեսական կապերի զարգացման գործում կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարը։

ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ նշվել է, որ այն զգայուն հարց է եւ պահանջում է բազմակողմանի աշխատանք։

ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Մհեր Շահգելդյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը նույնպես կարեւորել են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ ճանապարհով լուծումը, նշել կարգավորման սկզբունքների շուրջ խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի միասնական դիրքորոշման առկայության մասին։

Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։




Լրահոս