Երեկ Բաքվում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Իսկ վաղը՝ օգոստոսի 10-ին, Մոսկվայում կկայանա Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս հանդիպումների եւ Ղարաբաղի հարցով բանակցային զարգացումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ:
-Պարո՛ն Տարասով, երեկ կայացած եւ վաղը կայանալիք հանդիպումները որքանո՞վ են փոխկապակցված եւ ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել այդ հանդիպումներից:
-Դրանք սովորական հանդիպումներ են, եւ առաջին հերթին այս դեպքում սկսվում է Կովկասում տիրող իրավիճակի հավասարակշռման ուրույն գործընթաց, որով սկիզբ է դրվում բազմակողմանի համագործակցության: Մի կողմից Բաքու-Թեհրան, մյուս կողմից Թեհրան-Երեւան, իսկ հետագայում ես վստահ եմ, որ ելք կլինի նաեւ դեպի Թբիլիսի: Այս ամենի համատեքստում պետք է նայել, որ Իրանում շատ լրջորեն կդիտարկվի նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի մասնակցությունը: Դրանք զուգահեռ գնացող գործընթացներ են եւ ինչ-որ մի շրջանում դրանք կհատվեն՝ դառնալով մեծ ծրագիր: Ես կարդում եմ ադրբեջանական լրատվամիջոցներում տպագրված հոդվածները, որոնցում գրված է, թե Հայաստանը դուրս է մնում այդ գործընթացներից, սակայն այդպիսի բան իրականում չի կատարվում: Այլ հարց է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է բացեն համագործակցության ուղիները, եթե երկաթուղային ճանապարհը կառուցվի: Ոչ մի կասկած չկա մի կողմից Թեհրան-Բաքու եւ մյուս կողմից Մոսկվա-Բաքու դիրքերի ամրապնդման շուրջ: Այս ամենը հիմքեր կստեղծի հետագայում իրավիճակի կայունացման ելքեր գտնելու եւ նաեւ տարածաշրջանային կոնֆլիկտների լուծման համար: Այս պարագայում ես նկատի ունեմ ղարաբաղյան կոնֆլիկտը, որը կարող է կարգավորվել միայն երկու երկրների հետաքրքրությունների առանցքում, այլ ոչ թե այնպես, ինչպես կարծում են Բաքվում: Պետք է լինի այնպես, որ չլինի ո՛չ հաղթող, ո՛չ էլ պարտվող, ինչպես ասել է Պուտինը, բայց դա կախված է գեոքաղաքական իրավիճակից, այլ ոչ թե միայն երկկողմանի, կամ եռակողմ հարաբերություններից եւ հանդիպումներից:
-Ամեն դեպքում ի՞նչ սպասենք Ղարաբաղի հարցով առաջիկա քննարկումից:
-Պետք է հաշվի առնել, որ Պուտինն այդ երկու հանդիպումներից առաջ արեց իր գլխավոր հայտարարությունը եւ հերքեց բոլոր այն տարբերակներն ու հայտարարությունները, որոնք գոյություն ունեին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցներում, համաձայն որոնց իբր կա «Լավրովի ծրագիր», «Պուտինի ծրագիր», ու իբր նրանք դիտարկում են Կազանի փաստաթուղթը, որով նախատեսվում է տարածքների վերադարձը… ոչինչ չկա, շատ են սպեկուլյացիաները: Այս պարագայում պետք է դիտարկել միայն պաշտոնական փաստաթղթերը. դա 90-ականների հայտնի համաձայնագիրն է եւ սանկտ-պետերբուրգյան համաձայնությունը: Ինչպես հայտնի է՝ այն ենթադրում է շփման գծում մոնիթորինգի իրականացում եւ միջազգային դիտորդների ստատուսի առկայություն: Դա շատ կարեւոր պահ է, որը կարող է կանխել հարցի՝ ուժային լուծումը: Հիմա բոլորն աշխատում են այս ուղղությամբ, Պուտինը նույնպես, եւ նա ասել է, որ մենք չունենք առանձին ծրագիր, այլ աշխատում ենք Մինսկի խմբի հետ համատեղ: Ադրբեջանը փորձում է այդ խմբում հակասություններ մտցնել եւ ասել, թե Ռուսաստանն է կարեւոր, ԱՄՆ-ն պարտվել է, Պուտինը գլխավոր բանակցողն է… բայց նման բան չկա: Իհարկե, ՌԴ-ն հետաքրքրված է տարածաշրջանի կայունությամբ, այլ հարց է, որ տվյալ պարագայում մենք չենք տանում մեր խաղը, քանի որ Մինսկի խմբի հետ ոչ մի կոնֆլիկտ չկա:
-Նշվում է, սակայն, որ բանակցությունների սեղանին հենց Կազանի փաստաթուղթն է: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այդ մասին:
-Իսկ ո՞վ է դա ասում, Մարկո՞վը, Ժիրինովսկին կարող է ասել: Իսկ ո՞վ չի ասում. Պուտինը չի ասում, Կրեմլը չի ասում, կառավարությունը չի ասում: Մամեդյարովն ասում է՝ ինչ-որ փաստաթուղթ կա, որը քննարկվում է, եթե կա, ցույց տվեք: Պուտինն ամեն ինչ հստակ ասել է. չկան նման փաստաթղթեր: Այլ հարց է, որ բանավոր կերպով կողմերը կարող են քննարկել մոտեցումների տարբեր եւ նոր սցենարներ: Այդպես կարելի է քննարկել ամեն ինչ, բայց երբ մենք չենք տեսնում հստակ ծրագրի իրականացում, ուրեմն ոչինչ էլ չի կատարվում: Հիմա միայն առկա է Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունը:
-Բայց այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները մինչ այժմ կյանքի չեն կոչվել:
-Չի կատարվում, քանի որ Ադրբեջանն է ընդդիմանում: Ձեռք բերված համաձայնությունը ենթադրում է, որ դիտորդների թիվը պետք է զգալի կերպով ավելանա: Այն ենթադրում է որոշակի շփումներ, չի բացառվում նաեւ, որ բացվի Ստեփանակերտի օդանավակայանը՝ տեխնիկական հարցերի պատճառով: Իհարկե, Ադրբեջանն ընդդիմանում է, նա հասկանում է իրավիճակը: Բանակցային գործընթացը երկարատեւ է, հեշտ չէ, բայց կարեւորն այն է, որ պատերազմ չլինի:
-Բնականաբար, տեղյակ եք Հայաստանում 15 օր տեւած իրադարձությունների մասին: Ըստ Ձեզ՝ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն ու դրան հաջորդած իրադարձություններն ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ Ղարաբաղյան հիմնախնդրի վրա:
-Նրանք գաղտնի դիվանագիտության «զոհեր»-ն են: Կողմերը չեն բացահայտում հարցերը, բանակցությունները գաղտնի են պահվում, եւ այդ ամենից ելնելով՝ Հայաստանի ընդդիմադիրներն իշխանություններին մեղադրեցին ապազգային գործելակերպի մեջ, թե իբր նրանք պատրաստ են հողեր հանձնել, Ռուսաստանն էլ ստիպում է, սակայն նման բան իրականում չկա: Կոնֆլիկտի կողմերն առաջին հերթին, եւ առհասարակ, տվյալ հիմնախնդրի կարգավորման հետ կապ ունեցող բոլոր կողմերը պայմանավորվել են գաղտնիության մասին, եւ այս իրավիճակից միակ ելքն այն է, որ Սերժ Սարգսյանն ասի՝ նման բան չկա: Սակայն այդ կերպ նա կխախտեր պայմանավորվածությունները եւ դուրս կգար գաղտնիության պայմաններից: Ես միշտ ասում եմ, որ եկել է այդ գաղտնիությանը վերջ տալու ժամանակը, եւ այդ դեպքում բոլորը բացեիբաց կտեսնեին, թե ինչ է կատարվում եւ տարբերակներ չէին հնարվի, չէ որ խոսքը ժողովուրդների ճակատագրերի մասին է: Ինչ-որ մի էտապում պետք է վերջ տալ այդ գաղտնիությանը եւ անկեղծորեն ասել, որ, օրինակ, Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ժամանակ նրանք կոնյակ են խմում եւ նարդի խաղում: Ես, անկեղծորեն, Ղարաբաղի հարցում բացասական լուծումներ չեմ տեսնում. դիվանագետների աշխատելու ժամանակն է:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՈՐՊԵՍԶԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ ՉԼԻՆԵՆ. ՊՈՒՏԻՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ
Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին:
«Դուք նշեցիք Ղարաբաղի մասին: Դա իսկապես խնդիր է, որը մնացել է մեր սովետական անցյալից: Գիտեմ, թե որքան սուր հարց է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի համար: Մենք ձգտում ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այդ խնդրի լուծումը, որը երկու կողմերի համար զիջումային եւ ընդունելի կլինի: Որպեսզի այստեղ հաղթողներ չլինեն, այլ հաղթեն միայն երկու երկրների ժողովուրդները, եւ երկու պետություններն էլ գիտակցեն, որ լուծել են այդ բարդ խնդիրը՝ ի շահ այսօրվա օրվա եւ ապագա սերունդների»,- հանդիպման ժամանակ ասել է Պուտինը: Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում ակտիվ մասնակցության համար` նշելով, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը նվիրված էր այդ խնդրին: Ալիեւի խոսքով՝ ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նման հանդիպումները նոր թափ են տալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, ամրապնդվում է քաղաքական երկխոսությունը, տնտեսական կապերը»,-հավելել է Ալիեւը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում է ունեցել նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որից հետո ընդլայնված կազմով տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի իրականացման հարցում համագործակցության շուրջ հռչակագրի ստորագրություն, ինչպես նաեւ մի շարք փաստաթղթեր են ստորագրվել տուրիզմի, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում:
Հիշեցնենք, որ վաղը Մոսկվայում հանդիպում է տեղի ունենալու նաեւ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՄԵԿՆԵՑ ԱՐՏԵՐԿԻՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մեկնել է երկրից` արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար: Փորձեցինք պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի նա, որի պատճառով ոչ միայն հրաժարական տվեց դատախազի պաշտոնից, այլեւ անհապաղ վիրահատության կարիք առաջացավ, պաշտոնապես չհաջողվեց: Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ Գեւորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատության պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում: Թե երբ կվերադառնա, պարզ չէ:
ԱՅՍՕՐ ԿՈՐՈՇԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հնարավոր է` այսօր տեղի ունենա ԲՀԿ Գյումրիի տարածքային կառույցի խորհրդի ընդլայնված նիստը: Այդ նիստում որոշվելու է հոկտեմբերի 2-ին Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության հարցը: Ենթադրվում է, որ ավագանու ԲՀԿ թեկնածուների ցուցակը կգլխավորի Գյումրու մանկավարժական համալսարանի այլեւս նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը: Այլ կերպ ասած` հենց նա էլ կլինի Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն: Հիշեցնենք, որ Գյումրիում այս տարի առաջին անգամ քաղաքապետին ուղղակի ընտրությամբ չեն ընտրելու: Գյումրեցիները ընտրելու են ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է քաղաքապետին: ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին լուրերը: «Այո’, առաջիկայում ԲՀԿ տարածքային խորհրդի նիստ է նախատեսված, որոշումը կհրապարակվի նիստից հետո»,- պատասխանեց նա:
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ
Ավելի քան մեկ տարի է, ինչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննում է 2015-ի հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ նպատակաուղղված բռնություն կիրառելու փաստերը: Մեկ տարուց ավել քրգործը քննելուց հետո ՀՔԾ-ն երեկ ազդարարել է մի քանի ոստիկանի մեղադրանք առաջադրելու մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նշված գործով երկու ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, սակայն նրանց տվյալները դեռ չեն հրապարակում: Հիշեցնենք, որ մինչ այս էլ երկու այլ ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին էր հայտարարվել: Ի դեպ, հուլիսի 29-ի Սարի թաղի հայտնի դեպքերի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած քաղաքացիական հագուստով անձանց ՀՔԾ-ն շարունակում է «չնկատել», չնայած նրանց բոլորի լուսանկարները հենց առաջին իսկ օրը հրապարակվել էին: Հավանաբար ՀՔԾ-ում սպասում են մինչեւ մեկ տարին լրանա: