Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 384 միլիոն 200 հազար դոլար: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ վերջին մեկ ամսում պետական պարտքն աճել է 39 միլիոն դոլարով: Այս տարվա յոթ ամիսներին Հայաստանի պետական պարտքն աճել է 306 միլիոն 500 հազար դոլարով:
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանի արտաքին` միջազգային ֆինանսական կազմակերպություններից, բանկերից եւ այլ երկրների կառավարություններից վերցված պարտքերն այս ամսվա սկզբին կազմել են 4 միլիարդ 493 միլիոն դոլար: Ըստ այդմ, ստացվում է, որ անցած հուլիսի ընթացքում մեր հանրապետության արտաքին պարտքն աճել է 22 մլն 600 հազար դոլարով: Իսկ այս տարվա անցած յոթ ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքն ընդհանուր աճել է 176 մլն 800 հազար դոլարով:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի` պետական պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ձեւավորած ներքին պարտքին, այն օգոստոսի 1-ին արդեն կազմել է 891 միլիոն 200 հազար դոլար: Ստացվում, որ միայն հուլիսին մեր երկրի պետական ներքին պարտքն աճել է 16 մլն 400 հազար դոլարով: Այսպիսով ստացվում է, որ այս տարվա անցած յոթ ամիսներին Հայաստանի ներքին պարտքն ընդհանուր աճել է 129 միլիոն 700 հազար դոլար:
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով անցած յոթ ամիսներին ՀՀ կառավարությունը ներգրավվել է 87 միլիարդ 500 մլն դրամի փոխառու զուտ միջոց: Այլ կերպ ասած՝ պարտքով գումարը վերցրել եւ հատկացրել են պետական բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար: Ըստ այդմ, ներքին աղբյուրներից, կամ այլ կերպ ասած՝ պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված փոխառու զուտ միջոցները, որոնք ծախսվել են պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար, կազմել են 56 միլիարդ 100 մլն դրամ: Իհարկե, գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից անցած յոթ ամիսներին ստացված գումարները շատ ավելին են եղել` ընդհանուր կազմելով 116 միլիարդ 500 մլն դրամ, սակայն այդ գումարից 60 միլիարդ 400 միլիոն դրամը ծախսվել է նախկինում տեղաբաշխված պարտատոմսերը ետգնման եւ տոկոսավճարների մարման նպատակով: Ի դեպ, ըստ պետական բյուջեի պլանի՝ ընթացիկ տարում պակասուրդի ֆինանսավորումը ներքին աղբյուրներից, ողջ տարվա կտրվածքով պետք է կազմի 66 միլիարդ 877 միլիոն դրամ, որից փոխառու զուտ միջոցների հաշվին ստացված գումարի չափը պետք է կազմի 41 միլիարդ 982 մլն դրամ: Ավելին՝ գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում պետական բյուջեի պակասուրդի ֆինանասավորումը ողջ տարվա կտրվածքով պետք է կազմեր 42 միլիարդ դրամ: Այսինքն՝ գանձապետական պարտատոմսերի հաշվին պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման թույլատրելի` 42 միլիարդ դրամի սահմանն արդեն իսկ գերազանցվել է 14 միլիարդ 100 մլն դրամով: Բայց եթե հաշվի առնենք, որ հինգ ամիս էլ կա մինչեւ տարեվերջ, ապա ակնհայտ է դառնում, որ ՀՀ կառավարությունը իր իսկ գծած պլանները կրկնակի կամ գուցե եռակի անգամ խախտելու է:
Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման` արտաքին աղբյուրներից ստացվելիք միջոցները այս տարվա անցած յոթ ամիսների արդյունքներով կազմել են 31 միլիարդ 300 միլիոն դրամ: Ի դեպ, այդ գումարն ամբողջությամբ ստացվել է փոխառու միջոցների հաշվին: Այլ կերպ ասած՝ ընթացիկ տարում միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ միջազգային բանկերից վերցված վարկերից 31 միլիարդ 300 մլն դրամը` շուրջ 65 միլիոն դոլարը, ծախսվել է պետական բյուջեի պակասուրդի վրա:
Ի դեպ, ՀՀ կառավարության հաստատած պլանով արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն այս տարվա ընթացքում պետք է կազմի 129 միլիարդ 596 միլիոն դրամ: Այսինքն՝ այս դեպքում ՀՀ կառավարությունը դեռ «պլանի գերակատարում» չի ունեցել: Բայց ամեն ինչ առջեւում է, եւ եթե այսպես շարունակվի, ապա ՀՀ կառավարությունը ստիպված է լինելու արտաքին աղբյուրներից ստացված ավելի շատ վարկեր ուղղել՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերը հոգալու համար:
Նշենք, որ հուլիսի արդյունքներով այս տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի միջազգային պահուստների աճ է արձանագրվել: Մասնավորապես, օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 588 միլիոն 800 հազար դոլար: Հուլիսի ընթացքում միջազգային պահուստները ավելացել են 22 միլիոն 400 հազար դոլարով: Այսինքն՝ ակնհայտ է, որ հուլիսին արտաքին աղբյուրներից վերցված 22 մլն 600 հազար դոլարն է ուղղվել միջազգային պահուստները համալրելուն: Հիշեցնենք, որ նախորդ վեց ամիսներին միջազգային պահուստներն ընդհանուր նվազել էին 173 միլիոն 800 հազար դոլարով:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հայաստանը շարունակում է ապրել պարտքերով, իսկ նախկինում վերցված եւ ժամկետը լրացած պարտքերը մարելու համար նորանոր պարտքեր են վերցնում:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Օգոստոսի 10-ին, ժամը 17:00-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք` «Հանուն խոսքի ազատության»: Բողոքի ակցիան նախաձեռնել են հայաստանյան առաջատար լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ` ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: Ազատության հրապարակում նախատեսվում է ընթերցել հայտարարության տեքստ, որը բաց կլինի ստորագրելու համար: Ցանկացողները անձամբ կամ միջնորդավորված կարող են միանալ ստորագրահավաքին հենց Ազատության հրապարակում:
ԳՈՐԻՍԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Երկու ամսից Հայաստանի՝ շուրջ 700 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սյունիքի մարզում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Թեկնածուների առաջադրումը նախատեսված է օգոստոսի 14-ից 19-ը: Գորիսում այս օրերին շրջանառվող լուրերի համաձայն՝ Գորիսի քաղաքապետի իշխանական թեկնածուն հնարավոր է լինի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Սասուն Խաչատրյանը: Վերջինս «Որոտանի ՀԷԿ»-ի նախկին տնօրենն է: Ավելին` մի պահ անգամ քննակել են մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի թեկնածությունն առաջադրելու տարբերակը: Իսկ ինչ վերաբերվում է Գորիսի գործող քաղաքապետ Վաչագան Ադունցին, ապա վերջինս իշխանական թեկնածու դառնալու հնարավորությունը կարծես իսպառ կորցրել է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վաչագան Ադունցն իր առաջադրման մասին ասաց, որ երբ գա օրը, ինքն իր որոշման մասին կհայտարարի: «Բնականաբար նոր քաղաքապետը երկու տարի աշխատելով՝ պետք է շարունակի պաշտոնավարել: Իմ որոշումը կա»,- ասաց Ադունցը:
ՉՏԵՍՆԵԼՈՒ ԵՆ ՏԱԼԻՍ
«Ժողովուրդ»-ի նախորդ համարում անդրադարձել էինք ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի իրավական խառնաշփոթին: Ինչպես հայտնի է՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսվում է, որ գլխավոր դատախազը հրաժարականի դիմումը ներկայացնում է հանրապետության նախագահին: Սա այն դեպքում, երբ ԳԴ նշանակողը ոչ թե հանրապետության նախագահն է, այլ խորհրդարանը, այդ իսկ պատճառով էլ «ԱԺ Կանոնկարգ» օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ կետը պահանջում է, որ խորհրդարանի կողմից նշանակված պաշտոնյան հրաժարականը ներկայացնի ԱԺ նախագահին: Ավելին՝ հրաժարականը կհամարվի ընդունված ԱԺ նիստում հրապարակելուց երեք օր անց, եթե մինչ այդ պաշտոնյան դիմումը հետ չի վերցնում: Երեկ «Ժողովուրդ»-ը խորհրդարանից փորձեց պարզել, թե արդյոք ՀՀ նախկին ԳԴ Գեւորգ Կոստանյանը ԱԺ նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ի լրատվականից մատնանշեցին «Դատախազության մասին» օրենքի 52-րդ հոդվածը: Հետաքրքիր է, թե այդ դեպքում ԱԺ-ն ինչ իրավական հիմքով է նոր դատախազ նշանակելու աշնանային նստաշրջանի ընթացքում:
ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սիրում է իր ամառային հանգիստն անցկացնել միայն ընտանիքի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշել է, որ իր համար կապ չունի, թե հանգստի վայրը որտեղ կլինի՝ Հայաստանում, թե արտերկրում, կարեւորն այն է, որ ընտանիքն իր կողքին լինի: Դիտարկմանը, որ հայերը դժգոհում են Հայաստանում առկա բարձր գներից, նախարարը արձագանքել է. «Բողոքողները, օրինակ, բողոքում են, որ Ծաղկաձորում թանկ է, գնում, վերցնում են «Մարիոթ» հյուրանոցի գինը, իսկ Բաթումիում գնում են ծովից 10 կմ հեռու մի հատ պուճուր, կարճ տնակ են վարձում եւ դա համեմատում ամենաթանկ հյուրանոցի գնի հետ»:
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Այսօր Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է, Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Միջազգային հանրությունը եւ միջազգային կազմակերպությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հանդիսանում են հակամարտության արդարացի լուծման կողմնակիցներ` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- նշել է Ալիեւը:
ԱՅՑԵԼԵԼ Է
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին, ՀՀ ոստիկանության ՁՊՎ են այցելել եւ նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Ապա ՀՀ ՄԻՊ-ն անձամբ այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ եւ առանձին հանդիպել ինչպես Ա. Մարտիրոսյանին, այնպես էլ Դ. Սանասարյանին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի հայտնած բոլոր տեղեկությունները սահմանված կարգով ամփոփվել եւ երեկ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ քրեական գործի նախաքննության շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:
ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
ՀՀ ոստիկանապետ Վլ. Գասպարյանի հրամանով երեկ պաշտոնից ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը։ Հիշեցնենք, որ այս հրամանագրից օրեր առաջ Կարապետյանին խիստ նկատողություն էր հայտարարվել, եւ հիմա նրա պաշտոնանկությունը բավականին ուշագրավ է: Արդեն հայտնի է, թե ով է Երեւանի նոր ոստիկանապետը. այդ պաշտոնում նշանակվել է Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը։
ԳՅՈՒԼԵՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ՞
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ կիրակի օրը, Ստամբուլում տեղի է ունեցել իշխանություններին աջակցողների հանրահավաքը։ Շուրջ մեկ միլիոն ցուցարարների առջեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենը կվերադարձվի Թուրքիա։ Նա հիմա Միացյալ Նահանգներում է։