ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՎԾ-Ի ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԳՆԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին մսամթերքի, կաթնամթերքի եւ ձկնամթերքի շուկաներում արձանագրվել է գնանկում: Նշված ապրանքատեսակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համոզմամբ՝ պատճառը գնողունակության անկումն է եւ բնակչության թվի նվազումը:

Նշենք, որ այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում: Ըստ այդմ, պարենային ապրանքները էժանացել են 4.2 տոկոսով, սպառման ապրանքները՝ 3.3 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 1.7 տոկոսով, ոգելից խմիչքն ու ծխախոտը՝ 0.7 տոկոսով: Եւ չնայած սրան՝ վերոնշյալ ժամանակահատվածում 2.5 տոկոսով բարձրացել են ծառայությունների սակագները: Օրինակ՝ հանրապետությունում գրանցվել է կրթության համակարգի 0.1, բուժսպասարկման 0.2, մշակույթի ոլորտի 1.1 տոկոս ծառայությունների սակագների հավելաճ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կաթնամթերքի շուկայում գրանցվել է 3.5 տոկոս գնանկում: Մասնավորապես էժանացել են «Լոռի», «Չանախ» եւ «Չեդեր» պանրատեսակները: Վերոնշյալ ժամանակահատվածում հանրապետության 10 քաղաքներում կաթնամթերքի գները նվազել են 2.6-0.4 տոկոսով, իսկ մեկում գրանցվել է 1.4 տոկոս գնաճ: Մայրաքաղաք Երեւանում կաթնամթերքի գները նվազել են 2.1 տոկոսով: Նկատենք նաեւ, որ նույն ԱՎԾ-ի տվյալներով՝ պանրի արտադրության ծավալները 7.4 տոկոսով ավելացել են, կաթինը՝ 2.7, իսկ թթվասերինը՝ 3.1 տոկոսով:
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համոզմամբ՝ այս շրջանում սովորաբար խոշոր եղջերավոր անասունների կաթնատվությունը բարձրանում է, եւ նրանք ստիպված են լինում ավելի մեծ քանակությամբ կաթ մթերել: Բացի այդ, հաշվի առնելով, որ այս տարին եղանակային առումով խոնավ էր ու տեղումնառատ, խոշոր եղջերավոր անասունների համար արոտը առատ է, ինչից նույնպես անասունների կաթնատվությունը բարձրանում է: Առաջին հայացքից թվում է, թե դա լավ է, սակայն երբ խնդիրը ուսումնասիրում ենք, պարզ է դառնում, որ այս իրավիճակը պայմանավորված է ՀՀ-ի տնտեսությունում ընթացող բացասական զարգացումներով:
Տնտեսագետների պնդմամբ՝ գնանկումը պայմանավորված է սպառման ծավալների նվազմամբ, որն էլ ունի 2 պատճառ. մի կողմից պոտենցիալ սպառողի գնողունակությունն է ընկել, մյուս կողմից՝ Հայաստանից զգալի թվով բնակչություն է արտագաղթել: Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության պաշտոնական թիվը կազմել է 2 մլն 995 հազար 100 մարդ: Անցած վեց ամիսներին ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 3 հազար 500-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կեսին Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 91 հազար 904 ՀՀ քաղաքացի: Իհարկե, այս թվի մի մասը մինչեւ տարեվերջ կվերադառնա, բայց նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ զգալի մասը, այնուհանդերձ, այլեւս հետ չի գա:
Ստացվում է, որ պահանջարկը նվազել է, իսկ առաջարկը՝ ավելացել: Արդյունքում ՀՀ-ում գործող որոշ պանրագործարաններ ստիպված են լինում իրենց արտադրանքը ավելի էժան գներով վաճառել: Օրինակ՝ նրանցից մի քանիսը քաղաքացիներին 1 կիլոգրամ պանրի դիմաց առաջարկում են վճարել 1000 դրամ, մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ նրանք այդ պանիրը շուկայում կարող էին իրացնել կրկնակի թանկ գնով: Պանրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները մտահոգված են, քանի որ այսպես շարունակվելու դեպքում նրանք կդադարեցնեն իրենց արտադրությունը եւ կփակվեն: Խնդիրն այն է, որ փոքր արտադրությունները պանիրը պահեստավորել չեն կարող, քանի որ երկարաժամկետ պահեստավորման համար անհրաժեշտ թանկարժեք տեխնոլոգիաներ եւ բավարար շրջանառու միջոցներ չունեն: Իսկ խոշոր պանրարտադրողները կարող են իրենց նման «ճոխություն» թույլ տալ. արտադրանքը պահեստավորել եւ այն իրացնել աշնան կամ ձմռան ամիսներին, երբ պանրի դեֆիցիտ է առաջանում հանրապետությունում:
Նույն իրավիճակն է նաեւ մսամթերքի, երշիկեղենի եւ ձկնամթերքի շուկայում: Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, գրանցվել է 4 տոկոս գնանկում: Մասնավորապես էժանացել են ոչխարի միսը, խաշի պարագաները, հավի բուդը, տավարի միսը, աղացած միսը: Իսկ, ահա, թռչնամիսը թանկացել է 1.6 տոկոսով, խոզի միսը՝ 1.9 տոկոսով: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա հունվար-հունիսին մսի արտադրության ծավալները 2 տոկոսով ավելացել են, մսամթերքինը, երշիկեղենինը՝ 9.4 տոկոսով: Վերոնշյալ ժամանակահատվածում ձկնամթերքի շուկայում գրանցվել է 3.5 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է իշխան ձկնատեսակի՝ 1.5 տոկոս գնանկմամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԺՈՂՈՎՐԴԻ ՓՈԽԱՐԵՆ ՈՐՈՇԵԼ ԵՆ

Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի բազմաթիվ համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան նաեւ խոշորացված Այրում համայնքում, որն այժմ ընդգրկում է Այրում քաղաքը, Լճկաձոր, Արճիս, Պտղավան, Դեղձավան, Զորական, Դեբեդավան, Բագրատաշեն գյուղերը:

Հիշյալ համայնքների ղեկավարները խորհրդակցելով որոշել են, որ խոշորացված Այրում համայնքի ղեկավար առաջադրվի Արայիկ Պարանյանը, ով Պտղավան համայնքի ղեկավարն է: Ա. Պարանյանը նախկինում աշխատել է որպես ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի քրեական հետախուզության պետ: Այրում քաղաքի բնակիչները, սակայն, համայնքների ղեկավարների նշված որոշումը միանշանակ չեն ընդունել: Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ի ընտրություններում Այրում համայնքից 2 թեկնածու կառաջադրվի: Նրանցից մեկը մասնագիտությամբ փաստաբան է, մյուսը՝ գործարար: Սպասվում է, որ Այրում համայնքում նախընտրական թեժ պայքար է լինելու: Սուր մրցակցություն է լինելու նաեւ խոշորացված Նոյեմբերյան համայնքում, որն այժմ ընդգրկում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար, Ջուջեւան, Բաղանիս, Դովեղ եւ Բերդավան գյուղերը: Լարված մրցակցություն է սպասվում նաեւ Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում: Ազատամուտը նախկինում քաղաքատիպ ավան էր, 1996 թվականից գյուղի կարգավիճակ ունի: Սեպտեմբերի 18-ին Բերդ քաղաքում եւս կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Բերդի բնակիչների կարծիքով՝ նախընտրական պայքար չի ակնկալվում, քանի որ Բերդի գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանի վերընտրվելու հնարավորությունները մեծ են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
+40 ԱՍՏԻՃԱՆ ԿԼԻՆԻ
Օգոստոսի 10-ին Իրաքի տարածքից հանրապետություն կներթափանցեն արեւադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում երկրի ողջ տարածքում կհաստատվի բարձր ջերմային ֆոն: Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում: Օգոստոսի 10-ին նշված վայրերում սպասվում է +37…+38, օգոստոսի 11-13-ին՝ +39…+40:
Առաջիկա 5 օրերին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչի արդյունքում նախալեռնային եւ հովտային գոտիներում կհաստատվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

 

 

«ՍԱՆԻԹԵՔ»-Ի ՎՆԱՍՆԵՐԸ
Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով վնասվել էին «Սանիթեք» ընկերության աղբամանները:
ArmLur.am-ը փորձել է ընկերության հանրային հարաբերությունների ղեկավար Էլիանորա Շխրդմյանից պարզել՝ արդյոք նյութական կորուստները որեւէ կերպ փոխհատուցվե՞լ են եւ ում կողմից: Վերջինս տեղեկացրել է, որ վնասված աղբամանները «Սանիթեք» ընկերության միջոցներով փոխարինվել են նորերով: «Աղբամանները, որոնք այրվել են կամ ջարդվել, փոխարինվել են նորերով, ծառայությունը նորմալ ընթանում է»,- նշել է նա՝ չմասնավորեցնելով, թե արդյոք եղել է փոխհատուցում:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից 22-ը Երեւանի Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների կողմից վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, որոնցից 3-ը այրվել է եւ վերանորոգման ենթակա չէ: Միեւնույն ժամանակ նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից:




Լրահոս