ԾՈՎԱՓՆՅԱ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ` ԸՍՏ ՈՃԱԲԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառվա վերջին ամիսն է, եւ մենք ամեն կերպ փորձում ենք այն դարձնել ավելի վառ ու գունավոր: Որպեսզի տարին անմոռանալի լինի, շատերս շտապում ենք ծովափ, սակայն մինչ այդ մեզ սպասվում են որոշ «փորձություններ»` կապված հագուստի եւ համապատասխան աքսեսուարների ընտրության հետ: Ուստի ճիշտ կլիներ, եթե հանգստի մեկնելուց առաջ ծանոթանայինք ծովափնյա նորաձեւության կանոնների եւ վերջին միտումների հետ: Այդ հարցում մեզ կօգնի ոճաբան Արայիկ Գաբաջյանը:

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցում նշեց, որ ծովափնյա նորաձեւության միտումները որոշ չափով կրկնվում են, սակայն, այնուամենայնիվ, կան այնպիսիք, որոնք այս տարի առկա են, այնինչ՝ նախորդ տարի դրանք բացակայում էին: Օրինակ` եթե լողազգեստների կրծկալն ու վարտիքը անցյալ տարի առանձին էին ներկայացվում, ապա այս տարի նորաձեւության գրեթե բոլոր տները հանրության դատին հանձնել են մեկ ընդհանուր կտորից ստեղծված լողազգեստներ: Այս ամառ գերակշռող են միագույն լողազգետսները` հավելված կապերով, զարդերով, թանկարժեք քարերով կամ շղթաներով: Ոճաբանը նկատեց, որ այս սեզոնին ակտուալ են գրեթե բոլոր գույները, սակայն լողազգեստների պարագայում առավել նորաձեւ են վառ, նույնիսկ աչք ծակող երանգները: Միեւնույն ժամանակ, ինչպես բոլոր ժամանակներում, որպես «հաղթող» գույներ կարելի է առանձնացնել սեւն ու սպիտակը:
Ինչ վերաբերում է լողազգեստների գործվածքին, ապա այս տարի կիրառվել են ձգվող տիպի բոլոր գործվածքները, որոնց հետ օգտագործվել են նաեւ ցանցավոր, թափանցիկ ու կիսաթափանցիկ մատերիալներ: Հաճախ կարելի է հանդիպել էթնո ոճի եւ նախշերով գործվածքների համադրություններ: Ինչպես շեշտեց Ա. Գաբաջյանը, կինը պարտավոր է հատկապես լողազգեստի հարցում ճիշտ ընտրություն կատարել` ելնելով նաեւ իր կառուցվածքի առանձնահատկություններից. «Ոչ շատ հաջող կառուցվածք ունեցող կանայք պետք է միանշանակ ընտրեն փակ լողազգեստներ` առանց ավելորդ գույների ու համադրությունների: Մեծ կրծքեր ունեցող կանանց խորհուրդ կտամ ընտրել փակ կրծկալով լողազգեստներ: Գեր կանանց չի թույլատրվում կրել երկաթյա զարդերով (հատկապես գոտկատեղին տեղակայված) լողազգեստներ: Իսկ փոքր կրծքերով կանայք պետք է ընտրեն այնպիսի լողազգեստներ, որոնք ունեն սպունգով (push up) կրծկալներ, նրանց հակացուցված է կրել առանձնացված կրծկալով լողազգեստներ, սակայն, եթե, այնուամենայնիվ, ցանկությունը մեծ է, այդ դեպքում նրանք կարող են առանձնացված կրծկալով լողազգեստի վրայից կրել ծովափի համար նախատեսված հատուկ վերնազգեստներ»,-նշեց ոճաբանը:
Նա տեղեկացրեց, որ լողափին միշտ էլ ճիշտ է կրել հատուկ վերնազգեստներ, կլինեն դրանք թափանցիկ, թե կիսաթափանցիկ, մինի, թե մինչեւ հատակ հասնող, կարեւոր չէ. «Այս սեզոնին նորաձեւ են ցանցավոր գործվածքից վերնազգեստները, որոնք կնոջը ավելի ցանկալի եւ էկզոտիկ տեսք են հաղորդում»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է ծովափնյա պայուսակներին, ապա դրաք այս սեզոնին աչքի են ընկնում իրենց գունային բազմազանությամբ եւ դետալների առատությամբ. «Ինչպես լողազգեստների, այնպես էլ ծովափնյա պայուսակների պարագայում ակտուալ են էթնիկ նախշերը: Նորաձեւության տները առաջարկում են նաեւ ծղոտե գործվածքով պայուսակներ` զոլերով եւ աչքի ընկնող քիմիական գույներով»,-ասաց Ա. Գաբաջյանը:
Անդրադառնալով ծովափնյա գլխարկներին` նա նկատեց, որ այս ամառ նորաձեւ են լայնեզր ու վառ գույների մոդելները, որոնք կարող են պաշտպանել արեւի ճառագայթներից: Մոդայիկ են նաեւ լայնեզր, բայց չմշակված ծայրերով գլխարկները:
Ծովափնյա այս սեզոնին մի փոքր աղքատիկ է ակնոցի տեսականին: Գերակշռող են գունավոր եզրերով, թափանցիկ, հայելանման ապակիներով ակնոցները` ե՛ւ քառակուսի, ե՛ւ օվալաձեւ, ե՛ւ ֆորմաների մեջ: «Այս սեզոնին ճիշտ կլինի կրել թեթեւ, ոչ մեծ խնամք պահանջող ակնոց` առանց որեւէ զարդի կամ քարի հավելումների»,-ավելացրեց ոճաբանը:
Բոլոր այն կանանց, որոնք չեն կարողանում բաժանվել զարդերից, Ա. Գաբաջյանը խորհուրդ տվեց կրել թեթեւ, բնական գործվածքներից պատրաստված թեւնոցներ, ոտքի զարդեր, ոտքի մատանիներ: Այնուամենայնիվ, նրա խոսքով, ցերեկային ժամերին լողափին ցանկալի չէ կրել որեւէ զարդ:
Իսկ այն կանանց, որոնք պատրաստվում են մասնակցել ծովափնյա փարթիների ու երեկույթների, Ա. Գաբաջանը առաջարկեց կրել թեթեւ, «խաղացող» գործվածքից, վառ գույնի, արդուկի կարիք չունեցող թեմատիկ հագուստներ` չծանրաբեռնելով պարանոցն ու ականջները ծանր զարդերով:

 

 

 

 
«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԵԶ ՇԱՏ ԵՆ ՀԻՄԱՐԻ ՏԵՂ ԴՐԵԼ»

«Տնփեսա» սիթքոմից եւ մի շարք ֆիլմերից հայտնի դերասան, Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ Վահագն Գալստյանին հեռուստադիտողները վերջին շրջանում տեսնում են «Վենդետտա» բազմասերիանոց ֆիլմաշարի շրջանակներում` նոր, հետաքրքիր կերպարում:

Թերեւս շատերը կվկայեն, որ նախկին հումորային դերերից հետո անցումը քրեական կյանքով ապրող եսասեր տղամարդու կերպարին բավական կտրուկ էր: «Մարմնավորում եմ մեկին, որը անտարբեր է ամեն ինչի նկատմամբ, չի աշխատում, բայց ունի կարողություններ, նա, իմ համոզմամբ, մեր ժամանակների ցինիկն է, որին ամեն բան պատրաստի հրամցվել է, եւ նա դարձել է, այսպես ասած, անաղուհաց շուն: Ինչ վերաբերում է նշված անցումին, ապա ասեմ, որ միշտ փորձում եմ չկրկնել իմ նախորդ կերպարներին, ինձ դուր են գալիս այն դերերը, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնելու միանգամայն այլ խառնվածքի տեր մարդու. այդ կերպ դերասանը չի դոփում տեղում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Վահագնը: Նա նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է հանդես գալ նոր կինոկատակերգությունում, որտեղ եւս կփորձի կերտել տարբերվող կերպար:
Դերասանը, որը խաղում է Նարեկ Դուրյանի «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման մեջ, մեզ պատմեց, որ իր գործընկերոջ` Արտաշես Մխիթարյանի հետ նոր ներկայացում են բեմադրում` Ֆրենսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» պիեսի հիման վրա: Իսկ պիեսի ընտրությունը պատահական չի եղել. «Ես այս երկրի քաղաքացի եմ, ուստի պետք է ունենամ նաեւ իմ քաղաքացիական դիրքորոշումը: Այնպես ստացվեց, որ մեր երկրում մեզ շատ են հիմարի տեղ դրել, իսկ եթե հավատանք Վեբերի գաղափարներին, հիմարը նա է, ով դիմացինին է հիմարի տեղ դնում: Այս ներկայացման մեջ ես խաղալու եմ հիմարի դեր, որին հարուստները հրավիրում են ընթրիքի, որպեսզի ծաղրուծանակի ենթարկեն, իրենց ժամանակը լցնեն, բայց հետո հենց իրենք են հայտնվում հիմարի իրավիճակում»,-մեկնաբանեց Վահագնը` հավելելով, որ ներկայացումը պատրաստ կլինի հոկտեմբերին, այն կխաղան Դրամատիկական թատրոնում:
Դերասանի համոզմամբ` եթե կա վտանգ, թատրոնը պետք է բարձրաձայնի դրա մասին. «Թատրոնը խոսում է քո ցավի մասին, որ դու ճիշտ բժշկի դիմես: Ես չէ, որ պետք է խոսեմ այն մասին, թե մեր երկիրն ինչ ճգնաժամի մեջ է հայտնվել: Իսկ եթե այս երկրի մի մասնիկն ես, չես կարող անտարբեր ացնել այդ վտանգների կողքով: Իմ սիրտը ցավում է, ու ես կուզենայի ավելի շատ խաղալ ներկայացումներում, որտեղ կխոսվեր մեր հաղթանակների մասին»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՂԹՈՂ Է ԴԱՐՁԵԼ
Մոսկվաբնակ 27-ամյա Նիկիտա Մնդոյանցը դարձել է ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում (Օհայոյի նահանգ) անցկացված դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթող: Մնդոյանցի կողմից Բեթհովենի դաշնամուրի եւ նվագախմբի համար չորրորդ կոնցերտի կատարումը գերել է ժյուրիին: Երկրորդ տեղը բաժին է հասել 20-ամյա իտալացի Լեոնարդո Կոաֆելիչեին: Ժյուրիի որոշման համաձայն՝ երրորդ տեղը գրավել է 27-ամյա ուկրաինուհի Դինարա Քլինթոնը: Մրցանակակիրների ցուցակը եզրափակել է ռուսաստանցի եւս մեկ դաշնակահար՝ 28¬ամյա Գեորգի Չաիձեն:
Նշենք, որ 1975 թվականին հիմնված դաշնակահարների միջազգային մրցույթը Քլիվլենդում անցկացվում է երկու տարին մեկ: Դրան մասնակցում են 30-ից ոչ բարձր տարիքի երաժիշտներ: Գլխավոր մրցանակը 75 հազար դոլարի չափով դրամական պարգեւն է եւ Նյու Յորքում մենահամերգով հանդես գալու իրավունքը:

 

 

ԱՐՄԻՆԿԱՆ ԿՕԳՆԻ ԱՆԴՐԵԻՆ
Ամիսներ առաջ երգիչ Անդրեն իր երկրպագուներին տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում մեկնարկում է նոր երաժշտական նախագիծ, այն կկոչվի «ANDREnaline»։ Շոուի նպատակն է Լոս Անջելեսում երիտասարդ հայ տաղանդների ի հայտ բերելը, այն մասնակիցների համար աստղային ճանապարհ կհարթի դեպի մեծ բեմ: Այժմ արդեն հայտնի է, որ նախագիծը սկսվել է, իսկ Անդրեին նոր տաղանդներ գտնելու հարցում օգնում է երգչուհի Արմինկան: Վերջինիս ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ նա ընդգրկված է «ANDREnaline» շոուի ժյուրիի կազմում:

 

 

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Վուդի Ալենի նկարահանած նոր սերիալի պրեմիերան կկայանա սեպտեմբերին: Gazeta.ru-ն նոր մանրամասներ է հայտնել նշյալ նախագծի վերաբերյալ, որի շրջանակում նկարահանվել է սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը: Այսպիսով` հայտնի է դարձել, որ 6 մասից բաղկացած, կես ժամ տեւողությամբ սերիալը կոչվում է «Ճգնաժամ՝ 6 տեսարաններում»: Սերիալում գործողությունները ծավալվում են անցած դարի 60-ական թվականներին: Սյուժեի համաձայն՝ միջին խավը ներկայացնող ընտանիքի տանը հյուրընկալված մարդը տակնուվրա է անում նրանց կյանքը: Ի դեպ, Սայրուսից բացի` նախագծում նկարահանվել է նաեւ ինքը՝ Վ. Ալենը, ով առաջին անգամ է հանդես գալիս սերիալում:




Լրահոս