Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-իտալական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում: 
Բրունո Սկապինին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և նշել, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերություններն այս ընթացքում զարգացել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային ու հումանիտար բնագավառներում: ՀՀ-ում Իտալիայի դեսպանը հիշեցրել է, որ այս ընթացքում ստեղծվել է նաև հայ-իտալական առևտրային պալատը, որը հնարավորություն կտա Հայաստան ներգրավել իտալական նոր ընկերություններ և ներդրումներ: Սկապինիի խոսքով՝ տարեցտարի մեծանում է իտալացի զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր, ինչը երկու ժողովուրդների կապերի ամրապնդման լավագույն ուղիներից մեկն է: 
Բրունո Սկապինին տեղեկացրել է նաև, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Վերոնայում կազմակերպել հայկական երաժշտության մեծ երեկո: 
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար, և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ: 




Լրահոս