ՕՐ ՕՐԻ ՎՐԱ ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուսիսարեւելյան զորամասի դիրքերում ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձել է ապրիլյան պատերազմից հետո սահմանային իրավիճակին եւ անվտանգության ապահովման առավել արդյունավետ միջոցների կիրառմանը:

Թե ապրիլյան պատերազմից հետո ինչ դասեր են քաղել ՀՀ զինված ուժերը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հյուսիսարեւելյան զորամասի հրամանատար Հրայր Աթոյանից:
-Պարո՛ն Աթոյան, ապրիլյան պատերազմական գործողություններից հետո, կարծես թե, քայլեր են արվում սահմանում անվտանգությունն ուժեղացնելու համար: Որքանո՞վ են այսօր մեր ահմաններն ավելի լավ պաշտպանվում, քան, օրինակ, ապրիլի սկզբին:
-Քառօրյա պատերազմից մենք օրինակներ ենք քաղել: Հենց այս պահին երեք ուղղությունով շատ լուրջ տեպրովիզորներ է տեղադրվում, հիմա առաջնագիծը պարզ երեւալու է 4-5 մետր հեռավորության վրա, բացի այդ շատ լուրջ համալրվել ենք անհատական տեպրովիզորներով: Շինարարական առումով ամրապնդում ենք դիրքերը, որն օր օրի վրա արդեն ցույց տվեց, որ հա՛մ դիվերսիոն խմբի գործողություններով ենք փորձում առաջնագիծը հատել, հա՛մ էլ հրետանիով: Մարտական պատրաստվածության ծրագրերի բոլորի հիմքը դրել ենք հատուկ նշանակային զորքերով, նրանց ծրագրով ենք առաջնորդվում, դրանից հետո ամեն օրինակն էլ հաշվի ենք առել ու անում ենք այն ամենը, որ մեր զինվորի մատը փուշ չմտնի, մեր սահմանը ամուր լինի:
-Քառօրյա պատերազմից կոնկրետ ի՞նչ դասեր եք քաղել:
-Ցանկացած դեպքից հետո դասեր ենք քաղում: Օրինակ՝ իմ տարիքը չի հերքիացրել, սովորել եմ բոլոր զինվորական ուսումնական հաստատություններում, բայց պատերազմ չեմ տեսել, գործնականում չեմ տեսել նման ծավալով հարձակում, բայց կարող եմ ասել, որ այն, ինչ որ ես սովորել եմ, այդ ամենը երբ վեր եմ լուծում, տեսնում եմ, որ մեր զինվորն այսօր փորձեց, կարողացավ մարտում անսպասելիորեն ժամանակակից տեխնիկայով հարձակում գործած հակառակորդին կանգնեցնել: Փառք ենք տալիս, ցավում ենք մեր կորցրած զինվորների համար, այդ ժամանակ 5 զինվոր էլ ես եմ կորցրել, 6 զինվոր էլ վիրավոր եմ ունեցել, փառք իրենց շիրիմներին: Այսօր մեր զինվորը կարողացավ իր առջեւ դրված խնդիրը կատարել: Այդ քանակությամբ զոհ նման ժամանակահատվածում, նման տեխնիկայուվ, սպառազինությամբ… հանկարծակի ցանկացած հարձակվող միշտ շահած է դուրս գալիս, ոչ թե նման ձեւ, նրանք ավելին էին սպասում, բայց չկարողացան մեր հրամանատարների եւ զինվորների շնորհիվ:
-Պարո՛ն Աթոյան, իսկ եթե, Աստված մի արասցե, նմանատիպ նոր հարձակում լինի, մենք պատրա՞ստ ենք այն ավելի գրագետ եւ առանց զոհերի ետ մղել:
-Իհարկե, պատրաստ ենք պատերազմի: Մենք օր օրի վրա ավելի պատրաստ ենք լինելու:
-Ապրիլյան թեժ օրերին շատ պատգամավորներ, քաղաքական գործիչներ կամավոր մեկնեցին Արցախ՝ սատարելու հայ զինվորին: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն այդ օրերին հենց Ձեր վաշտում էր: Ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերվել նրա կողմից:
-Սեյրան Սարոյանը եղել է 1994 թվականին այստեղի հրամանատարը: Այդ օրերին նա եկել է իմ մոտ` իր երկրապահ աշխարհազորայինների, կամավորակների հետ` 200 հոգով: Ինքը ընդամենը իր փորձով, խորհուրդներով իմ զինվորների հետ կանգնել է դիրքերում, ծառայություն են իրականացրել: Նա իր անցած ճանապարհով եղել է իմ կողքին կանգնած:
-Պարո՛ն Աթոյան, ապրիլյան թեժ օրերին Ձեր զորամասում ինքնասպանություն էր տեղի ունեցել, սակայն շատերն այդ վարկածը հերքում են` նշելով, որ տեղի ունեցածը սպանություն էր: Ի վերջո, իրականում ի՞նչ էր պատահել:
-Չէ՛, չէ՛, նման դեպք չի եղել մեր զորամասում: Աստված չանի, մեր զինվորի մատը փուշ մտնի:
-Իսկ ի՞նչ է եղել, գուցե հակառակորդի կողմի՞ց է եղել:
-Իմ տարածքում հակառակորդի կողմից էլ չի եղել, մարտական գործողություններ են, ընդգրկված են եղել որոշ ստորաբաժանումներ:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ԵԼՔԸ ԱՌԿԱ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՊՐՈՑԵՍԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՆ Է

Նախօրեին Բաքվում կայացած Իլհամ Ալիեւ-Վլադիմիր Պուտին հանդիպումից երկու օր անց՝ այսօր Մոսկվայում կայանալիք Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից ակնկալիքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Ալիեւ-Պուտին հանդիպումը, դատելով հրապարակումներից, բավականին ջերմ մթնոլորտում է անցել, մեզ համար ի՞նչ անակնկալ պայմանավորվածութուններ կարող էին ձեռք բերվել այդ հանդիպման ընթացքում:
-Հայաստանի համար Ադրբեջանի հետ կապված յուրաքանչյուր վտանգ էքզիստենցիալ է՝ գոյութենական: Սեղանին է Կազանից ավելի վատթար փաստաթուղթ: Ռուս-ադրբեջանական որեւէ մերձեցում այս համատեքստում վտանգ է հենց Հայաստանի գոյությանը: Մնացած վտանգներն ածանցյալ են:
-Նշվեց, որ խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել երկու երկրներին գտնել կարգավորման անհրաժեշտ եզրերը: Նկատի առնելով մի կողմից Իրան Ադրբեջան-Ռուսաստան նոր առանցքի ձեւավորումը, մյուս կողմից ռուս-թուրքական հարաբերությունների վերաջերմացումը՝ ի՞նչ կարող ենք ակնկալել այսօր կայանալիք Սարգսյան-Պուտին հանդիպումից, արդյո՞ք ՀՀ վրա ճնշումները կմեծանան:
-Հայաստանն այնպես է իրեն պահում, որ ճնշման մասին արդեն անիմաստ է խոսելը: Ճնշում են գործադրում ընդդիմացողմերի վրա: Որտե՞ղ եք ընդդիմություն տեսել Հայաստանի վարքագծում: Հուլիսի 17-ն ու դրան հաջորդած դեպքերից հետո ինչ պետք է անի իշխանությունը, հնարավոր է, որ խմբավորման անդամների մեսիջը տեղ չհասնի, եւ վաղվա հանդիպմամբ վճռվի ԼՂՀ-ի ապագան, ու որոշումը ի վնաս մեզ լինի: Ի՞նչ մեսիջի տեղ հասնելու մասին է խոսքը: Կարծում եք՝ «Սասնա ծռերի» գործողությունն ինչ-որ բա՞ն է փոխել իշխանության համոզմունքում: Չկա նման բան: Ընդհակառակն՝ ավելացել է իշխանության վճռականությունը՝ առավել չոր արձագանքելու: Ցավոք սրտի՝ ներկա բովանդակությամբ վարվող բանակացություններից Հայաստանը ոչ մի շանս չունի չպարտված դուրս գալու: Երեկվա, այսօրվա եւ վաղվա հանդիպումները միայն արագացնում են այդ պարտությունը: Հայաստանի միակ ելքը առկա բանակցային պրոցեսից դուրս գալն է եւ նոր ձեւաչափի ձեւավորումը: Պետք է մեկընդմիշտ հրաժարվել այն մտայնությունից, որ Հայաստանը պետք է ինչ-որ տարածք զիջի՝ հանուն որեւէ բանի, թեկուզ՝ խաղաղության երդումների: Պետք է ընդհանրապես դուրս գալ այն մտայնությունից, որ Ադրբեջանի հետ ընդհանրապես համաձայնությունը հնարավոր է: Դա ֆանտաստիկա է, որին միայն Հայաստանում են հավատում: Ադրբեջանում, օրինակ, ընդհանրապես չեն հավատում, որ Հայաստանն ու հայերը գոյության իրավունք ունեն: Այս իրականությունում մեզանում իշխող տարօրինակ եւ ինքնասպանական մտայնությունները զավեշտալի կլինեին, եթե չլինեին այսքան ողբերգական:

Զրուցեց ԼԻԼԻԹ ՇԱԲՈՅԱՆԸ

 

 

 
ԳՈՒՅՔՆ Է ՎԱՃԱՌՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ աճուրդի է հանվել «Թալգրիգ» ընկերության գրավադրված անշարժ գույքը: Նշենք, որ ընկերության գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում, որի մեկնարկային գները սահմանել է հենց բանկը: Դրանք հիմնականում շենք-շինություններ են, մեկնարկային գները սկսում են 24 մլն 722 հազար դրամից: Օրինակ՝ աճուրդի է հանվել լաբորատոր մասնաշենք, որի մեկնարկային գինը սկսում է 297 մլն 400 հազար դրամից: Կա նաեւ լաբորատոր կենցաղային մասնաշենք, որի նախնական արժեքը 161 մլն 845 հազար դրամ է: «ՎՏԲ Հայաստան» բանկում «Թալգրիգի» գրավադրված անշարժ գույքերի աճուրդը տեղի կունենա օգոստոսի 30-ին:

 

 

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ Արագածոտնի մարզի «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Շմավոնյանը կարգապահական տույժի է ենթարկվել: Բանն այն է, որ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի՝ այս տարվա հունիսի 22-ի կարգադրությամբ վերոնշյալ բժշկական կենտրոնում ներքին աուդիտ է անցկացվել: Արդյունքում հայտնաբերվել են թերություններ, խախտումներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մարզպետ Գյոզալյանը, հաշվի առնելով ներքին աուդիտի նախնական հաշվետվության արդյունքները, աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժի է ենթարկել եւ խիստ նկատողութուն է հայտարարել Շմավոնյանին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հայկ Շմավոնյանից, սակայն ապարդյուն:

 

 

ՊԵԿ-Ը ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ Է ԳՆԵԼ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունիսի 20-ին «Դելտա-Դայանա» ընկերության հետ գույքի ձեռքբերման պայմանագիր է կնքել: Ըստ այդմ, ՊԵԿ-ը գնել է 6 հատ հեռուստացույց: Դրանցից 3-ը «Toshiba 32» մոդելի հեռուստացույցներ են, որոնցից յուրաքանչյուրի համար ՊԵԿ-ը վճարել է 180 հազար դրամ: Գնել են նաեւ 2 հատ «Samsung 40H5100» մոդելի հեռուստացույց, որոնցից յուրաքանչյուրի համար վճարվել է 226 հազար դրամ, իսկ 1 հատ «Samsung 48j5200» մոդելի հեռուստացույցի համար վճարել են 350 հազար դրամ: Այսպիսով ՊԵԿ-ը 6 հատ հեռուստացույցի համար պետբյուջեից ծախսել է ընդհանուր 1 միլիոն 342 հազար դրամ: Թե ինչ պիտի դիտեն, դեռ պարզ չէ:




Լրահոս