ՀԱՅՀՈՅԵԼՈՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավվման շուրջ Երեւանում հուլիսի 17-ից 31-ը տեղի ունեցածը, ինչպես ցանկացած իրադարձություն, անհրաժեշտ է գնահատել արդյունքներով:

ՊՊԾ գունդը «Սասնա ծռերի» կողմից գրավելու պատմության արդյունքում Հայաստանն ունեցավ երկու զոհ, հարյուրից ավել վիրավորներ, որոնց թվում 17 տարեկան մի պատանի մեկ աչքը կորցրեց, հարյուրից ավել քաղբանտարկյալներ, որոնց թվում են քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ, նախկին ազատամարտիկներ եւ այսպես շարունակ: Հայաստանի ղեկավարությունը պաշտոնանկ արեց իրավապահ համակարգի երկրորդ օղակի ղեկավար կազմի մի քանի ներկայացուցիչների, հերթական անգամ հայ հանրությունն արձանագրեց, որ Հայաստանի ներկա իշխանությունների համար բարձրագույն արժեքն իրենց պաշտոնները պահպանելն է, իսկ ՀՀ քաղաքացու կյանքն ու առողջությունը նրանց համար մանրադրամի արժեք անգամ չունի:
Հայաստանի հանրային գիտակցության մեջ ձեւավորված կարծրատիպ է դարձել այն միտքը, որ իշխանության դեմ ուղղված ցանկացած գործողություն ողջունելի է: Ենթադրվում է, որ այն թուլացնում է իշխանություններին` մոտեցնելով այդքան բաղձալի իշխանափոխությունը: Իսկ այն տարբերակը, որ իշխանությունների դեմ ուղղված որոշ գործողություններ վերջիններիս համար կարող են ձեռնտու լինել, նույնիսկ եթե այն ազնիվ մղումներով թելադրված լինի, քննարկման առարկա չի էլ դառնում: Մարդիկ չեն ցանկանում հավատալ, որ օր ու գիշեր, անդադար Սերժ Սարգսյանին հայհոյող, իր կեցվածքի համար պարբերաբար բռնության եւ բանտարկության ենթարկվող քաղաքական գործիչը կամ քաղաքացիական ակտիվիստն իր գործողություններով ակամա սպասարկում է իշխանությունների շահերը: Սակայն ողջ դժբախտությունը հենց այն է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտի խաղացողների մեծ մասն իրենց գործողություններով ակամա հետաձգում են իշխանափոխությունը:
Ինչպես, բացատրենք: Երբ հարթակներից քաղաքական խոսք է հնչում` հստակ ծրագրով ու ապագայի տեսլականով, հրապարակում մարդկանց թիվն աճում է, իսկ առանց քաղաքական խոսքի հրապարակը անմիջապես դատարկվում է, եւ էական չէ, թե բանախոսներն իշխանությունների հասցեին որքան կոշտ որակումներ կհնչեցնեն:
Հաջորդ իրողությունը, որը հին ընդդիմադիրները չեն կարողանում ընկալել, այն է, որ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում արտահերթ ընտրությունների պահանջով բողոքի ցույցերն իրականում ձեռնտու են իշխանություններին: Այդ «շարժումները» հաջողությամբ պսակվելու գրեթե զրոյական հնարավորություն ունեն: Իհարկե, երբ ցույցերին 5 կամ 10 հազար մարդ է մասնակցում, այդ փաստը ինչ-որ տեղ իշխանությունների համար տհաճ զգացողություններ է առաջացնում, սակայն ոչ ավել: Փոխարենը լիցքաթափում է հանրության շրջանում կուտակված հակաիշխանական էներգիան, հասարակության ակտիվ անդամներին կրկին հիասթափության դոզա են ստանում եւ այսպես շարունակ:
Նորանկախ Հայաստանում մինչ օրս չի եղել որեւէ համապետական ընտրություն, որի նախորդող շրջանը «արտահերթերով» համեմված չլինի: Իհարկե, քաղաքական գործիչները կարող են ասել, որ իշխանություններն ընտրությունները կեղծելով են իրենց դիրքը պահպանել, ինչպես կարող են իրենք այդ փաստի հետ համակերպվել: Իրականում ամեն մի ընտրություն ունենում է իր ընդդիմադիր առաջնորդին կամ առաջատար քաղաքական ուժին, եթե վերջիններս իրենց տրված քվեն հենց ընտրական փուլում չեն կարողանում վերածել փաստացի իշխանության` հենց մասսաների ազդեցությամբ, ապա ավելի ազնիվ կլինի «պարտությունն» ընդունելը` պատրաստվելով հաջորդ ընտրություններին: Անհրաժեշտ է, որպեսզի մարդկանց մեջ կուտակված հակաիշխանական էմոցիան ընտրական փուլում դրսեւորվի, այդ դեպքում արդեն որքան էլ իշխանությունները ջանան, չեն կարողանա իրենց դիրքերը պահպանել: Ընտրությունների միջեւ ընկած ժամանակաշրջանի «զինադադարի» պայմաններում ընդդիմադիր քաղաքական ուժերի հնարավորությունները` մարդկային ռեսուրսների տեսանկյունից, իշխանությունների համար կդառնան անկանխատեսելի: Այլ կերպ ասած՝ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը հետեւություն կատարեն նախորդ երկու տասնամյակի փորձից: Ի վերջո, չի կարելի անընդհատ գլխով հարվածել պատին, դրա համար հարկավոր է հատուկ գործիքներ ունենալ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆՈՐ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Երեկ գրել էինք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննում է 2015-ի հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ նպատակաուղղված բռնություն կիրառելու փաստերը: Մեկ տարի անց չորս ոստիկանների մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործով առաջիկայում նոր մեղադրյալներ եւս կներգրավվեն: Փաստացի, ՀՀ իշխանությունները ընդունում են, որ այս տարվա հուլիսի 29-ի երեկոյան դեպքերը, երբ ոստիկանները նպատակաուղղված բռնություն էին կիրառում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ, իրենց անգործության հետեւանքն էր: Եթե ՀՔԾ-ն մեկ տարի առաջ ոստիկաններին պատժեր՝ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու համար, ապա հուլիսի 29-ի դեպքերը չէին լինի:

 

 

ՆՈՏԱՐ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Մեկուկես ամսից Հայաստանի՝ շուրջ 700 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Լոռու մարզում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին: Մեր տեղեկություններով՝ Տաշիրի գործող քաղաքապետ էդգար Արշակյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: Ավելին՝ նրան հաջողվել է ՀՀ իշխանություններին համոզել, որպեսզի հենց ինքը լինի իշխանական թեկնածուն: Ստեփանավանում էլ իշխանական թեկնածուն լինելու է գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Նշենք, որ Վանաձորում հոկտեմբերի 2-ին տեղի կունենան ավագանու ընտրություններ: Վանաձորի ավագանու ՀՀԿ-ի թեկնածուների ցուցակը գլխավորելու է նոտար Մամիկոն Ասլանյանը:

 

 

ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Գրեյթ Վելի» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Ի դեպ, ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան էին դիմել ընկերության աշխատակիցները: Մասնավորապես՝ դատարան էին դիմել ընկերության իրավաբանը, հաշվապահը, կոմերցիոն բաժնի ղեկավարը եւ այլ պաշտոն զբաղեցնող աշխատակիցներ: Բանն այն է, որ ընկերությունը չի վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը: Իսկ նրանք տեւական ժամանակ բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ աշխատավարձերը վճարելու պահանջով: Եւ դատարանը բավարարել է աշխատակիցների պահանջը՝ այս տարվա փետրվարի վերջին սնանկ ճանաչելով ընկերությանը: Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին, որը հետեւողականորեն հերքում է, թե իր գործերը լավ չեն:

 

 
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան ալ Քաբանդիին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար եւ բարձր գնահատել ավելի քան չորս տարիների ընթացքում երկկողմ կապերի զարգացմանը միտված դեսպանի հետեւողական ջանքերը, ինչի շնորհիվ հայ-քուվեյթյան երկկողմ հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի:

 

 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները տեւել են երկու ժամ, որից հետո նախագահները սկսել են երկկողմ համագործակցության հարցերը քննարկել ընդլայնված կազմով: Ռուսական կողմից ընդլայնված ձեւաչափով բանակցություններին մասնակցել են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Թուրքական պատվիրակության կազմում են եղել Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը, մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Նաբի Ավջին, Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը, Թուրքիայի փոխվարչապետ Ահմեդ Շիմշեքն ու երկրի հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը:

 

 

ՉԻ ԲԱՐՁՐԱՆԱ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 9-ին «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի կողմից մամուլի ասուլիսում հայտարարված եւ մամուլում հրապարակված լուրը՝ էլեկտրական էներգիայի սակագինը 3 ամսից բարձրանալու վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը եւ զուրկ է որեւէ տնտեսական եւ իրավական հիմնավորումից. «Մասնավորապես, էլեկտրական էներգիայի գործող սակագները ուժի մեջ են մտել սույն թվականի օգոստոսի 1-ից եւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ չեն կարող վերանայվել առնվազն 6 ամսից շուտ: Բացի այդ՝ գործող սակագները հանձնաժողովը հաշվարկել է տարեկան ցուցանիշների հիման վրա, եւ մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը սակագների վերանայում չի նախատեսում»:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին հանդիպում է ունեցել հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր: ԼՂՀ նախագահը կարեւորել է նման հանդիպումները՝ նշելով, որ լայն քննարկումները հնարավորություն են տալիս հաշվի առնել տարբեր կարծիքներ ու գաղափարներ, ինչը պահանջված է հատկապես սահմանադրական բարեփոխումների իրականացման ժամանակ:




Լրահոս