Կար ժամանակ, երբ Երգի պետական թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչները համալրում էին շոու-բիզնեսի դաշտը, ամենաշատն էին երեւում էկրաններին, ինչու ոչ` համարվում էին նաեւ ճաշակ թելադրող արտիստներ: Այսօր, սակայն, իրավիճակը փոխվել է: Նրանցից շատերը ընտրել են հեշտ ճանապարհով գումար վաստակելու ուղին, իսկ մի ստվար զանգված էլ անհետացել է ասպարեզից: Վերջիններիս թվում է նաեւ երգիչ Տիգրան Պետրոսյանը: Նա 1997թ. մասնակցեց «Այո», 2005թ.` «Կռունկ» համահայկական երգի մրցույթ-փառատոներին եւ արժանացավ «Լավագույն երգիչ» մրցանակին, ապա` «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ձայնասկավառակ» մրցանակներին եւ այլն: Ավելի ուշ Տիգրանն ԱՄՆ-ում անցավ մասնագիտական դասեր` վերապատրաստվելով որպես ձայնային ռեժիսոր: Դրանից հետո նրան հազվադեպ կարելի է տեսնել ասպարեզում: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել` որտեղ է երգիչն այժմ եւ ինչով է զբաղված:
-Տիգրա՛ն, չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ Ձեզ տեսել բեմում:
-Ես էլ չեմ հիշում (ծիծաղում է): Վերջին անգամ դա եղել է Հայոց բանակին նվիրված համերգի օրը: Իսկ, առհասարակ, երաժշտության հետ կապված որեւէ գործունեություն ինձ համար իմաստազրկվել է: Ռաբիս, միանշանակ, չեմ երգելու, իսկ այն, ինչ ես կցանկանայի երգել, եկամտաբեր չէ: Դա էլ մեր մեդիաների «շնորհքն է», քանի որ վերջիններս չեն խրախուսել այն էստրադան, որը ժամանակին եղել է: Իսկ մենք ունեցել ենք լավ էստրադա: Փորձեք 80-ականների ու 2010-ից հետո ստեղծված էստրադային գործերը համեմատել. դրանք կշեռքի նժարին անգամ չի կարելի դնել: Հիմա շատ քիչ որակյալ պրոդուկտ կարելի է առանձնացնել. մնացածը թափելիք է, որը խրախուսվեց կառավարության կողմից: Այն, ինչ հիմա մատուցվում է, միշտ էլ եղել է, բայց եղել է իր տեղում, իսկ հիմա էլ իր տեղում չէ: Ո՞վ է ասել, որ հարսանիքներին, ծնունդ-կնունքներին միայն ռաբիսի ներքո է հնարավոր պարել: Ասում են` բա ինչի տակ պարենք: Պատասխանեմ` մեր ազգագրական երգերի, մեր ֆոլկլորի, որը հրաշք է: Ես մի անգամ ներկա էի հարսանիքի, որի ժամանակ Մրոն (Արսեն Գրիգորյան) իր խմբով մատուցեց ազգագրական երգեր… Նա ուղղակի մի «խելագարություն» արեց… Մենք երջանկությունից լացում էինք` մտածելով, որ հնարավոր է նման բան… Բայց որպեսզի դա տեղի ունենա, նախ հարկավոր է ունենալ ցանկություն:
-Հետաքրքիր է` հիմա կոնկրետ ինչո՞վ եք զբաղված:
-Հանրային ռադիոյի գլխավոր ձայնային ռեժիսորն եմ: Ստուդիայի հետ իմ կապն այդպիսով պահպանվել է:
-Երգի պետական թատրոնում անցկացրած տարիները չե՞ք կարոտում:
-Իհարկե, կարոտում եմ, շատ… Այն ժամանակ լրիվ այլ կերպ էինք պատկերացնում մեր ապագան էստրադայի ոլորտում: Հիմա այդ բնագավառը ստից բան է դարձել: Չեմ կարծում, թե այն ժամանակվա մթնոլորտը երբեւէ հնարավոր է վերականգնել. հիմա շատ բան արժեզրկվել է:
-Իսկ թատրոնի Ձեր սերնդակիցների հետ կապը պահո՞ւմ եք:
-Հա, բայց չի ստացվում երկարատեւ դարձնել այդ կապը: Շատ քիչ մարդիկ կան, որոնք ինձ համար մնացել են այնպիսին, ինչպիսին ես գիտեմ, ինչպիսին ես նրանց սիրել եմ ու մինչեւ հիմա էլ սիրում եմ: Նրանք հիմնականում փոխվել են, իրենց երաժշտությունն էլ է փոխվել…
-Դուք քաջատեղյակ եք ոլորտի բացերից, այնինչ Ձեր որդին իր ուժերը փորձում է հենց երգարվեստի ոլորտում, «Դետք» խմբի անդամ է (Արման Պետրոսյան), հետաքրքիր է` խրախուսո՞ւմ եք նրա մուտքը այդ ասպարեզ:
-Ես ամեն կերպ խմբի տղաների կողքին եմ, եւ մենք պայքարում ենք, որ նրանք չմտնեն այն ամենի մեջ, ինչի մասին խոսում էի: Մենք անում ենք ամեն բան, որ տղաները լավ երաժշտություն մատուցեն, վոկալի տեսանկյունից ավելի «ամրանան»: Սփյուռքի իմ ընկերներն ասում են, որ իրենց զավակները, մեծ մասամբ` պատանիները, փորձելով հարաբերվել արդի հայկական երգարվեստի հետ՝ հենց «Դետք» են լսում: Դա ինձ ուրախացնում է:
-Բայց չէ՞ որ կան դժվարություններ, որոնց մասին Դուք ինքներդ նշեցիք:
-Այո, դժվար է, շատ դժվար է… Բայց հիմա տղաները չեն մտածում փող աշխատելու մասին, փորձում են իրենց գործունեությունը բիզնեսի հետ չկապել, այլ լավ գաղափարի:
-Տիգրա՛ն, ո՞ր դեպքում կվերադառնաք բեմ:
-Երբ հասկանամ, որ պետք եմ…
ԿՐԻՄԻՆԱԼ ՔՈՄԵԴԻ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Շուտով հայկական կինոյի պատմության մեջ առաջին անգամ կներկայացվի նոր` կրիմինալ քոմեդի ժանրի ֆիլմ: «3+2 կգ» անունը կրող կինոկատակերգությունը, որտեղ նկարահանվել են Արման Նավասարդյանը, Արթուր Պապիկյանը, Սարգիս Գրիգորյանը, Արման Գեւորգյանը, Կորյուն Մայիլը եւ այլք, Երեւանի կինոթատրոններում կհայտնվի սեպտեմբերի 15-ից:
Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ֆիլմի գլխավոր դերակատարներից Արմանը Գեւորգյանը: Թե ինչու է կինոնկարը կոչվում «3+2 կգ», նա դեռեւս չցանկացավ բացահայտել` նշելով, որ այդ անվանումն անմիջական առնչություն ունի ֆիլմի սյուժեի հետ: Դերասանը խոստացավ, որ հանդիսատեսը հնարավորություն կունենա ականատեսը լինելու աշխարհում լայն տարածում ունեցող ժանրի հայկական «դրսեւորումներին» եւ իրավիճակային հումորներով համեմված հետաքրքիր մի պատմության. «Ֆիլմը երեք մաքուր, անդավաճան ընկերների մասին է, որոնք իրենց կամքից անկախ` հայտնվել են կեղտոտ քրեական խաղերի մեջ»,- մանրամասնեց Արմանը:
Cinemayil production-ի հայկական արտադրության այս ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերը Կորյուն Մայիլն է (Կորյուն Մկրտչյան)` նույն ինքը` երեխաներին քաջ հայտնի Քեռի Մուլտիկնիկը: Ի դեպ, սա թվով երկրորդ ֆիլմն է, որի շրջանակում Կորյունը հանդես է գալիս որպես ռեժիսոր. առաջինը «Նախաճաշ երկուսի համար»-ն էր:
Արմանը պատմեց, որ ստեղծագործական կազմը ֆիլմի վրա սկսել է աշխատել փետրվարից: «Կարելի է ասել, որ կինոնկարը ունի նաեւ դաստիարակչական բնույթ. այն կփորձի երիտասարդներին հետ պահել քրեական խաղերի մեջ մտնելուց»:
Դերասանի խոսքով` ծրագրվում է առաջիկայում ֆիլմը Հայաստանի մարզերում եւ արտերկրում ներկայացնել:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ»` ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Սյունեցիները հերթական անգամ կհամախմբվեն «Սյունյաց ավանդույթներ» փառատոնի շուրջ` ներկայացնելով Սյունյաց աշխարհի մշակույթը, խոհանոցը, ավանդույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամենամյա փառատոնը կմեկնարկի օգոստոսի 12-ին, Գորիսում: «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով` փառատոնի նպատակը եւս մեկ անգամ Սյունիքի մշակույթն ու ավանդույթները ճանաչելի դարձնելն է. «Բոլորը գիտեն, որ Սյունիքով է անցել հանրահայտ Մետաքսի ճանապարհը: Մեր նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը նույնպես կարող է այդ մետաքսե քարտեզում իր ուրույն տեղն ունենալ»: Փառատոնին ներկայանալու են Գորիսի քաղաքային համույթը, տարբեր թատերական խմբեր, հայտնի հյուրեր Երեւանից: Այս տարի փառատոնի մասին տեղեկատվություն է տարածվել հիմնականում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի տուրիստական գործակալությունների շրջանում, սակայն հաջորդ տարի նախատեսվում է այն տարածել նաեւ Մերձբալթյան երկրներում:
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ
Ամերիկյան ռեալիթի շոուների հայտնի աստղ, մոդել, մեր հայրենակից Քիմ Քարդաշյանն իր կենսակերպի ու առօրյայի հիման վրա ստեղծված Kim Kardashian Hollywood բջջային հավելվածի միջոցով հասցրել է վաստակել 43 մլն դոլար: Այս մասին նա տեղեկացրել է Snapchat-ում: The Daily Mail-ի փոխանցմամբ` խաղը ստեղծող Glu ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլո դե Մասին նշել է, որ Kim Kardashian Hollywood-ն իր տեսակի մեջ աշխարհում ամենաեկամտաբեր խաղն է, որի միջոցով հաջողվում է իսկական ռեկորդներ սահմանել: Քարդաշյանն էլ իր հերթին հայտնել է, որ խաղից ստացված գումարով իր համար շքեղ առանձնատուն է գնել. «Եթե այսպես շարունակվի, ես կկարողանամ գնել եւս մի տուն եւ նույնիսկ մասնավոր կղզի»:
ՋԻՄ ՔԵՐԻՆ ՈՒ ՆՄԱՆԱԿԸ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջիմ Քերին համացանցում տեսել է իր ռուս նմանակի լուսանկարը եւ անչափ տպավորվել: TMZ-ի փոխանցմամբ` Քերիին արտաքուստ բավական նման անհայտ տղամարդու լուսանկարը նախ հայտնվել է Reddit կայքում, ապա` ինտենսիվորեն տարածվել վիրտուալ տիրույթում: Ի դեպ, լուսանկարի հերոսը Ռուսաստանից է: «Նույնիսկ Ջիմ Քերին է գտնվում իր նմանակին տեսնելու ցանկության ազդեցության ներքո»,- գրել է TMZ-ն: