ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԾԱՅՐԱՀԵՂ ՔԱՅԼԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` ժամը 17:00-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք` «Հանուն խոսքի ազատության»: Բողոքի ակցիան նախաձեռնել են հայաստանյան առաջատար լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ` ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: Ազատության հրապարակում նախատեսվում է ընթերցել հայտարարության ստորեւ ներկայացվող տեքստը, որը բաց կլինի ստորագրելու համար:
Ցանկացողները անձամբ կամ միջնորդավորված կարող են միանալ ստորագրահավաքին հենց Ազատության հրապարակում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Թեեւ գործող իշխանությունը առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կարեւորում է մամուլի, խոսքի ազատության դերը, սակայն փաստացի արվում է ամեն ինչ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, դժվարացնելու եւ տարաբնույթ ճնշումներ բանեցնելու համար: Պետական մակարդակով տարիներ շարունակ հետեւողականորեն լրագրության դաշտը վարկաբեկվում է, փորձ է արվում չորրորդ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում, ինչպիսին առկա է մեր երկրում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության նկատմամբ:
Բազմաթիվ առիթներ են եղել՝ արձանագրելու, որ լրագրողների նկատմամբ իշխանության տարբեր ճյուղերում առկա է ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, որը ժամանակ առ ժամանակ դրսեւորվում է զանգվածային ակցիաների ընթացքում բռնություններով:
Նախորդ տարի` հունիսի 23-ին` «Էլեկտրիկ Երեւան» բողոքի ակցիաների ժամանակ, լրագրողները թիրախավորված ծեծի ենթարկվեցին, ու մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո թեեւ ՀՀ hատուկ քննչական ծառայության կողմից հայտարարվեց, որ 2 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ, չկա որեւէ երաշխիք, որ բոլոր մեղավորներն իրենց գործողություններին համարժեք պատժի են արժանանալու: Այսպես այլեւս շարունակվել չի կարող:
Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը եւ մոռանալու հորդորները՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ են գործնական եւ տեսանելի քայլեր:
– Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։
– Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար եւ հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:
– Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եւ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր, ընդհուպ մինչեւ ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետեւանքներ:

Նախաձեռնող խմբի անդամներ՝
1. «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան
2. «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
3. «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան եւ 168.am առցանց կայքի խմբագիր Գառնիկ Գեւորգյան
4. «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
5. «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան
6. «Իրատես» թերթի եւ irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան
7. «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյան
8. «Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
9. «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան
10. «Չորրորդ իշխանություն» թերթի եւ chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան
11. yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյան
12. A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան
13. Yerkirmedia հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյան
14. «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան
Հայտարարությունը բաց է բոլոր ցանկացողների համար:




Լրահոս