ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵ՞Մ Է ԷԺԱՆԱՑՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է Հայաստանին մատակարարվող գազը էժանացնել եւս 20 տոկոսով, կամ նույնն է, թե 30 դոլարով` հազար խորանարդ մետրի համար: Սակայն ՀՀ իշխանությունները ռուսական կողմին ասել են, որ նման տարբերակը ներկա պայմաններում իրենց համար ցանկալի չէ, քանի որ դրա արդյունքում սպառողին մատակարարվող գազի սակագինը եւս պետք է նվազեցվի, ինչն իր հերթին կհանգեցնի «Գազպրոմ-Արմենիա» ընկերության կողմից պետական բյուջե վճարվող հարկերի նվազեցմանը: Տվյալ դեպքում խոսքը տարեկան կտրվածքով 8-ից 10 միլիարդ դրամի մասին է: Այսինքն՝ հարկային մուտքերի տեսանկյունից որքան բարձր է գազի գինը, այնքան ձեռնտու է ՀՀ կառավարությանը: Փոխարենը «Գազպրոմն» այս հարցում շահագրգռված է, քանի որ այդ դեպքում նրա դուստր ձեռնարկության` «Գազպրոմ-Արմենիայի» հարկային պարտավորությունների նվազելու դեպքում այդ ընկերությունն ավելի շատ շահում է, քան թե կորցնում: Ինչեւէ, չնայած գազի գնի շուրջ քննարկումները եղել են ոչ պաշտոնական եւ չփաստաթղթավորված ֆորմատով, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից մեկնաբանություն ստանալ: Մեր հարցմանն ի պատասխան՝ նշված նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին. ««Գազպրոմ» ընկերության կողմից Հայաստանին մատակարարվող գազի հազար խորանարդ մետրի գինը 20 տոկոսով՝ 30 դոլարով, էժանացնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին՝ «Գազպրոմ» ընկերության հետ գազի գնի շուրջ բանակցությունների ժամանակ ՀՀ կառավարությունը մշտապես փորձել է առավելագույնս իջեցնել այն»:

 

 

 
Ազատության հրապարակում երեկ աննախադեպ ակցիա տեղի ունեցավ: Մի քանի տասնյակ լրատվամիջոցներ համատեղ հայտարարություն հրապարակեցին` ՀՀ իշխանություններից պահանջելով երկամսյա ժամկետում պատասխանատվության ենթարկել հուլիսի 29-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնություն իրականացրած անձանց: Ակցիայի բացառիկությունը կայանում էր նրանում, որ դրան էին միացել Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցները` անկախ իրենց քաղաքական հայացքներից եւ ուղղվածությունից: Հայտարարության տակ դրված 117 ստորագրությունները փաստացի ներառում են հայաստանյան ողջ մեդիան, ԱԺ պատգամավորներին, քաղաքական կուսակցություններին: Բացի այդ՝ լրագրողների պահանջին միացան նաեւ բազմաթիվ հասարակական եւ քաղաքական գործիչներ ու իրավապաշտպաններ: Այսինքն՝ բոլորը, նույնիսկ իշխանական գործիչները, միակարծիք են, որ լրագրողների նկատմամբ նպատակաուղղված բռնություն իրականացրած անձինք, անկախ նրանից՝ ոստիկաններ են, թե թաղային խուժան, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

 

 

 
ՀՀ կառավարությունը շարունակում է զարգացնել բյուջետային միջոցները մսխելու իր տաղանդը: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս տեղեկացրել է, որ «Նաիրիտ»-ի հետ կապված տարբեր գործարքներով հարյուրավոր միլիոն դոլարներ են «անհետացել»: Այժմ էլ ՀՀ կառավարությունը սկսել է պետական բյուջեի միջոցներ հատկացնել «Նաիրիտին»՝ իբր թե վերագործարկման վրա վատնված գումարները վերականգնելու համար: Պարզվում է՝ միայն «Երեւան ՋԷԿ»-ից ՀՀ կառավարությունը տարիների ընթացքում «Նաիրիտի» եւ «Վանաձոր քիմպրոմի» համար վերցրել է ավելի քան 36 միլիարդ 300 մլն դրամ, կամ նույնն է, թե մոտ 80 միլիոն դոլար: Արդյունքում, ՋԷԿ-ը չի կարողացել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության գումարները վճարել, եւ արդեն որերորդ անգամ է՝ ՀՀ կառավարությունը բյուջետային միջոցներ է հատկացնում՝ «Երեւան ՋԷԿ»-ի պարտքերը մարելու համար: Միայն վերջին երկու շաբաթների ընթացքում այս նպատակով արդեն իսկ 12 միլիարդ դրամ գումար է հատկացվել:

 

 

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների շրջանակներում հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարների եւ լրագրողների դեմ բռնություն իրականացնելու հարցում գործուն դերակատարություն է ունեցել թաղային խուժանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ագրեսիվ պահվածքով աչքի ընկած անձինք պատահական մարդիկ չեն: Ծեծուջարդի մեջ հիմնականում ներգրավված են եղել տարբեր քրեական գործերով մեղադրվող տարրեր` պայմանով. նրանց բոլորին խոստացել են, որ իրենց ծառայությունների արդյունքում մեղադրյալների աթոռին հայտնվածները, եթե անգամ ազատ չարձակվեն, ապա առնվազն նրանց նկատմամբ իրավապահները մեղմ կվերաբերվեն: Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունը թաղային խուժանի հետ գործարք է կնքել. դուք մեզ օգնեք ցուցարարներին եւ լրագրողներին լռեցնել, մենք էլ ձեզ կներենք նախկինում կատարած ձեր հանցանքների համար:

 

 

 
ՈՉ ԲԵԿՈՒՄՆԱՅԻՆ
Օգոստոսի 8-ին եւ 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած բազմակողմ հանդիպումները Իրանի, Ադրբեջանի, ապա Թուրքիայի նախագահների հետ երեկ եզրափակվեցին Սերժ Սարգսյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմամբ: Ընդ որում, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրությունում, այդ հանդիպումը կայացավ հայկական կողմի նախաձեռնությամբ: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը խնդրել էր իրեն էլ իրազեկել Հայաստանի շուրջ ընթացող ինտենսիվ զարգացումների մասին, առավել եւս, որ դրանց առանցքում հենց հայկական շահերին վերաբերող հարցեր կային:
Մի կողմ թողնելով այն ծեծված հռետորաբանությունը, որ Սերժ Սարգսյանը «կանչվել էր» Մոսկվա, որ դա վասալային պահվածք է եւ այլն, արձանագրենք, որ նա բավականին կարեւոր շեշտադրումներ կատարեց իր ելույթում: Նախ՝ Ս. Սարգսյանը հստակ արձանագրեց, որ հայկական կողմի դիրքորոշումը փոփոխություն չի կրել առնվազն վերջին երկու տարիների ընթացում. «Դեռեւս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները»,- ընդգծեց Սարգսյանը՝ այդպիսով տալով պատասխանն այն բոլոր պնդումների, թե անցած մեկ տարվա ընթացքում եւ հատկապես ապրիլյան պատերազմից հետո ազատագրված տարածքների հանձնման «լավրովյան պլանը» հավանության է արժանացել ՀՀ իշխանության կողմից: Հիշեցնենք, որ տխրահռչակ «լավրովյան պլանի» մասին խոսակցությունները սկսեցին 2015թ. սեպտեմբերին ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ Բաքու կատարած այցից հետո, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարեց Ռուսաստանի կողմից իրենց արված «ընդունելի առաջարկների» մասին: Իսկ Սարգսյանի նշած Սոչիի հանդիպումը կայացել է 2014թ. օգոստոսին՝ հուլիսյան սահմանային լարվածությունից անմիջապես հետո, երբ նախապատերազմական վիճակում հայտնված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Պուտինը հրավիրեց Սոչի՝ հասնելով լարվածության նվազմանը:
Հաջորդ կարեւոր շեշտադրումն այն էր, որ Սարգսյանը ընդգծեց. Ռուսաստանն իր ծրագրերի մասին՝ կապված թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի հետ, իրազեկում է իր ռազմավարական դաշնակցին. «Հայաստանում ուշադիր հետեւում էին վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նախագահի ինտենսիվ արտաքին քաղաքական շփումներին, ինչը լիովին հասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքիան Հայաստանի սահմանակից պետություններ են: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահին այդ հանդիպումների ընթացքի մասին մանրամասն տեղեկատվության համար եւ համոզված եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից»,- նշեց նա: Անշուշտ, Սարգսյանի այս հայտարարությունն ամենեւին չի նշանակում, որ դա իրականում այդպես է, սակայն, այնուհանդերձ, դա կարեւոր արձանագրում էր մեր ոխերիմ հարեւանների համար:




Լրահոս