ԵՏՄ-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած երեք օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրանի, Ադրբեջանի, ապա Թուրքիայի, երեկ էլ Հայաստանի նախագահների հետ ունեցած հանդիպումների եւ դրանց հնարավոր հետեւանքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարո՛ն Մարուքյան, ինչպե՞ս եք գնահատում ռուս-թուրքական հարաբերությունների վերաջերմացումը: Ընդամենը 7 ամիս տեւած խռովությունից հետո մեր ոխերիմ թշնամին եւ դաշնակիցը նորից խոսում են ռազմավարական գործընկերության մասին: Սա ի՞նչ վտանգներ է բերելու Հայաստանին, մասնավորապես Ղարաբաղի հարցում:
-Ժամանակին, երբ հարաբերությունները խզվել էին, ես ասել եմ, որ դա շատ կարճ է տեւելու, եւ շատ արագ վերականգնվելու են, այդպես էլ եղավ: Հիմա Թուրքիայի նախագահը, ըստ էության, աշխարհի կողմից ընկալվում է որպես բռնապետ: Ռուսաստանի հետ մտերմացումը խոսում է այն մասին, որ Էրդողանը արեւմուտքի կողմից մերժված առաջնորդ է, նրա տնտեսական շահերը այս պահին շատ վնասված են, եւ Ռուսաստանի հետ սանկցիաները մեծ ազդեցություն են ունեցել, եւ միակ տարբերակն այն էր, որ վերականգնվեն հարաբերությունները: Ռուսաստանը հրավիրում է Թուրքիային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մասնակցության, կարծում եմ՝ սա ռազմավարական գործընկերոջ քայլ չի կարող գնահատվել եւ, բնականաբար, ի վնաս մեզ աշխատող հանգամանք է: Այստեղ պետք է ուրախությամբ նշեմ, որ գոյություն ունի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Մինսկի համանախագահ երկրներ, այսինքն՝ միայն Ռուսաստանը չէ, եւ, բնականաբար, նրանք իրենց հակակշռող դերը կունենան, չպետք է որեւէ կերպ թույլ տալ, որ Թուրքիան ներգրավվի պրոցեսների մեջ եւ որեւէ դերակատարում ունենա:
-Երեկ տեսանք, թե ինչպես Էրդողանը մի քանի րոպե ցուցադրաբար սպասեցրեց Պուտինին, ով բավականին անհարմար վիճակում հայտնվեց: Սա ի՞նչ էր նշանակում:
-Չեմ կարող ասել: Հայտնի է, որ Ռուսաստանի նախագահը տարբեր երկրների առաջնորդներին ժամերով սպասեցրել է, հիմա էլ իրեն մի քանի րոպե սպասեցրեցին, եւ դա արեց Էրդողանը: Նորմալ է, ինչ ասեմ, իրար արժանի գործընկերներ են:
-Արդյո՞ք դա Էրդողանի կողմից հատուկ էր արված, եւ կարող ենք պատկերացնել նման մի իրավիճակ, երբ, օրինակ, Սերժ Սարգսյանը մի քանի վայրկյան սպասեցներ Պուտինին:
-Արարողակարգային հարց է: Ցանկացած իրավիճակում կարող է դա տեղի ունենալ, բայց Պուտինի պարագայում դա ավելի շատ նկատվեց զուտ այն հանգամաքով, որ աշխարհի հզոր երկրի առաջնորդն է:
-Օգոստոսի 8-ին Պուտինը Բաքվում նույնքան ջերմագին ողջագուրվում էր Հայաստանի մեկ այլ թշնամու` Ադրբեջանի նախագահի հետ, նաեւ ջերմ ժեստեր փոխանակում Իրանի նախագահի հետ: Կարծես այս ուղղությամբ եւս գործընթացները առաջ են գնում` Հայաստանի շահերի հաշվին: Գոնե Իրանի մասով ի՞նչ է անում Հայաստանը` իր առաջնայնությունը ապահովելու եւ Ադրբեջանից ավելի նախընտրելի գործընկեր լինելու համար:
-Հիմա պրոցեսները շատ արագ են զարգանում: Իրանի հետ կապված մենք պետք է պատրաստ լինեինք այս գործընթացներին, բայց մենք պատրաստ չէինք դրան, եւ հարեւան երկրներն են դրանից օգտվում, այդ թվում՝ Վրաստանը: Եւ սա տեսլական եւ ռազմավարական մոտեցումներ չունենալու խնդիր է, արտաքին քաղաքականություն չունենալու խնդիր է: Իսկ ինչ վերաբերում է Ալիեւի հետ ջերմ հանդիպմանը, դա նորություն չէ, ես չեմ զարմացել, ինչ կա այդտեղ զարմանալու, եղբայրական երկրներ են: Ես պետք է ասեմ, որ այս իրավիճակում Ռուսաստանի շահերը մեր շահերի հետ չեն համընկնում, իսկ պետությունները շահերով են առաջնորդվում, բարեկամական-բան, հեքիաթներ են. դա պետք է հստակ հասկանաք եւ ինչքան շուտ, այդքան լավ:
-Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում, ըստ Ձեզ, արդյո՞ք Հայաստանի առջեւ դրվել է տարածքային զիջումների վերջնագիր: Հաշվի առնենք, որ նախօրեին Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, որ 5 շրջանները, որպես առաջին քայլ, վերադարձնելու հարցում թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայն են: Հայաստանն ինչպե՞ս կարող է այդ 4 երկրների կամքին դիմագրավել:
-Ամեն ինչ էլ հնարավոր է: Դրա համար Հայաստանը չպետք է իր ունեցած բոլոր ձվերը դնի մեկ զամբյուղի մեջ, զամբյուղի անունն էլ Ռուսաստանի Դաշնություն է, որովհետեւ զամբյուղը վայր կընկնի, ու բոլոր ձվերը կկոտրվեն: Հետեւաբար պետք է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել, եվրամիության հետ ասոցացված համաձայնագիրը վավերացնել, այսօր արեւմուտքում մեր գործընկերներին չկորցնել, պահպանել, ինչը, սակայն, ներկայումս չի ստացվում, ինչպես տեսնում ենք:
-Այսօր արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հաշվին Արցախի հարցում անթույլատրելի զիջումների պարտադրանքի գնով հասնել նրան, որ Ադրբեջանը մտնի ԵՏՄ: Արդյո՞ք սա Սերժ Սարգսյանի կողմից 2013 թ. սեպտեմբերի 3-ին մեկ գիշերվա մեջ կայացրած որոշման արդյունքը չէ, ինչպե՞ս ենք սրա դիմացն առնելու:
-Ասոցացման համաձայնագրի 4 տարվա բանակցությունները այնուհետեւ եվրոպական, արեւմտյան մեր գործընկերներին նման վատ իրավիճակում դնելը, ԵՏՄ մտնելը, բերելու էր սրան, եւ սրա մասին 11 թվականից ասում ենք: Ինչ ասել ենք, տեղի է ունենում, ես չեմ զարմանում: Նորմալ է ամեն ինչ, քաղաքական ամբողջ պալիտրան կողմ էր, 7 պատգամավոր է դեմ քվեարկել, այն փաստարկումներով, որ մեր անվտանգության համար է: Այդ մարդիկ հիմա քաղաքական պատասխանատվություն պետք է կրեն, կամ գոնե ասեն, որ մենք սխալ էինք այդ ժամանակ, ու հիմա ելքեր փնտրեն:

 

 

 
ԵՐԲ Ո՛Չ ՄԱՆՐ, Ո՛Չ ԷԼ ԽՈՇՈՐ «ՁԿՆԵՐԻ ԳԼԽԻՑ ՉԵՆ ԲՌՆՈՒՄ»

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընթացիկ տարում Ազգային ժողովի ապահովագրական ծախսերը հոգալու համար հատկացվել է 3, 660,470 դրամ:

Նշենք, որ այս գումարը ծախսվել է 72 ծառայողական մեքենաների ապահովագրության համար` յուրաքանչյուրին հատկացվելով մոտավորապես 60 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ Ազգային ժողովը մեքենաների ապահովագրության համար պայմանագիր է կնքել «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերության հետ, բայց այն իրականացվում է «Գարանտ Ասիստանս» ՍՊԸ միջնորդ կազմակերպության կողմից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված կազմակերպությունը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի եղբորը` Սերգեյ Բաբլոյանին:
Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը 1991-1997 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար, 2003 թվականին հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիր՝ երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2012 թվականի մայիսի 31-ից ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Ինչպես միշտ, այս դեպքում եւս փաստորեն Հանրապետական լինելը մեծ դեր է խաղում: «Ժողովուրդը» փորձեց պարզել, թե ինչո՞ւ որոշվեց հենց այդ կազմակերպության միջոցով իրականացնել մեքենաների ապահովագրությունը, եւ ի՞նչ կապ ունի այդ գործարքի հետ Բաբլոյանի կուսակցական պատկանելությունը, ե՛ւ նա, ե՛ւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ե՛ւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հանրապետական կուսակցության անդամներ են: Մեր այս հիշեցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասաց. «Պետք է վաղուց հայտնի լիներ, որ պետական գնումներն իրականացվում են մրցույթներով։ Թե ինչպես է որոշվել պայմանագիր կնքել հենց «Գարանտ Ասիստանս» ընկերության հետ, առավել քան պարզ է. հայտարարվել է օրենքով նախատեսված մրցույթ, որին մասնակցել է նշված ընկերությունը եւ ամենաէժան գին առաջարկելով՝ ճանաչվել է հաղթող։
Մրցույթների կազմակերպման եւ անցկացման օրենսդրությունը չի նախատեսում պահանջ ստուգելու, թե ընկերությունն ում մորաքրոջ որդունն է կամ քեռու դստերը, ինչպես նաեւ չի պահանջում ստուգել, թե ընկերության սեփականատերը կամ իր հարազատները որ կուսակցության անդամներ են»,-հարկ համարեց արձանագրել Բաբայանը։
Իսկ Արա Բաբլոյանի հետ մեզ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
«ԶՈՆ ՆԱՅՈՂԻՆ» ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը հուլիսի 7-ին գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Գրիգորի Պողոսյանի հրահանգով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայող» Դավիթ Անանյանին տեղափոխել են պատժախուց: Այս փաստը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Սերոբ Հարությունյանը հնարավոր անկարգություններից խուսափելու համար Դավիթ Անանյանին որոշել է տեղափոխել «Գորիս» քրեակատարողական հիմնարկ: Այսպիսով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայողի պաշտոնը» դարձել է թափուր:

 

 

 

60 ՄԼՆ՝ ՀԷՑ-ԻՆ
Ընթացիկ տարվա համար ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, որպես էլեկտրական էներգիայի վարձավճար, բավական կլորիկ գումար է վճարել: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ պետական գույքի կառավարման վարչությունն այդ նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը վճարել է 59 մլն 674 հազար դրամ գումար:

 

 

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցված հանցագործությունների թիվն ավելացել է: Հայաստանում նշված ժամանակահատվածում գրանցվել է 9 հազար 616 հանցագործություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրացված հանցագործությունների թիվը եղել է 8 հազար 538: Ի թիվս այլ հանցագործությունների՝ աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, այս տարվա առաջին կեսի արդյունքներով դրանց թիվը կազմել է 2 հազար 501՝ նախորդ տարվա 2 հազար 322-ի դիմաց: 749-ով ավելացել է պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվն. այս տարի 1 հազար 345 նման հանցագործություն է արձանագրվել, իսկ անցած տարի դրանց թիվը եղել է 596: Փաստորեն, ի հեճուկս բոլոր այն հավաստիացումներին, որ իրավապահ համակարգը տարեցտարի բարելավվում է, եւ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ավելի մեծ ջանքեր են կիառվում, հանցագործությունների թիվը շարունակում է աճել: Դա տեղի է ունենում արտագաղթի պայմաններում, ինչը նշանակում է, որ բնակչության` հանցագործություն կատարելու պատրաստ մասի տեսակարար կշիռն ավելի մեծ տեմպերով է աճում:




Լրահոս