ՍԱ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏ ԹԱԼԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական բյուջեի գումարները մսխելու հարցում ՀՀ կառավարության հնարամտությունը ամենափորձառու խարդախներին անգամ կզարմացնի: Ինչպես հայտնի է՝ «Նաիրիտի» հետ կապված մեքենայությունների արդյունքում հարյուրավոր միլիոն դոլարներ «անհետացան»: Սակայն ակնհայտ էր, որ այսքանով այդ պատմությունը չէր կարող ավարտվել:

«Նաիրիտի» համար տարբեր բանկերից գումարները վերցվել էին ՀՀ կառավարության երաշխավորությամբ, աշխատավարձերի` տարիներով կուտակված պարտքերը եւս ՀՀ կառավարությունը խոստացել էր մարել եւ ամիսներ առաջ սկսեց այդ գումարները վճարել: Բնականաբար հարց էր ծագում՝ ի՞նչ միջոցներից է ՀՀ կառավարությունն այդ գումարները վճարել եւ վճարելու: Այս տարվա գարնանը հայտնի դարձավ, որ «Նաիրիտի» պարտքերը մարվել են Հայաստանի էներգետիկ համակարգի երկու գիգանտների` Մեծամորի ատոմակայանի եւ «Երեւանի ՋԷԿ»-ի միջոցների հաշվին: ՀՀ իշխանությունները այդպես էլ չեն խոստովանում, թե այս երկու ընկերությունների հաշիվներից ընդհանուր որքան գումար է փոխանցվել՝ «Նաիրիտի» պարտքերը մարելու համար:
Սակայն աստիճանաբար այդ տվյալները ի հայտ են գալիս: Մասնավորապես, ՀՀ կառավարության հուլիսի 29-ի նիստի ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր «Գազպրոմ-Արմենիա» ընկերության 3 մլն 744 հազար 375 դոլարի գերշահույթը պետական բյուջե փոխանցելուն: Նշված գերշահույթը կուտակվել է այս տարվա ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին, երբ Հայաստան մատակարարվող գազի գինը 15 դոլարով էժանացվեց, բայց սպառողին մատակարարվող գազի սակագինը մնաց նույնը: Թվում է, թե «Գազպրոմ-Արմենիայի» գերշահույթը պետք է, որ «Նաիրիտի» պատմությունների հետ կապ չունենա: Բայց արի ու տես, որ այս գործում էլ «Նաիրիտի» հետեւանքներն առկա են: Բանն այն, որ չնայած վերը նշված գումարը ՀՀ կառավարության որոշմամբ փոխանցվել է պետական բյուջե, բայց միեւնույն ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է այդ գումարը հատկացնել «Երեւան ՋԷԿ»-ին, նշված ընկերությունում պետական բաժնեմասը ավելացնելու ճանապարհով: Իսկ «Երեւան ՋԷԿ»-ն իր հերթին այդ գումարը պետք է վճարի «Գազպրոմ-Արմենիային» վերջինիս նկատմամբ կուտակած պարտքը նվազեցնելու նպատակով: Նշված գումարը դրամային արտահայտությամբ կազմում է 1 միլիարդ 789 միլիոն դրամ: Դրանից «Երեւան ՋԷԿ»-ն իր պարտքերը մարելու նպատակով հատկացնելու է 1 միլիարդ 300 մլն դրամը:
Սակայն առավել ուշագրավ է, թե «Գազպրոմ-Արմենիայի» նկատմամբ պարտքն ինչու է կուտակվել եւ որքան է այն կազմում: Վերը նշված որոշման նախագծի կից տեղեկանքում սեւով սպիտակի վրա գրված է. «01.05.2016թ. դրությամբ «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ն կուտակել է 36,3 մլրդ դրամ կրեդիտորական պարտք «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի հանդեպ՝ բնական գազի մատակարարման եւ փոխադրման դիմաց: «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ն չի կարողացել վճարել «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ին, որովհետեւ նրա կանխիկի հոսքի զգալի մասն ուղղվել է «Նաիրիտ Գործարան» եւ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ներին փոխառությունների տրամադրմանը եւ հիմնական գործունեությանը չառնչվող ծախսերի կատարմանը»: Այսինքն՝ պարզվում է՝ ժամանակին միայն «Երեւան ՋԷԿ»-ից տարբեր մեքենայությունների միջոցով մարդիկ մոտ 80 մլն դոլար են «թռցրել» եւ այժմ այդ գումարը փորձում են պետական բյուջեի միջոցներով վերականգնել:
Սա էլ դեռ ամենը չէ, ՀՀ կառավարության՝ այսօր նախատեսված նիստում նախատեսվում է «Երեւան ՋԷԿ»-ին պետական միջոցներից հատկացնել եւս 10 միլիարդ 797 մլն դրամ, կրկին «Գազպրոմ-Արմենիայի» նկատմամբ կուտակած պարտքի մարման ուղղելու համար:
Այս պատմության մեջ սակայն մեկ ուշագրավ հանգամանք կա. հուլիսի 29-ի նիստում ներկայացված որոշման նախագծի առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը առարկություններ է ներկայացրել` փորձելով ընդդիմանալ «Երեւան ՋԷԿ-ի» պարտքերը պետբյուջեի միջոցներից մարելու մոտեցմանը: Մասնավորապես, ֆինանսների նախարարության դիտողություններում նշված է «Առաջարկվում է մեկ անգամ եւս քննարկել եւ հիմնավորել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման նպատակահարմարության հարցը»: Ֆիննախն այսպիսով ուղղակի դեմ է արտահայտվել բյուջետային միջոցներով ՋԷԿ-ի պարտքերը մարելուն, սակայն այս առարկությունը չի ընդունվել, եւ որոշումը հաստատվել է: Ուստի այսօրվա նիստում ներառված նախագծի դեմ ֆիննախն այլեւս չի առարկել:
Ինչեւէ, «Նաիրիտ Գործարան» եւ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ների հետ կապված ֆինանսական մեքենայությունների պատմությունը պետական միջոցների բացահայտ հափշտակման դեպք է, սակայն քանի դեռ իշխանության ղեկին կանգնած են այդ գործարքն իրականացնողները կամ նրանց գործընկերները, այն անհրաժեշտ գնահատականի չի արժանանա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀԵՐԹՈՎ Ի ՀԱՅՏ ԵՆ ԳԱԼԻՍ
Որքան մոտենում են սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին Հայաստանի մարզերում նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, տեղերում պատկերը սկսում է պարզվել, եւ թեկնածուները մեկը մյուսի ետեւից ի հայտ են գալիս: Մասնավորապես, երեկ Աշտարակում տեղի է ունեցել ԲՀԿ-ի տարածքային խորհրդի ընդլայնված նիստը, որի ընթացքում որոշվեց սեպտեմբերի 18-ին Աշտարակում տեղի ունենալիք համայնքի ղեկավարի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել Արշալույս Մեջլումյանի թեկնածությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց Աշտարակի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ն ներկայացնող Արմեն Անտոնյանից պարզել՝ արդյոք ինքը եւս պատրաստվում է առաջադրվել առաջիկա ընտրություններում: «Կառաջադրեմ, թե չեմ առաջադրվի, կիմանաք ամսի (օգոստոսի) 19-ին»,- պատասխանեց նա: Մեր այն ճշտող հարցին, թե այս պահին առաջադրվելն է առավել հավանական, թե չառաջադրվելը, նա պատասխանեց. «Ամեն ինչ էլ կարող է լինել, չի բացառվում»:

 

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընթացիկ տարում Հայաստանում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպելու համար ՀՀ պետական բյուջեով հատկացված է 1 միլիարդ 384 միլիոն 800 հազար դրամ: Այդ գումարից երեկվա դրությամբ ծախսվել 187 միլիոն 94 հազար դրամը: Ակնհայտ է, որ այդ գումարի առյուծի բաժինը ծախսվելու է մեկ ամսից կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որոնք ընդգրկելու են հանրապետության բոլոր մարզերի շուրջ 700 համայնքներ: Ի դեպ, ՏԻՄ ընտրությունների համար պետական բյուջեում հատկացված գումարից 130 միլիոն 54 հազար դրամը կհատկացվի ՀՀ ոստիկանությանը` ընտրական ցուցակները կազմելու համար: Ոստիկանության համար նախատեսված գումարից արդեն իսկ ծախսվել է 9 միլիոն 536 հազար դրամ:

 

 

 

ՆՈՐ  ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հայտարարեց 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) եւ 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձանց ձերբակալելու մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ձերբակալվածները ոստիկաններ չեն: Կարելի է ենթադրել, որ նրանք այդ օրը իրավապահներին «օգնության» հասած քրեական տարրերից են: Դեռեւս հայտնի չէ, թե արդյո՞ք ձերբակալվածներն այն երիտասարդներից են, որոնց նկարները արդեն մամուլում հրապարակվել է: Ի դեպ, իրավապահները հավաստիացնում են, որ այս գործի շրջանակներում առաջիկայում նոր ձերբակալություններ եւս կլինեն: Կապրենք, կտեսնենք:

 

 
ԼՈՒԾԱՐԵԼ Է ԱԱԽ-Ն
Նախագահ Սերժ Սարգսյանը լուծարել է ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը: Կարգադրության մեջ հանձնարարված է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին՝ մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ նախագահի հաստատմանը ներկայացնել ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության կանոնադրությունը եւ կառուցվածքը՝ Հայաստանի Հանրապետության նախագահի՝ հարակից այլ իրավական ակտերի նախագծերի հետ:

 

 

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին եւ ԱՄՆ միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դեբորա Գրիսերին: Գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորությունները՝ տեղեկացնելով, որ ներկայում ընթացքի մեջ են հաջողությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Դեսպան Միլսը կարեւորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, երկու երկրների միջեւ առեւտրային ու ներդրումային կապերի ամրապնդման ու խորացման:

 

 

ԾՈԾՈՐԱԿՆԵՐԴ ԿՏԵՍՆԵՔ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ մեխանիզմի շրջանակներում: Այս մասին TRT հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ եռակողմ ֆորմատը շահավետ կլինի բոլոր կողմերի համար: «Մենք քննարկել ենք այդ ֆորմատը Ադրբեջանում կայացած հանդիպման ընթացքում: Ադրբեջանը դրական է գնահատել Ռուսաստանի հետ եռակողմ մեխանիզմը: Ինչպես նաեւ այդ նախաձեռնությունը հնչեցվել է Սանկտ Պետերբուրգում Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: Ռուսաստանը եւս դրական է գնահատում այդ մեխանիզմը: Մենք կարող ենք համագործակցել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում»,- ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որ Թուրքիան իր ներդրումն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

 

 

ՉԻՆԱԿԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ
Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է ՉԺՀ Հարբին քաղաքի Հեյլունցզիան նահանգի միջազգային առեւտրի աջակցման կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբինի գլխավորած պատվիրակության հետ: Վարդանյանը նշել է, որ Չինաստանի կառավարության նվիրատվությամբ ձեռք բերված չինական ավտոբուսները զգալիորեն նպաստել են Երեւանի տրանսպորտային երթուղիների կանոնավոր աշխատանքին:




Լրահոս