Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները, որտեղ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ անվտանգությունից մինչեւ կոմունիկացիոն խնդիրներ: Դրանից հետո՝ օգոստոսի 9-ին, Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ նույնպես կարեւորվել է տնտեսական համագործակցության խորացումը: «Մենք պետք է ոչ միայն վերականգնենք նախկին մակարդակը, այլեւ գերազանցենք այն, գնանք ավելի առաջ։ Դա պետք է իրականացվի գործարար շրջանակների օգնությամբ»,- ասել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով՝ հանդիպմանը ներկա բոլոր անձինք շահագրգռված են համատեղ նախագծերի իրագործմամբ: Դրանից առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է գործարկելու «Թուրքական հոսք» գազատարը, որը ռուսական գազը Թուրքիայով պետք է հասցնի Եվրոպա: ՌԴ-ն բարդություններ ունի ուկրաինական ճակատում եւ հայտնվել է պատժամիջոցների տակ, որի արդյունքում տնտեսական լուրջ խնդիրներ ունի:
Սիրիական հարցում իր անցանկալի ինքնուրույնության եւ կառավարման դիկտատորական հատկանիշների խորացման պատճառով Էրդողանը նույնպես հայտնվել է բավական բարդ իրավիճակում Արեւմուտքի հետ հարաբերություններում: Հատկապես հեղաշրջման փորձից եւ մահապատիժը վերականգնելու` Էրդողանի ցանկությունից հետո ավելի է խորացել միմյանց նկատմամբ անվստահությունը: Ակնհայտ է, որ ՌԴ-ն ու Թուրքիան, որոնց հարաբերություններն Արեւմուտքի հետ վերջին շրջանում բարդացել են, եւ առաջացել է շատ մեծ անվստահություն, օբյեկտիվորեն պետք է ձգտեին միմյանց: Այս ամենը, իհարկե, չէր կարող աննկատ մնալ: Արեւմուտքը չի կարող թույլ տալ այլ բեւեռների առաջացում իր սահմանին, բայց նաեւ հասկանում է, որ որքան վանում է Ռուսաստանին, այնքան ավելի է մեծանում հակառակ բեւեռի առաջացման ռիսկը:
Մյուս կողմից էլ Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, կարեւոր ստրատեգիական նշանակություն ունի: Այստեղ ոչ միայն տնտեսական ու կառուցվածքային, այլեւ ռազմա-քաղաքական եւ անվտանգության շահերի խնդիր է առաջ գալիս, ուստի ԵՄ-ն ու ԱՄՆ-ն իրենց ուշադրության կենտրոնում են պահում ռուս-թուրքական գործակցությունը: Բրյուսելն ու Վաշինգտոնը այս փուլում ձգտում են ցուցաբերել որոշակի զգուշավոր մոտեցում, որպեսզի չսրեն իրավիճակն ու չխթանեն ռուս-թուրքական կամ ռուս-իրանական հարաբերությունների այս կամ այն տեսքով ինստիտուցիոնալացումը: ՆԱՏՕ-ից արդեն իսկ արձագանք է եղել Պուտին-Էրդողան հանդիպման կապակցությամբ, որը, ըստ էության, պրոակտիվ արձագանքի նշանակություն ունի, այսինքն՝ եղած իրավիճակին կանխարգելիչ պատասխան տալու կամ այն չսրելու քաղաքական-տեղեկատվական ինչ-որ միջավայրի ձեւավորում: Այսպես՝ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ հանդիպումը հատուկ մեկնաբանության կարիք չունի: Սա ոչ թե անտարբերության, այլ հակառակը՝ մեծ, բայց քողարկված ուշադրության դրսեւորում է: «Թուրքիան կարեւոր դաշնակից է, իսկ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի համար կարեւոր է պահպանել բաց կոմունիկացիան»,-ասված է նույն հայտարարությունում: Ինչպես երեւում է, կիրառվում է ճկուն արձագանքման մարտավարությունը: ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ փոխում է իր մարտավարական մեթոդները՝ «կոշտ ուժից կամ մեթոդներից» անցնելով «փափուկ ուժին» եւ հակառակը, որպեսզի ստեղծի հավասարակշիռ վիճակ եւ կանխի աշխարհաքաղաքական մարգինալացման գործընթացները: Նա ճնշում է այնքան, քանի դեռ դա պայթյունավտանգ չէ, այնուհետ կոնֆլիկտը կամ մրցակցությունը տեղափոխում է համագործակցության դաշտ, որն էլ շահում է՝ ունենալով կազմակերպական-կառուցվածքային եւ ֆինանսական հսկայական ռեսուրսներ: Այսպիսի մարտավարությունը առավելապես կիրառելի է Ռուսաստանի նկատմամբ, քանի որ վերջինն ունի բավական մեծ ռեսուրսներ, հատկապես գերհզոր ռազմուժ եւ «անկանխատեսելի էլիտար վարքաբանություն»:
Արեւմտյան ստրատեգները հասկանում են, որ մարգինալացված տերություններն իրենց գործողություններում դառնում են ռադիկալ, փնտրում են միմյանց ու միավորվում, դրա համար որոշել են փոքր-ինչ մեղմել իրավիճակը: Նրանք, ընդգծելով Թուրքիայի կարեւորությունը, Անկարային հասկացնում են, որ դեռ Արեւմուտքի հետ կամուրջներն այրված չեն, իսկ Ռուսաստանի հետ գործընկերությունը ողջունվում է եւ կարող է լինել շարունակական: Իհարկե, դիվանագիտական լեզուն շատ հարուստ է ու երկիմաստ, հետեւաբար, ՆԱՏՕ-ի հայտարարությունը պետք է մեկնաբանել նաեւ որպես նախազգուշացում, որ եթե այսպես շարունակվի, ապա Դաշինքը կամ, ընդհանրապես, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կսկսեն ավելի լրջորեն զբաղվել նրանցով, եւ առկա լավ հարաբերությունները կարող են փչանալ: Ավելի պարզ ասած՝ ամեն կողմ վերը նշված հայտարարությունը կհասկանա այնպես, ինչպես պետք է, որ հասկանա ու անի համապատասխան հետեւություններ: Բայց մի բան պարզ է, որ ստեղծված իրավիճակում արեւմտյան տերությունները փորձելու են իրականացնել լարվածության թուլացման եւ պրեւենտիվ քաղաքականություն՝ խուսափելով ռուս-թուրքական ռադիկալ դրսեւորումներից: Իսկ թե ինչ հետեւություններ կանեն Անկարան ու Մոսկվան, կախված կլինի նրանց դաշնակցության արժեքային եւ շահերի իրական արտահայտման բնույթից:
ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ
ԵՐՇԻԿ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաեւ երշիկեղենի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները: Ըստ այդմ, ցանկում տեղ են գտել «Բեկոն պրոդուկտ», «Մուշ», «Աթենք», «Բարի սամարացի» եւ «Նատֆուդ» երշիկեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունները:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Բեկոն պրոդուկտ» ընկերությունն այս տարվա հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 619-րդ տեղը եւ վճարել 83 մլն 875 հազար 600 դրամ հարկ: Մինչդեռ նշված ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցնելով 738-րդ տեղը՝ վճարել է 65 մլն 114 հազար դրամ: Ստացվում է, որ այս ընկերությունը 18 մլն 761 հազար դրամով ավելացրել է մեկ տարվա ընթացքում հարկային վճարը:
Ուսումնասիրելով ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Մուշ» ընկերությունը այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 25 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարը: Այսինքն՝ տվյալ ընկերությունը այս տարվա հունվար-հունիսին վճարել է 55 մլն 87 հազար 500 դրամ՝ զբաղեցնելով 884-րդ տեղը: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցնելով 620-րդ տեղը՝ վճարել է 80 մլն 248 հազար 800 դրամ հարկ: Մասնագետներն այս հանգամանքը պայմանավորում են գնողունակության անկման եւ բնակչության թվաքանակի, հետեւաբար իրացման ծավալների նվազման հետ:
Չնայած սրան՝ «Աթենք» ընկերությունն է ավելացրել իր հարկային վճարները. այս տարվա հունվար-հունիսին ընկերությունը վճարել է 394 մլն 862 հզ. 200 դրամ՝ զբաղեցնելով 149-րդ տեղը: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Աթենք»-ը զբաղեցրել է 144-րդ տեղը եւ վճարել 366 մլն 895 հզ. դրամ հարկ: Բացի այս, «Բարի սամարացի» ընկերությունը վերոնշյալ ժամանակահատվածում տեղ է գտել 1000 խոշոր հարկատուների ցանկում: Այս ընկերությունը զբաղեցրել է 690-րդ տեղը եւ վճարել 73 մլն 120 հզ. 900 դրամ հարկ: Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը տեղ չի գտել 1000 խոշոր հարկատուների ցանկում: Նույն կարգավիճակում է նաեւ «Նատֆուդ» ընկերությունը. այն զբաղեցրել է 668-րդ տեղը եւ վճարել 76 մլն 598 հզ. 500 դրամ հարկ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԶՈՐԱՄԱՍԻ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԸ ԾԱԽԵԼ Է
Արմեն Ավետիքի Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, պահեստապետ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2014թ. դեկտեմբերից մինչեւ 2015թ. մարտին իրեն վստահված, նշված զորամասի պահեստից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, դրանք ապօրինի փոխադրել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաք եւ այնտեղ իրացրել: Ա. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») եւ 238 հոդվածներով («Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը»): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս գործով դատն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում: Քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑԱՎ
Օգոստոսի 12-ին Իջեւանում տեղի կունենա «Համախմբում» կուսակցության տեղի կառույցի բացումը: Այդ առթիվ Երեւանից Իջեւան են ժամանելու կուսակցության ղեկավարներ: Արդեն իսկ Իջեւանի կենտրոնում՝ քաղաքային մարզադպրոցի հարեւանությամբ, կուսակցության տեղի կառույցի համար տարածք է վարձակալված: Կուսակցության Իջեւանի կառույցի ղեկավարին, մեր տեղեկություններով, բարձր աշխատավարձ է խոստացված: Իջեւանից ստացված լուրերով՝ այդ կուսակցությունն առատ ֆինանսավորում է ստանալու: 2017 թվականի գարնանը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են կայանալու: Այդ ընտրություններին են պատրաստվում Հայաստանում հայտնի, նաեւ նորաստեղծ բազմաթիվ կուսակցություններ: Տավուշի մարզում արդեն գործում են նորաստեղծ մի քանի կուսակցությունների տարածքային գրասենյակներ, որոնք գտնվում են մարզկենտրոն Իջեւանի, մարզի քաղաքների կենտրոնական հատվածներում: Դա թույլ է տալիս կարծել, որ նորաստեղծ կուսակցությունների թիկունքում ֆինանսական ուժեր կան: Սահմանամերձ Տավուշի մարզում քաղաքական կյանքը ակտիվ չէ: Քաղաքական որոշակի աշխուժություն նկատվել է միայն համապետական ընտրությունների ժամանակ: Տավուշում նախկինում հզոր արտադրական շատ ձեռնարկություններ սնանկ են ճանաչվել, չեն գործում, բնակչության շրջանում մեծ թիվ է կազմում գործազրկությունը: Տավուշցիների մի մասը նորաստեղծ կուսակցություններին անդամագրվում է ոչ թե այն պատճառով, որ կիսում է դրանց գաղափարները, այլ պարզապես մարդիկ մտածում են, որ թեկուզ մի կարճ ժամանակ իրենք կարող են օգտվել կուսակցական «առատ սեղանների փշրանքներից» եւ մի քիչ բարելավել իրենց սոցիալական վիճակը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ