ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՏ՝ ԴՐՍԻՑ ԲԵՐԱԾ ԼՈԼԻԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Հայաստանում տոմատի մածուկի արտադրության ծավալները 57.8 տոկոսով ավելացել են: Սակայն ՀՀ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը համոզված է, որ տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները ոչ թե տեղական լոլիկն են մթերել եւ տոմատի մածուկ արտադրել, այլ այն ներկրել են այլ երկրներից:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ պահածոների արտադրության ծավալները այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 46.1 տոկոսով: Օրինակ՝ մսի պահածոյի արտադրության ծավալները 2.3 անգամ ավելացել են, իսկ մսաբուսական պահածոների արտադրության ծավալները 86.5 տոկոսով են աճել, ձկան պահածոները 6.8 անգամ են աճել, բանջարեղենինը՝ 59 տոկոսով, տոմատինը՝ 57.8 տոկոսով, մրգինը՝ 21.3 տոկոսով, չորացրած մրգերինը՝ 95.5 տոկոսով: Ի դեպ, կետչուպի արտադրության ծավալները նույնպես աճել են՝ 82.8 տոկոսով:
«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով տոմատի պահածոների եւ կետչուպի արտադրության ծավալների աճին, հայտարարեց, որ դեռ վաղ է խոսել, թե որքան արտադրանք կունենանք տարեվերջին, քանի որ լոլիկի մթերումը նոր է սկսվել: «Թե լոլիկի եւ տոմատի պահածոների ինչ ծավալներ կունենանք, այս պահին վաղ է խոսել: Նախորդ տարվա համեմատ ներքին շուկայում լոլիկի գները մնացել են նույնը. այսօր լոլիկի 1 կգ վաճառվում է 200 դրամ, գները չեն իջնում: Եւ այս ֆոնին դեռ ո՞վ է խոսում, որ մենք տոմատի մածուկի հզոր արտադրություն կարող ենք ունենալ: Եթե այսօր շուկայում լոլիկը վաճառվում է 1 կգ-ն 200 դրամով, ի՞նչ եք կարծում՝ ինչպես կարող է գյուղացին իր լոլիկը 30 դրամով վերամշակող ընկերություններին վաճառել»,- նկատեց Բերբերյանը:
Մասնագետի խոսքերով՝ պետք է նաեւ ուսումնասիրել, թե Հայաստան որտեղի՞ց է տոմատի մածուկ ներմուծվում եւ այն որտեղ է փաթեթավորվում: Սրանք հարցեր են, որոնք դեռ հստակ պատասխան չունեն: «Չէ որ մեր հանրապետությունում վերջին երեք տարիների ընթացքում լոլիկի արտադրության խնդիր կա: «Մորմազգիների ցեց» հիվանդությունն է տարածված, որը վնասում է լոլիկի, ինչպես նաեւ պղպեղի, սմբուկի եւ կարտոֆիլի ցանքատարածությունները: Սակայն հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ էական աշխատանքներ չեն տարվում: Մինչդեռ գյուղատնտեսության նախարարությունը պետք է ավիացիոն պայքար սկսեր»,- նշեց Բերբերյանը: Զրույցի ընթացքում նա հավաստիացրեց, որ մանր փաթեթավորումով տոմատ Հայաստան չի ներկրվում, այլ տոննայով, որն էլ փաթեթավորվում է ավելի մանր տարաների մեջ:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն եւ հետաքրքրվեց, թե նախորդ եւ այս տարիներին որքան տոմատի մածուկ է ներմուծվել Հայաստան: Պարզվեց, որ Հայաստանը տոմատի մածուկ ներմուծում է Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Հունաստանից, Լեհաստանից եւ այս տարվա օգոստոսի 9-ի դրությամբ ներմուծվել է 73017 կգ տոմատի մածուկ: Մինչդեռ նախորդ տարվա ընթացքում Հայաստան ներմուծվել է ընդամենը 387 հազար 206 կգ տոմատի մածուկ: Նշենք, որ այս տարվա օգոստոսի 9-ի դրությամբ Ռուսաստանից ներմուծվել է 68 հազար 592 կգ, իսկ նախորդ տարի՝ 109 հազար 233 կգ տոմատի մածուկ: Վերոնշյալ ժամանակահատվածում Իտալիայից ներմուծվել է 2438 կգ, իսկ նախորդ տարի՝ 4212կգ տոմատի մածուկ: Հունաստանից այս տարվա օգոստոսի 9-ի դրությամբ ներմուծվել է 1189 կգ, իսկ նախորդ տարի՝ 399 կգ տոմատի մածուկ: Նշված ժամանակահատվածում Լեհաստանից ներմուծվել է 798 կգ տոմատի մածուկ: Հավելենք, որ նախորդ տարի Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվել է 273 հազար 362 կգ տոմատի մածուկ, իսկ այս տարի դեռ չի ներմուծվել: ՍԱՊԾ-ի տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ ներմուծված տոմատի մածուկով հնարավոր չէ բավարարել ներքին շուկան: Թեեւ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը պնդում է, որ գյուղացին չէր կարող 30 դրամով իր լոլիկը վաճառել վերամշակող ընկերություններին, սակայն նկատենք, որ նախորդ տարի Արմավիրի մարզի մեծ թվով գյուղացիներ հենց այդպես էլ վարվեցին: Քանի որ այլ ելք չունեին եւ չէին կարողանում բարձր գնով իրացնել իրենց արտադրանքը եւ ստիպված «ջրի գնով» այն վաճառում էին մթերող ընկերություններին: Պարզվում է, որ ԱՎԾ-ի հունվար-հունիս ամիսներին արձանագրած տոմատի մածուկի արտադրության ծավալների աճը ստացվել է հենց նախորդ տարվա մթերած լոլիկից:
Այս ամենից հետո տոմատի պահածոյի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին այժմ մեկ հարց է մտահոգում՝ ինչպես են սպառելու իրենց արտադրանքը, այն դեպքում, երբ այդ ապրանքն ամենասպառվողներից է:
Այս թեմայի շուրջ ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ արտաքին առեւտրի առումով արտահանումը սկսել է աճել, քանի որ Ռուսաստանի շուկան նորից սկսել է կլանել հայկական ալկոհոլային խմիչքներ, պահածոներ: «Ճիշտ է պահածոյագործներ կան, որոնք 1/3 հզորությամբ են աշխատում, բայց բոլոր դեպքերում թեկուզ այդ քանակներով իրենք շարունակում են արտահանել: Արտահանող ընկերություններ կան, որոնք նաեւ դեպի Եվրոպա, ԱՄՆ եւ այլ երկրներ են սկսել արտահանել: Օրինակ՝ հատկապես ձկնային մթերքի՝ վերամշակված ձկան պահածոյի ոլորտում քանակները քանի գնում, աճում են»,- ներկայացրեց Մակարյանը:
Նրա ներկայացմամբ՝ չրագործության, պահածոների, մետաղական փոշիների, քիմիկատների ոլորտում Հայաստանում բացվում են մի շարք փոքր եւ միջին ձեռնարկություններ: «Այսինքն՝ կան ներդրումներ, նախագծեր, որոնք զուտ հայկական են եւ ունեն միայն կանադացի կամ ամերիկացի գործընկերներ: Կան այդպիսի տեղաշարժեր եւ զբաղվածության տեմպերը մի քիչ կավելանան»,- եզրափակեց Մակարյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է
Նարեկ Թոռնիկի Խոջայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. ապրիլի 24-ին նախնական համաձայնության գալով Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչ, հանցագործության սուբյեկտ չհանդիսացող, անմեղսունակության վիճակում գտնվող Վահե Աթաբեկյանի հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտքի դռան փականը ջարդելու եղանակով ապօրինի մուտք է գործել Աչաջուր գյուղում գտնվող, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ Անահիտ Եգանյանին պատկանող առանձնատան պահեստարան հանդիսացող նկուղային հարկ եւ այնտեղից գաղտնի հափշտակել 290 հազար դրամ ընդհանուր արժեքով փայտամշակման հաստոցի շարժիչ: Ն. Խոջայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում: Ուշագրավ է, որ նշված գողությունը Ն. Խոջայանը կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, երբ ողջ աշխարհի հայերը ոգեկոչում էին մեծ եղեռնի զոհերին:

 

 

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԿԱՆԱՅՔ ԷԼ ԵՆ ԽՈՊԱՆ ԳՆՈՒՄ
Նախկինում Տավուշի մարզից Ռուսաստանի Դաշնություն սեզոնային արտագնա աշխատանքի էին մեկնում միայն տղամարդիկ: Նրանք մի քանի ամիս կամ մինչեւ կես տարի աշխատում են Ռուսաստանում, աշնանը վերադառնում սահմանամերձ մարզ: Վերջերս Տավուշից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների մեջ քիչ չեն նաեւ կանայք: Նրանք Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում աշխատում են հացի արտադրամասերում, սրճարաններում, սննդի փաթեթավորման ձեռնարկություններում, խանութներում եւ այլն: Արտագնա աշխատանքի մեկնող տավուշցի կանայք Ռուսաստանի Դաշնությունում աշխատանք են գտնում հիմնականում իրենց բարեկամների, ազգականների միջոցով, աշխատանքի վայրում հաճախ աշխատում են նրանց կողքին: Չնայած Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տավուշցի կանանց թիվը շատ մեծ չէ, սակայն նրանց քանակը տարեցտարի ավելանալու միտում ունի: Ընդ որում, կանայք Ռուսաստանում աշխատում են մի քանի ամիս, հիմնականում ամառվա ընթացքում: Ռուսական ռուբլու փոխարժեքի նվազումը չի պակասեցրել Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տավուշցի կանանց քանակը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՕԳՆԵԼ Մ. ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, 2016 թվականի օգոստոսի 10-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին աջակցելու մեջ մեղադրվող կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի կնոջը՝ տիկին Արամյանին, ընդունել են վարչական շրջանի աշխատակազմում եւ քննարկել նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը: Այդ ուղղությամբ ներկայում տարվում են համապատասխան աշխատանքներ: Նշվածից բացի՝ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ներկայում աշխատանքներ են տարվում նաեւ միջազգային կազմակերպությունների հետ՝ համապատասխան ծրագրերի միջոցով Մհեր Մազմանյանի ընտանիքին, նրա երեխաներին այդ ծրագրերի շրջանակներում աջակցության հարցը լուծելու նպատակով: Մեր կողմից պահպանվում է նաեւ կապ Մ. Մազմանյանի կնոջ հետ: Պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում ցուցաբերվելու է հետեւողականություն Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցություն տրամադրելու կազմակերպման հարցում:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ Տավուշի մարզում անցկացվել է վերապատրաստման դասընթաց: Ծրագրի շահառուները սահմանամերձ գյուղերի` զինվորական հաշմանդամություն ունեցող եւ երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի անցած բնակիչներն են: Նպատակը հետագայում նրանց զբաղվածության խնդիրը լուծելն է: Արդյունքում` ծրագրում ընդգրկվել է մարզի Մովսես, Այգեձոր, Չինարի, Արծվաբերդ, Չինչին, Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար համայքների եւ Բերդ քաղաքի զինվորական հաշմանդամություն ունեցող եւ երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի անցած 20 շահառու: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ Բերդի արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվել է եռամսյա մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որի մասնակիցները ստացել են համապատասխան վկայագրեր: Նախատեսվում է, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ եւ կընդգրկի հանրապետության բոլոր մարզերը:




Լրահոս