Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը հերքել է Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որով հերքել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում համաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի Օմբուդսմենի կայքէջում տեղ գտած ապատեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի աշխատակազմի լրատվական ծառայությունը։
Եվրոպայի Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Ի պատասխան կայքի հոդվածին Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը հայտնում է, որ այն տեղեկատվությունը, թե պարոն Յուրի Հայրապետյանը հեռացվել է կոնֆերանսից, իրականությանը չի համապատասխանում: Յուրի Հայրապետյանը չի հեռացվել կոնֆերանսից: Ճշմարտությունն այն է, որ Գլխավոր քարտուղարը Գլխավոր Ասամբլեայի պաշտոնական հանդիպման ժամանակ արգելել է Ադրբեջանի ներկայացուցչին քաղաքական հայտարարություններ անել: 
Պարոն Յուրի Հայրապետյանը` Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը տարիներ ի վեր հանդիսանում է Եվրոպայի Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական “անհատական” անդամե:
Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղի ունեցած Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի 25-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի ելույթից հետո խոսք է խնդրել Ադրբեջանի Օմբուդսմենի ներկայացուցիչը (Օմբուդսմենը բացակայում էր)` բողոք հայտնելով համաժողովին ԼՂՀ Օմբուդսմենի մասնակցության կապակցությամբ:
Միջադեպից հետո Ադրբեջանի Օմբուդսմենի պաշտոնական կայքում տեղադրվել է բացահայտ ապատեղեկատվություն այն մասին, թե իբր Ադրբեջանի ներկայացուցչի ելույթից հետո Յուրի Հայրապետյանին հեռացրել են համաժողովից: Ընդ որում, այս ապատեղեկատվությունը Ադրբեջանի Օմբուդսմենի կայքէջում տեղադրվել էր միայն ադրբեջաներեն լեզվով:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Օմբուդսմենների համագործակցության և հետևողականության արդյունքում երեկ Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը պաշտոնապես հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը:
Պաշտպանի աշխատակազմ
 
 




Լրահոս