Ռուսաստանը սկսել է Հայաստանին 200 միլիոն դոլարի չափով վարկի շրջանակներում զենքի մատակարարումը, գրում է «Իզվեստիա» պարբերականը:
Բացի զինտեխնիկայի մատակարարումից՝ ռուսական կողմը կզբաղվի նաև հայ ռազմական մասնագետների վերապատրաստմամբ:
Այս տեղեկությունը «Իզվեստիա»-ին հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Զենքի մատակարարումն արդեն սկսվել և կշարունակվի, դրան զուգահեռ անձնակազմի վերապատրաստում և անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներ կիրականացվեն»,-«Իզվեստիա»-ին հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ընդ որում, նա հրաժարվել է հայտնել, թե ինչ դրանք ինչ համակարգեր են և ինչ ժամկետում կմատակարարվեն:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մեր դաշնակիցը: Մենք որոշակի փոխադարձ պարտավորություններ ունենք, և Ռուսաստանը կշարունակի կատարել իր պարտավորությունները»,- օգոստոսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուս ռազմական փորձագետ Անդրեյ Ֆրոլովը պարբերականին հայտնել է, որ Մոսկվան Հայաստանին կմատակարարի նույն զենքը, ինչն ավելի վաղ ձեռք էր բերել Ադրբեջանը: «Այդ մատակարարումներն, անկասկած, կբարելավեն ռազմական բալանսը՝ ի օգուտ Երևանի»,-կարծիք է հայտնել փորձագետը: