Ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հետեւյալ խնդրով.
“Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի” 20-րդ կետի համաձայն՝ “Ավագանու հերթական նիստի օրակարգի նախագիծը կազմում է Քաղաքապետը` Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ուղեկցական գրությամբ ներկայացրած նախաձեռնություններիցե: Ս.թ. նոյեմբերի 11-ին՝ Ավագանու հերթական նիստից երկու շաբաթ առաջ Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Գագիկ Բաղդասարյանը Կանոնակարգով սահմանված բոլոր պահանջների պահպանմամբ եւ ուղեկցական գրությամբ իրավական ակտի նախագիծ (Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին) են ներկայացրել Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին:
Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի 21-րդ հոդվածը նկարագրում է դրան հաջորդող ընթացակարգը հետեւյալ կերպ. “Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը Իրավական ակտի նախագիծը եւ դրան կցված փաստաթղթերը մեկ օրվա ընթացքում տրամադրում է Ավագանու անդամներին, Քաղաքապետի նշանակած գլխադասային Հանձնաժողովին եւ Քաղաքապետարանի աշխատակազմին: Գլխադասային Հանձնաժողովը եւ Քաղաքապետարանի աշխատակազմը Ավագանու հերթական նիստից առնվազն տաս օր առաջ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին են ներկայացնում նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները: Նույն ժամկետում նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Ավագանու անդամները”:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը վերոնկարագրյալ ընթացակարգի համաձայն 1 օրվա ընթացքում Ավագանու խմբակցություններին է տրամադրել իրավական ակտի նախագիծը՝ կից փաստաթղթերով: “Բարեւ Երեւան” խմբակցությունը հաստատում է, որ արդեն նոյեմբերի 12-ին խմբակցությանն են տրամադրել շրջանառության մեջ դրված իրավական ակտի նախագծի 6 օրինակ՝ խմբակցության յուրաքանչյուր անդամի հաշվով:
Նոյեմբերի 13-ին նշանակված է եղել Երեւանի ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որին մասնակցելու են գնացել ոչ միայն հիշյալ հանձնաժողովում “Բարեւ Երեւան” խմբակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանն ու Արթուր Գասպարյանը, այլեւ իրավական ակտի նախագծի համահեղինակ Անահիտ Բախշյանը՝ այն սպասումով, որ հանձնաժողովը, ի թիվս այլ նախագծերի, կքննարկի նաեւ այդ մեկը:
“Սակայն մեծ եղավ բոլորիս զարմանքը, երբ հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ այդ նախաձեռնությունից, հանձնաժողովին ուղարկված՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի գրության մեջ այն հիշատակված չէ իբրեւ հանձնաժողովի քննարկման իրավասության ներքո գտնվող նախագիծ: Հեղինակներիս առաջարկին՝ նախաձեռնության քննարկումը ներառելու հանձնաժողովի օրակարգում, չընդունվեց 2 պատճառաբանությամբ.
1. Ավագանու անդամները չեն ստացել իրավական ակտի նախագիծը,
2. Բացակայում է նախագծի քնարկման համար գլխադասային հանձնաժողով նշանակելու մասին քաղաքապետի որոշումը:
Հենց հանձնաժողովի նիստում պարզվեց, որ իրավական ակտի նախաձեռնությունը ստացել են բոլոր խմբակցությունները. ԲՀԿ խմբակցության անդամները իրենց խմբակցության փորձագետից պարզեցին, իսկ ՀՀԿ խմբակցության փորձագետն էլ տեղում հայտարարեց, որ ստացել են նախագիծը /ավագանու անդամներից շատերը նախընտրել են դրանք ստանալ էլեկտրոնային տարբերակով, իսկ “Բարեւ Երեւանի” խնդրանքով դրանք տրամադրվում են թե էլեկտրոնային, թե թղթային տարբերակով/: Հետագայում պարզվեց, որ ավագանու բոլոր անդամներն այն ստացել են էլեկտրոնային տարբերակով: Այդպիսով, վերացավ բերված պատճառաբանություններից առաջինը, սակայն Քաղաքապետի կողմից գլխադասային հանձնաժողով նշանակելու որոշման բացակայությունը /ինչը իմպերատիվ պահանջ է քաղաքապետի համար/ հիմք մնաց նախաձեռնությունը չքննարկելու ու դրա վերաբերյալ եզրակացություն չտրամադրելու համար: Հանձնաժողովի նախագահը եւ անդամները համաձայնեցին մինչեւ ավագանու նոյեմբերի 25-ի նիստը հանձնաժողովի մեկ այլ կամ արտահերթ նիստ հրավիրել, եթե իրենց հնարավորինս արագ տրամադրվի նշված նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողով նշանակելու քաղաքապետի որոշումը:
Սկզբում թվում էր, թե սա կարող է անփութության հետեւանք լինել: Սակայն Երեւանի քաղաքապետարանաի պաշտոնական կայքում տեղադրվել է ավագանու նոյեմբերի 25-ի նիստի նախագիծը (http://www.yerevan .am/1_325_announc_325), որում ներառված 15 հարցերի մեջ եւս բացակայում է Ս.Սաֆարյանի, Ա.Բախշյանի, Գ.Բաղդասարյանի հեղինակած իրավական ակտի նախագիծը: Սա այն դեպքում, երբ կրկնվենք, Երեւան քաղաքի ավագանու կանոնակարգի 20-րդ կետը սահմանում է, որ Երեւանի քաղաքապետը նիստի օրակարգի նախագիծը կազմում է ոչ թե քմահաճորեն, իր նախապատվություններով, այլ “Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն երկու շաբաթ առաջ ուղեկցական գրությամբ ներկայացրած նախաձեռնություններիցե, որոնց մեջ մտնում է նաեւ վերոնշյալ նախագիծը: Առայժմ չենք ցանկանում հեռուն գնացող ենթադրություններ կատարել, որ Կանոնակարգի սույն խախտումը միտումնավոր է կատարվել եւ թելադրվել է Երեւանի քաղաքապետի կողմից:
Հավելյալ հայտնում ենք, որ այդ նախագծի հեղինակներից ոչ մեկը բանավոր կամ գրավոր կարգով չի դեմել Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ նախագծի քննարկումը հետաձգելու առաջարկությամբ, ոչ էլ տվել է նման համաձայնություն:
Հիմք ընդունելով վերոգրյալը, ստիպված ենք արձանագրել, որ Քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից խախտվել է կանոնակարգի պահանջը եւ դրա արդյունքում՝ իրավական ակտի նախագծի հեղինակ ավագանու անդամներիս իրավունքը:
Ակնկալում եւ պահանջում ենք, որ առաջիկա օրերին անհապաղ իրավական հարցերի հանձնաժողովին կտրամադրվի նախագծի քննարկման համար գլխադասային հանձնաժողով նշանակելու քաղաքապետի որոշումը, լրացում կկատարվի քաղաքապետարանի կայքէջում հրապարակված նիստի օրակարգի նախագծում՝ այնպես, որ Կանոնակարգով սահմանված ժամկետներում հնարավոր լինի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին ներկայացնել թե՛ հանձնաժողովի եզրակացությունը, թե՛ առաջարկությունները՝ դրանք ավագանու նոյեմբերի 25-ի նիստում քննարկելու համար:
Ինչպես փաստարկվել է Ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստում, իրավական ակտի նախագծի քննարկումը այս ժամկետում՝ մինչեւ Երեւան քաղաքի բյուջեի ընդունումը հրատապ է, քանի որ ավագանու որոշման ընդունումը ենթադրում է Երեւանի 2014թ. բյուջեում ավագանու նիստերի առցանց հեռարձակման համար թեկուզեւ փոքր, բայց ծախսի ներառում”,- ասված է նամակում:
Նշենք, որ Ստյոպա Սաֆարյանը նամակը քաղաքապետին եւ աշխատակազմի քարտուղարին է հղել իրավական ակտի նախագծի հեղինակների անունից: