5 ՀՈԳՈՎ 6 ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «ՀՀ-ի կողմից ԼՂ անկախության ճանաչման մասին» օրինագծի քննարկումը մեկ հետաքրքիր նրբություն ուներ. երեկ ԱԺ-ում այս նախագիծը քննադատում էր նաեւ նույն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Եթե նման բան տեղի ունենար մեծաքանակ խմբակցության դեպքում, ապա դա միգուցե հասկանալի լիներ, սակայն երբ 4-հոգանոց խմբակցությունում մարդիկ իրար չեն հասկանում, արդեն տարակուսելի է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կեսկատակ ասաց, թե Արզումանյանը դեմ է անմտությանը. «Նա ապացուցում է, որ ԼՂ խնդրում կուսակցություններ ու ֆրակցիաներ չկան: Նա դնում է համազգային խնդիրներ»: Նշենք, որ նախագծի քվեարկությունը կայանալու է այսօր, եւ բացի ՀՅԴ-ից, որը կողմ է քվեարկելու նախագծին, մյուս խմբակցությունները, այդ թվում` ոչ կոալիցիոն ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, պարզապես չեն մասնակցելու դրան, քանի որ կարծում են` սա հարմար պահը չէ ԼՂՀ անկախությունը ճանաչելու համար: Ասել է թե՝ Հայաստանի համար կարեւորագույն՝ Արցախի հարցում ՀՀ Ազգային ժողովում դեռեւս չկա կոնսոլիդացիա:




Լրահոս