Երեկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը դարձյալ շատ թեժ է անցել: Կրկին վիճաբանել են հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նիստի օրակարգում եղել է մինչեւ տարեվերջ 3 լսում անցկացնելու հարցը, ինչը դուր չի եկել Ջհանգիրյանին, նա անիմաստ է համարել դա՝ առաջարկելով բավարարվել 1 լսումով: Նահապետյանը պոռթկացել է, թե ինքն է հանձնաժողովի նախագահը ու ինչպես որոշի, այդպես է լինելու: Նրա այդ պահվածքը զայրացրել է Ջհանգիրյանին, որն իրենից երիտասարդ պատգամավորին կոռեկտության կոչ է արել: Վեճն այնքան է թեժացել, որ վրդովված պատգամավորների ձայները լսվել են նաեւ ԱԺ նոր մասնաշենքի երրորդ հարկում: Իսկ նիստին ներկա կին փորձագետներն ու օգնականները հապշտապ հեռացել են դահլիճից: Հիշեցնենք, որ սա կողմերի առաջին վեճը չէ. նման մի վեճ էլ եղել էր այս տարվա հունիսին, երբ բանը հասել էր բռունցքներին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ