ԱԺ ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը, պատրաստվում են այս քառօրյայի ավարտից հետո՝ հենց հինգշաբթի երեկոյան, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել. նպատակը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելն է: ԱԺ 4 խմբակցությունների ներկայացուցիչները եւ անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանն այդ առիթով արդեն իսկ հանդես են եկել համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ:
Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2014թ. հունվարի 1-ից: Այդ օրենքի համաձայն՝ 1974թ. հետո ծնված ՀՀ քաղաքացիները, որոնք ստանում են ամսական մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ, մյուս հարկ-վճարումներից բացի, կենսաթոշակային հիմնադրամին պարտավոր են վճարել ստացած գումարի 5 տոկոսը: Եվ դա վճարելու են իրենց աշխատավարձից: Ասել է թե՝ ՀՀ քաղաքացիների եկամուտը հունվարի 1-ից պարզապես նվազելու է: Եթե հաշվի առնենք Հայաստանում սրընթաց գնաճը, ապա դժվար չէ ենթադրել, որ ՀՀ քաղաքացիներն ապրելու են շատ ավելի վատ, քան այժմ:
Ու հիմա ոչ կոալիցիոն ուժերն առաջարկում են ոչ միայն մեկ տարով հետաձգել օրինագծի կիրառումը, այլեւ այդ ընթացքում մասնագետների ու շահագրգիռ անձանց հետ քննարկել այդ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, քանի որ ԱԺ ընդունած օրենքում շատ են նաեւ հակասահմանադրական դրույթները:
Մասնավորապես ՀՀ Սահմանադրության 8-րդ կետի համաձայն՝ «ՀՀ-ում ճանաչվում եւ պաշտպանվում է սեփականության իրավունքը»: Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կուտակելու իր սեփականությունը»: Սահմանադրության 34-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` բնակարանի, ինչպես նաեւ կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար»: Սահմանադրության 48-րդ հոդվածում էլ ասված է. «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներն են` նպաստել բնակչության զբաղվածությանը եւ աշխատանքի պայմանների բարելավմանը…»:
Սակայն քաղաքացուն պարտադրելով իր աշխատավարձի 5 տոկոսը վճարել կենսաթոշակային ֆոնդին՝ իշխանությունները մարդկանց զրկում են իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքից: Բացի այդ՝ ՀՀ քաղաքացիներն այդպես զրկվում են կենսական նվազագույն պայմաններ ապահովելու հնարավորությունից, ասել է թե՝ հարված է հասցվում մարդկանց բարեկեցությանը, սա նաեւ ենթադրում է պետության կողմից աշխատանքային պայմանների վատթարացում: Ավելին, պետությունը, որ պետք է միջոցներ ձեռնարկեր մարդկանց այդ իրավունքի ապահովման համար, ընդհակառակը, կենսաթոշակ վճարելու «բեռն» իր ուսերից գցում է քաղաքացիների վրա:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նախաձեռնել է արտահերթ նիստ հրավիրելու գործընթացը, երեկ՝ ԱԺ հայտարարությունների ժամին, իշխանական մեծամասնությանը կոչ արեց, նույնիսկ խնդրեց չտապալել արտահերթ նիստը, քանի որ, ըստ նրա, քննարկվում է կենսական նշանակության հարց: Մինասյանի խոսքով՝ այս պահին չկա լիցենզավորված կազմակերպություն, որը կիրականացնի պարտադիր կուտակային համակարգի շրջանառությունը: Նշենք, որ ըստ ԿԲ-ի՝ առայժմ միայն 2 ընկերություն է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացրել. դրանք են` «ԱՄՈՒՆԴԻ» ընկերությունն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի հետ եւ «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը «Տալանքս» խմբի անդամ` «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերության հետ: ՀՅԴ-ական պատգամավորը նախազգուշացրեց, որ այդ համակարգը կարող է երկիրը հասցնել ֆինանսական ճգնաժամի:
Մինչ այդ, նկատենք, որ այս օրինագիծն արդեն իսկ առաջացրել է շատերի դժգոհությունը, եւ արդեն իսկ սկսել են ձեւավորվել համապատասխան նախաձեռնություններ: Հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախազգուշացրեց իշխանություններին. «Օրենքի այս դրույթը հազարավոր քաղաքացիների բողոք է առաջացրել եւ սպառնում է դառնալ իշխանությունների հետ հասարակության առճակատման մի նոր պատճառ… Մենք համարում ենք պարտադիր վճարումները կուտակային հիմնադրամներին ոչ այլ ինչ, քան կառավարության կողմից «մոգոնված»` ժողովրդի ունեզրկման եւս մեկ գործիք, նախ` որովհետեւ նման դրույթը ոտնահարում է քաղաքացիների իրավունքը` տնօրինելու իրենց սեփականությունը, եւ երկրորդ` քանի որ երկրում ստեղծված անառողջ քաղաքական եւ տնտեսական կլանաօլիգարխիկ համակարգի պայմաններում հնարավոր չէ որեւէ հավատ ընծայել իշխանության հովանավորչությամբ ստեղծվող կուտակային հիմնադրամների նկատմամբ»:
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ