ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒ Է
Առաջիկայում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղի գործունեությունը դադարեցվելու է: Սրա վերաբերյալ որոշում կկայացվի ՀՀ կառավարության վաղվա նիստում: Նախագիծը ներկայացնելու է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ փաստաթղթի՝ հողատարածքը հանձնվելու է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը: Նշենք, որ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում 2012-2013 ուստարում սովորել է 612 ուսանող, աշխատակազմը եղել է 204 մարդ: Իսկ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում 2012-2013 ուստարում սովորել է 3227 ուսանող, եղել է 422 աշխատակից:
ԾՈՎԻՑ ԾՈՎ
Ի դեմս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ ՀՅԴ-ն ձեռք է բերել լուրջ մրցակից: Բանն այն է, որ Փոստանջյանը երեկ՝ իր հեղինակած «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է, թե ինքը, սրանից բացի, հետամուտ է լինելու նաեւ «Թուրքիայի կողմից Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի «օկուպացիայի» հարցի բարձրացմանը», եւ չի բացառվում, որ այդ նպատակով եւս նախագիծ ներկայացնի: Փաստորեն, այսպես Փոստանջյանը լուրջ մարտահրավեր է նետել ՀՅԴ-ին` նրա ձեռքից խլելով պատմական հայրենիքը վերադարձնելու եւ ծովից ծով Հայաստան կերտելու` արդեն 100 տարի շարունակ ներկայացվող ծրագիրը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ում այս հայտարարությունը լուրջ իրարանցում է առաջացրել, ու չի բացառվում, որ նրանք առաջիկայում հրատապ, գաղտնի ժողով հրավիրեն:
ԾԱՆՐ ՕՐԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջիկա օրերին բավական ծանր ժամեր են սպասվում. այսօր ԱԺ-ում կմեկնարկեն 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Իսկ դա նշանակում է, որ ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» համար ստեղծվել է հերթական առիթը` կառավարությանը դաժան «հարցաքննության ենթարկելու», իսկ այնուհետեւ` անխնա քննադատելու համար: Երեկվանից արդեն ԱԺ խմբակցություններում լուրջ իրարանցում էր. նրանք մանրակրկիտ կերպով պատրաստվում էին կառավարության դեմ «հարձակման»: Եթե հաշվի առնենք, թե այս ընթացքում որքան է վատացել ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը, դժվար չէ ենթադրել նաեւ այդ չորս խմբակցությունների քննադատությունների տոնայնությունը:
2 ՄԼՆ ԴՐԱՄ
ԵԽ-ի պատգամավորներ, Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Չ. Թանոքի ու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռ. Չարնեցկու` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստան կատարած այցը բավական թանկ է նստել ՀՀ պետական բյուջեի վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ-ում նրանց գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաեւ այցի ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար պետական բյուջեից ծախսվել է 2 մլն 166 հազար դրամ: