Ո՞ՒՐ ԵՆ ԿՈՐԵԼ ԸՆԿՈՒԶԵՆԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ընկուզենու այգիները կազմում են շուրջ 1890 հեկտար, որից մոտ 1740 հեկտարը բերքատու տարիքի ծառեր են: Թվային տվյալը մեր փոքրիկ Հայաստանի համար թերեւս փոքր չի թվում, սակայն տրամաբանական է, որ հայաստանցին նախ բերքը տեսնի՝ գնահատելու համար այս կամ այն ծառի բերքատվությունը: Մեր ավանդական ընկույզի՝ պոպոկի պարագայում հայ սպառողը, անշուշտ, բերք տեսնում է, բայց առավելապես ոչ հայկականը. ըստ ՀՀ մաքսային ծառայության տրամադրած տվյալների՝ Ուկրաինայից, Նիդերլանդներից եւ ԱՄԷ-ից միայն 2013-ին ներկրվել է 31.000 տոննա ընկույզ՝ ավելի մեծ ծավալով, քան նախորդ տարի: Այսպիսով՝ ո՞ւր են մեր բերքատու ընկուզենիները, եւ ո՞ւր է դրանց բերքը:
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ Հայաստանում ընկուզենիները զանգվածաբար հատվում են: Ընկուզենու բարձրորակ փայտն արտահանվում է ու դառնում «Մերսեդես» մակնիշի մեքենաների համար «շինանյութ»: Այդ մեքենաների ներքին հարդարումը՝ հատկապես ղեկի շրջանում, պատրաստում են փայտից: Եվ Հայաստանի որոշ օլիգարխներ, ընկուզենու փայտը անարգել արտահանելով, կլորիկ գումարներ են աշխատում:
Պետական բոլոր օղակներում, ինչ խոսք, հերքում են այս լուրերը, սակայն տեղական ընկույզի սակավությունն էլ չեն կարողանում փաստարկված հիմնավորել:
Մինչդեռ ընկույզի մշակման համար Հայաստանն ունի բարեբեր հողեր, բնակլիմայական նպաստավոր պայմաններ: Ինչպես ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից (ԳՆ) հավաստեցին, ընկույզի բերքատվությունն էլ վատ չի եղել այս տարի, բայց փաստն այն է, որ մեծածավալ ներկրում ենք իրականացրել. ընդ որում, այս տարի ավելի շատ, քան նախորդ տարիներին:
«Մեր երկիրն այնքան շատ ընկուզենիների այգիներ չունի, որպեսզի չներկրենք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նրա խոսքով՝ պոպոկի հարցը հիմնովին կլուծվի, երբ «Հայկական միրգ»  բաժնետիրական ընկերության այգիները բերքատու դառնան. «Կառավարության «Հայկական միրգ» նախաձեռնությունը Հայաստանի 3 մարզերի վրա է տարածվում՝ Արագածոտն, Տավուշ, Վայոց Ձոր: Հիմնվելու են այգիներ, որոնց 50 տոկոսը՝ շուրջ 150 հեկտար, ընկուզավորներ են լինելու, մնացածը՝ կորիզավորներ: 12 տարուց այգիների բերքը տեսանելի կլինի»:
Իսկ մինչ այդ, 12 տարի շարունակ արտերկրի գյուղատնտեսությունը պիտի զարգացնենք՝ դրսից ընկույզ ներկրելով: Միայն ընթացիկ տարում ՀՀ է ներկրվել 31.000 տոննա ընկույզ՝ 1 կգ-ն 2200 դր. միջին մաքսային արժեքով: Այս թիվն ավելի մեծ է, քան 2012-ին:  Իսկ նախորդ տարի ՀՀ է ներկրվել 25.000 տոննա ընկույզ՝ 1 կգ-ն 1700 դր. միջին մաքսային արժեքով: Ներկրման ծավալների ավելացումն արդյոք ուղիղ համեմատական չէ Հայաստանի ընկուզենիների թվի նվազեցմանը. ըստ ԳՆ-ի՝ ոչ: Չնայած ընկուզենու՝ հենց պոպոկ տեսակի  հողատարածքների մասին առանձնացված վիճակագրություն չկա, այդուհանդերձ, Ս. Գալստյանը նշեց, որ ներկրման ծավալի ավելացումն ընդամենը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանում հրուշակեղենի գործարանների ավելացմամբ. «Հրուշակեղենի գործարանները սկսել են ընկույզն ավելի շատ օգտագործել իրենց տեսականու մեջ, հիմա նաեւ մարդիկ սուջուխ են շատ սարքում. համարյա բոլոր Ռուսաստան գնացողները հետները ընկույզից պատրաստված սուջուխ են տանում»:
ԳՆ փոխնախարարի խոսքերից կարելի է եզրակացնել, որ կա՛մ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում հրուշակեղենի նոր, գաղտնի գործարաններ են բացվել, կա՛մ էլ փոխնախարարն ընդունում է՝ արտագաղթն այնքան է մեծացել, որ Ռուսաստան մեկնողների` իրենց հետ տարվող ընկույզի սուջուխը կազմում է շուրջ 9 հազար տոննա:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս