ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ ԼԱԿՈՏԻ ՉԱՓ ԷԼ ՉԿԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախապես ցավակցում եմ դերասան Վարդան Պետրոսյանի հետ կատարված ավտովթարի պատճառով զոհված երկու երիտասարդների հարազատներին եւ մերձավորներին: Լսելով կատարվածի մասին` պատկերացնում եմ նրանց վիշտը, անդառնալի կորստի դժբախտ ու տանջալի ապրումները:
Նույն բանը կատարվել է ինձ հետ, երբ 2011թ. Արմավիրի մարզում իմ եղբոր անչափահաս որդին` Գեւորգ Սուքիասյանը, կարիքից ու սոցիալական վիճակից դրդված դաշտում աշխատելիս ենթարկվեց տրանսպորտային վթարի, եւ այս դեպքում եւս կորուստն անդառնալի էր:
Չնայած նրան, որ կատարվածի մեջ ոչ մի դիտավորություն չկար, եւ ընդամենը շատ չարաբաստիկ դժբախտ պատահար էր, այնուհանդերձ, այն մի անչափահաս երեխայի կյանք արժեցավ: Այդ դեպքում հիմնական մեղավոր, տրակտորիստ կոչեցյալը չուներ վարորդական իրավունք:  
Ես` որպես հայ, ղարաբաղյան պատերազմի ճանապարհով անցած մարդ, հասկանալով իրավիճակը, որ անդառնալի կորուստ է տեղի ունեցել, ինչ էլ անեմ` տղան ետ չի գա, եւ ես պարզապես ինքս իմ ցավի մեջ պետք է տառապեմ ու վերջ: Իբրեւ տուժող կողմ՝ մնացածը թողեցի դատարանի հայեցողությանը:
Եվ ի՞նչ կատարվեց. մինչեւ դատավարությունը ոչ մի օր կասկածյալը չձերբակալվեց, գոնե մինչեւ դատավարությունը ձերբակալեին, որպեսզի դաս լիներ էդ լակոտին, իսկ դատավարության արդյունքում դատարանի դահլիճից ազատ արձակեցին:
02.11.2011թ. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը 2 տարի հարկադիր տույժ նշանակեց, եւ որքան ցավ ապրեցի, երբ տեսա, թե ինչպես հարազատները նրան համբուրելով, շնորհավորելով իրենց հանցագործ լակոտին նստեցրին մեքենան ու տարան տուն: Այդ օրվանից զզվում եմ ուսներին փալանչա գցած դատավորներից: Չափազանց աննկարագրելի եւ դժվար է կրկին հիշել ու վերապրել այդ ամենը, եւ ես չէի էլ անի այդ, եթե ինձ չմտատանջեր մարդկային խիղճը, որ տանջում է Վարդան Պետրոսյանի հետ կատարվածի շուրջ:
Ավտովթարների ավելի քան 95 տոկոսը կատարվում է պատահական, ոչ միտումնավոր, եւ բոլորիս հայտնի է, որ ավտովթարից երկու կողմն էլ տուժում են ե՛ւ բարոյապես, ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես: Բոլորս էլ հասկանում ենք, որ ժողովրդի կողմից հարգված, վաստակաշատ դերասան Վարդան Պետրոսյանն ամբողջովին հասկանում է եւ պատրաստ է կրել կատարվածի ողջ պատասխանատվությունը:
Հեռուստացույցով տեսնելով նրա վիճակը՝ հասկանում ես մարդու հոգեկան, բարոյական ու առողջական ծանր վիճակն ու ապրումները:
Թողե՛ք՝ ուշքի գա, ի՞նչ եք կալանավորման «օյին-զոյին» անում: Ձեր մեջ մարդկային խիղճ չկա՞: Մի՞թե Վարդան Պետրոսյանն էդ տրակտորիստ լակոտի չափ էլ չկա:

ՄԿՐՏԻՉ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(«Արծիվ» մահապարտների
գումարտակի մահապարտ)




Լրահոս