Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր է գնահատում Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հաղթանակը. «Շատ կարևորում եմ և կարող եմ ասել, որ մեր քաղաքն այսօր ցնծության մեջ է, պետությունը` ևս, որովհետև քսան տարի անց մենք նորից ունեցանք ոսկե մեդալ, արծաթե մեդալ: Գիշերով շնորհավերել ենք, քաղաքում հրավառություն ենք կազմակերպել և սպասում ենք մեր մարզիկների վերադարձին»:
Պատասխանելով ArmLur.am-ի այն հարցին, թե ինչու է անմխիթար վիճակում գտնվում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը, և ինչ են պատրաստվում անել, Բալասանյանը պատասխանեց. «Շատ մտահոգ ենք, մեր առաջարկով Կառավարության որոշումների մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան դպրոցը վերանորոգելու հարցը: Գագիկ Ծառուկյանը ևս խոստացել է. անելու ենք ամեն ինչ, որ նոր և հարմարավետ շենք կառուցվի»:
Մեր այն հարցին, թե երբ է մտել Կառավարության որոշումների մեջ, Բալասանյանը նշեց. « Շատ շուտվանից է այդ հարցը բարձրաձայնվել, սակայն ֆինանսավորում չլինելու համար շինարարությունը չի իրականացվել: Ինձ թվում է` այս աննախադեպ հաջողությունը նույնպես կլինի արգումենտ, որպեսզի այդ դպրոցի վերանորոգման հարցը լուծվի: Իհարկե, մենք մեր ուժերով դպրոցի խնդիրները որոշակիորեն լուծում ենք, բայց դա բավարար չէ»:
Մարզադպրոցի լուսանկարները՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից