Այս տարի մի շարք միջոցառումներով նշվեց հայկական ջազի 75-ամյակը։ ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը մեր ջազի տարիքին է, ինչի առթիվ վաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո։ Մինչ այդ ներկայացնում ենք հայկական ջազի մասին «Ժողովուրդ»-ի զրույցը մաեստրոյի հետ (սկիզբը` նախորդ համարում):
-Հոբելյանական տարի հասկացությունը, նախեւառաջ, հաշվետվություն է եւ առաջին հերթին՝ ինքնահաշվետվություն։ Ովքեր հետաքրքրվում են ջազով, լավ գիտեն, որ այս տարի բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, համերգներ եղան, բայց տարին դեռ չի ավարտվել, եւ ասելիք ու անելիք դեռեւս կա։ Մասնավորապես «ՄԵՑՑՈ փրոդաքշըն»-ի ներկայացրած ծրագիրը հետաքրքիր էր թե՛ իր հյուրերով, թե՛ միջոցառումների բազմազանությամբ։ Եվ հայ երաժիշտները նորից բեմ ելնելու ու ոչ թե միայն սրճարաններում նվագելու հնարավորություն ստացան։ Ի դեպ, ջազը Հայաստանում երբեք արգելված չի եղել։ Միշտ գործել են ջազային ակումբներ, որոնք երբեմն փակվել են, որովհետեւ միշտ չէ, որ հաճախորդներն իսկապես ջազի սիրահարներ, գնահատողներ են եղել, եւ ոմանք ինքնահաստատման կամ այլ պատճառով բռունցքների միջոցով են փորձել հարցեր լուծել։
Հայկական ջազի պատմությունը հետաքրքիր է՝ սկսած Այվազյանի (ես խոսում եմ պետական նվագախմբի մասին), ապա Օրբելյանի կատարած մեծ աշխատանքով, այժմ նրանց գործը շարունակում է Արմեն Հյուսնունցը, ով փոխարինեց Արմեն Մարտիրոսյանին։ Կնշեմ նաեւ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, որի խաղացանկում տեղ են գտել ոչ միայն հայկական էստրադայի լավագույն կատարումները, ձայնագրությունները (ցավոք, հիմա դրանք դադարեցված են, բայց հույս կա, որ նորից կվերսկսեն, որը խթան կլինի հայ կոմպոզիտորների համար), այլեւ ինքնատիպ ու ընտրովի, դասականից մինչեւ այսօրվա հնչողություն ունեցող ջազային ստեղծագործությունները։ Բայց ցանկալի կլիներ, որ այդ հնարավորությունները մի քիչ ավելին լինեին եւ գուցե աբոնենտային բնույթ կրեին՝ ֆիլհարմոնիկ համերգներով, ջազային երաժշտության օրերով… Շատ լավ նախաձեռնություն էր, օրինակ, սիմֆո ջազի փորձը, որը պետական ջազ նվագախումբն անցկացրեց երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ցանկալի կլինի, որ նման եւ այլ միջոցառումները նույնպես լինեն պետական հովանավորության ներքո։ Հետաքրքիր էր, երբ մեր պետական ջազ նվագախումբը Լունդստրեմի նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես եկավ… Ի դեպ, շատերն են զարմանում եւ հիանում մեր կատարողներով, բայց ես չեմ ուզում անուններ նշել. գեղեցիկ չի լինի, եթե մեկին մոռացած լինեմ։ Մի խոսքով՝ մեր ներուժը մեծ է, բայց ասպարեզն է փոքր այդ բոլորի համար։
-Ի՞նչ պետք է արվի ասպարեզը մեծացնելու եւ անճաշակ երաժշտությունը բեմից, եթերից հեռացնելու համար։
-Երեւի հարկավոր է մեր նախաձեռնությամբ անցկացնել ջազային փառատոներ՝ հրավիրելով նաեւ դրսից։ Այսօր քաղաքապետարանի հնարավորությունները դա թույլ չեն տալիս, բայց հեռանկարում նման մտահղացումներ կան։ Շատ լավ կլինի, որ բոլոր դպրոցներն ունենան փողային նվագախումբ, որովհետեւ դա ձեւավորում է հասարակական մարդու զգացողությունը կոլեկտիվում։ Բիզնեսային աստիճանի հասած շոուների հաճախակի կրկնություններն ընտելացնում են ցածր ճաշակի, որից հետո դժվար է վերականգնել իսկականը, արժեքավորը։ Բարեբախտաբար, մեզ մոտ կան փայլուն երաժիշտներ, որոնք իրենց հաշվին գնում, պատվով ներկայացնում են դասական, ջազային բնագավառի մեր արվեստը, արժանանում են առաջին մրցանակների… Բայց ամեն դեպքում անհրաժեշտ է պետական հովանավորություն թե՛ դասական, թե՛ ջազային, թե՛ ժողովրդական երաժշտության լավագույն նմուշները ներկայացնելու համար, որպեսզի նաեւ նորերը ծնվեն։
«ՆԵՐՈՒԺԸ ՄԵԾ Է, ԱՍՊԱՐԵԶԸ՝ ՓՈՔՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարցազրույցը՝ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ