ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակն ու տարածությունը թերեւս միշտ խոսում են, գործում հանճարների օգտին: Որքան մեծանում է տարածությունը մեր Մեծերի եւ ներկայի միջեւ, որքան ժամանակով հեռանում ենք նրանցից, այնքան ավելի են ընդգծվում այդ վառ անհատականությունները, ավելի են շողշողում նրանց ադամանդափայլ էությունները՝ ի վերուստ  թագադրված «Ստեղծողից անմեկին»:
…100-ամյա օպերային հանրաճանաչ, անզուգական երգիչն իր նմանն այլեւս չունեցավ մեր երգարվեստում:
Հիրավի, հանճարները ծնվում են 100 տարին մեկ… Ավագ Պետրոսյանը չի ապրել 100 տարի, բայց ծնվել է 100 տարի առաջ եւ իր ծնունդով քայլել է իր ժողովրդի հետ 100 տարի եւ մնացել իբրեւ չգերազանցված մարմարակերտ սյուն ու խոյակ, վեմ ու գմբեթ,  զանգակատուն:
Հայ ժողովրդի պատմության տարեգրությունն իր ձայնի հզոր, աներեր ելեւէջներում բյուրեղացրած մեծ վարպետը զարմացրեց ու հիացրեց հանդիսատեսին, կախարդեց ու իր  «գերին» դարձրեց դասական արվեստի սիրահարներին:
Նրա արվեստի երկրպագուներն ազգություն չունեին, նրանց հոգիները ճախրում էին Ավագ Պետրոսյանի երգի թեւերին, սրտերը՝ զարկում նրա ձայնի ռիթմերով… եւ այդպես՝ մինչեւ մեր օրերը եւ այդպես՝ մինչեւ աշխարհի վախճանը:
2013թ. նոյեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվեց ականավոր երգչի 100-ամյակը: Տոն, որը երեւանցիների համար նշանավորվեց դասական արվեստի ասես մի նոր զարթոնքով: Տոն, որի  շրջանակներում խնկարկելով մեծ երգչի հիշատակը՝ խնկարկվեցին նաեւ մեզնից հեռացած մեր մեծերը՝ Գոհար Գասպարյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Վարազդատ Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Տիգրան Լեւոնյանը:
…Որքան սիրառատ «անուշներ» են խենթացել բեմում, երբ Սարո-Ավագ Պետրոսյանը դարձել է թումանյանական Լոռվա հինավուրց աշխարհի հինավուրց սովորույթների, ադաթների զոհը, ու բարձր սարերը դարձել են սիրող զույգերի կործանման վկան…
Համաշխարհային դասականների աշխարհաճանաչ օպերաների գլխավոր դերերգերի կատարողն անզուգական ձայնով մի նոր աստիճանի էր բարձրացնում հայկական ռոմանսներն իր ինքնատիպ կատարումներով՝ արժանանալով հայ եւ համաշխարհային երաժիշտների բարձր ու հիացական գնահատականներին:
Կոչումնե՞ր…  ուներ, դափնինե՞ր… եւս, սակայն ժողովրդի սերն էր այն պատվանդանը, այն  պատվարը, որով իրեն ամուր էր զգում: Դահլիճներում թնդացող ծափահարություններն ու «բռավո»-ներն էին իր կոչումները, իր՝ հայի լավագույն տեսակի ամենաթանկ պարգեւները, որոնք չեն ժանգոտվում, չեն խամրում երբեք: Նոյեմբերի 5-ը դարձավ մեկ դար չապրած եւ, այնուամենայնիվ, մեկ դար առաջ ծնված հայազգի նշանավոր երգչի, մեծ արտիստի կյանքի ու հիշողության ձոներգը, ուր թագավորում էր Ավագ Պետրոսյանի ձայնը, նրա՝ հավերժի մեջ ճախրող հոգին:
Գեղեցիկ կատարումներ, գնահատանքի խոսքեր ու հուշեր… Ելույթ ունեցան Կոմիտասի անվ. պետական քառյակը, Ռուբեն Մաթեւոսյանը, օպերային թատրոնի մեներգիչներ եւ բալետի մենապարուհիներ: Նվագախումբը ղեկավարում էին Յուրի Դավթյանը եւ Կարեն Դուրգարյանը: Երեկոյի բեմադրիչն էր Հրաչյա Աշուղյանը:
Հեռավոր Շվեյցարիայից թոռնուհու՝ Արա Պետրոսյանի դստեր՝ տաղանդավոր դաշնակահարուհի Մինիոնա Պետրոսյանի Բրամսի «Ինտերմեցցո»-ի ապշեցնող կատարումը նվեր էր պապիկի 100-ամյա հոբելյանին: Հետո նվագավարի փայտիկը շարժվեց, եւ Ավագ Պետրոսյանի որդու՝ Արա Պետրոսյանի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախումբը  կատարեց Բիզեի «Կարմեն» օպերայի նախերգանքը: Նվագախումբն ասես զարթոնք ապրեց: Դահլիճը որոտընդոստ ծափահարություններով ընդունեց երաժշտին, արվեստասերներն ասես վերագտան նրան, ում երկար էին փնտրել ու սպասել՝ թերեւս իրենց ենթագիտակցության  խորին ծալքերում:
Մեր բեմի Մեծ տիկին Վարդուհի Վարդերեսյանն իր ելույթով ասես բարձրակետն էր այդ տոնախմբության…
Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը եւ օպերային թատրոնի  սիմֆոնիկ նվագախումբը անփոխարինելի մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ եզրափակեց հոբելյանական երեկոն Վերդիի «Նաբուկո» օպերայից «Գերիների խմբերգով»:
Ծափեր, ծափեր, բռավոներ… եւ այդ ամենն աշնանաշունչ օրվա մեջ դարձավ հսկա, առինքնող մի ծաղկեփունջ՝ սփոփելու հարյուրամյա հոբելյարի երբեք չմոռացվող, երբեք չկրկնվող տեսակի, անձեռակերտ բարձունքների փեշերին բազմած նրա հոգին:

ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
բանաստեղծուհի, լրագրող




Լրահոս