«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հայտնում է, որ Դավիթը կալանավայրից իր փաստաբանի միջոցով կոչ է հղել ժողովրդին` Անդրիաս Ղուկասյանի հետ կապված: Կոչում ասվում է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շուրջ 18 օր է, ինչ իմ բախտակից, պայքարակից ընկերը` քաղաքական բանտարկյալ Անդրիաս Ղուկասյանը, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել: Նա իրեն սովի մատնած, չորս պատի մեջ միայնակ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կռիվ է տալիս հանուն ազատության։
Հարգելի՛ ընկերներ, գիտեմ, որ այս պարագայում ձեզանից շատերն են անհանգստացած Անդրիասի առողջական վիճակով, սակայն անջատ-անջատ կոչեր անելն ու անհանգստանալն այս գործում ոչ մի օգուտ չեն բերի:
Ուստի, կոչ եմ անում` միավորվել Ազատության Հրապարակում, և համախմբված և մարդաշատ հրապարակով դիմել Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի նա դուրս գա հացադուլից և պայքարի իր բաժին էստաֆետը ժամանակավորապես հանձնի ձեզ:
Դիմում եմ որպես նախկինում հացադուլ արած քաղաքացի, որպես ձեր ընկեր` ես ինքս Անդրիասին անհատական կոչով չեմ դիմի, բայց կմիանամ ձեր միասնական կոչին: