Անշարժ գույքի կադաստրի պաշտոնատար անձն ամբաստանյալի աթոռին է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզվում է` 2012 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի որոշմամբ Գուրգեն Պողոսյանը նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթների բաժնի պաշտոնատար անձ և հիմա հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի մայիսի 12-ին Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը նոր քրեական գործ է ուղարկել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ՀՀ ԿԱ անշարժ գույքի պաշտոնատար անձ Գուրգեն Պողոսյանի նկատմամբ գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է պաշտոնեական անփութությանը. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:

Թե կոնկրետ ինչ է արել Գուրգեն Պողոսյանը, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց դետալներով պարզել: Միայն հայտնի է, որ այս գործով դատավոր է նշանակվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պաշտոնատար անձ Գուրգեն Պողոսյանի նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: Գործը գտնվում է դատաքննությունների փուլում: Իսկ թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ապագան ցույց կտա:

Քնար Մանուկյան




Լրահոս