Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում անցկացվող «Ուսանողական ամառ 2016» մարզամշակութային փառատոնին օգոստոսի 17-ին հյուրընկալվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Տեղեկացնենք, որ փառատոնն անցկացվում է օգոստոսի 13-19-ը` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Դիլիջանում ՀՀ վարչապետը բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի, ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանի և պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի հետ շրջեց մարզաառողջարանի տարածքում` ծանոթանալով ճամբարական առօրյային: Կառավարության ղեկավարը ողջունեց ճամբարականներին, եղավ ճամբարի տնակներից մեկում, ծանոթացավ պայմաններին և զրուցեց ուսանողների հետ: Հովիկ Աբրահամյանը ճամբարականների հետ միասին հետևեց նաև վոլեյբոլի առաջնության եզրափակիչ խաղին, որում ուժերն էին չափում «Շահումյան» և «Քարվաճառ» ջոկատները: Հաղթող «Շահումյան» ջոկատը գավաթը ստացավ հանրապետության վարչապետից:
Վոլեյբոլից հետո հերթը թենիսինն էր: Հովիկ Աբրահամյանը եղավ նաև հրաձգարանում, փորձեց կրակելու իր հմտությունը` արժևորելով Հայաստանի և Արցախի աշխարհաքաղաքական արդի պայմաններում զենքին տիրապետելու կարևորությունը: Վարչապետը ճամբարականների հետ մասնակցեց տոնական խնջույքին, ուսանողները հնարավորություն ունեցան մտերմիկ միջավայրում կառավարության ղեկավարին ուղղել բուհի, կրթական համակարգի ու երիտասարդության խնդիրների վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ: Իսկ երեկոն ավարտվեց ավանդական խարույկի շուրջ մտերմիկ զրույցով, որը տևեց մինչ ուշ գիշեր:
Նշենք, որ փառատոնն ընթանում է «Մենք Արցախն ենք» խորագրով, որի ընթացքում Տնտեսագիտական համալսարանի 6 ֆակուլտետները ներկայացնում էին Արցախի տարբեր շրջանները: Փառատոնի 6 մրցութային օրերի ընթացքում մասնակից ջոկատներն իրենց ուժերն են չափել մարզական և մշակութային տարբեր մրցույթներում` վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս, պարանի ձգում, երգ և պար: Առանձնահատուկ տեղ է հատկացված ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացմանը: Ուսանողները մասնակցել են նաև հրաձգության մրցույթին, հաղթահարել անտառային արգելագոտին, ինչպես նաև կազմակերպվել են ճանաչողական երեկույթներ և ռազմահայրենասիրական այլ ծրագրեր, արշավներ դեպի պատմամշակութային տարբեր կոթողներ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն