“ՀՀ դատական դեպարտամենտ” պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը կալանավորվել է։ “Փաստինֆո”-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամիս ժամկետով։ Նա մեղադրվում է ինչպես աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, այնպես էլ` դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման գործով։
Ինչպես ավելի վաղ “Փաստինֆո”-ն տեղեկացրել էր, Մ.Մարտիրոսյանին խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք առաջադրվել էր դեռեւս սեպտեմբերին։ Կաշառքի միջնորդի դերում, մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, հանդես է եկել Դատական դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանը, ով աշխատանքից ազատվել է 2013 թվականի հուլիսին։ Այս դրվագով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ընդ որում, հիշեցնենք, որ հենց այս գործով քննիչը սեպտեմբերի 26-ին որոշում էր կայացրել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին եւ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:
Երկրորդ քրեական գործը վերաբերում է արդեն դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման բացահայտված դեպքերին, որի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին, վերջինիս տեղակալ Գագիկ Խաչատրյանին, իսկ մյուս տեղակալի՚ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մանրամասն` “Փաստինֆո”-ում