«Էրեբունի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 1-ին մահացած Վարդենիսի բնակիչ, 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան դեպքի առնչությամբ նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
Կարինե Աղաբեկյանի հարազատները գտնում են, որ կնոջ վիճակի վատացման պատճառները՝ շնչահեղձություն և արյունահոսություն, զուգորդվել են, և քանի որ բուժող բժիշկը՝ Սարգիս Բարսեղյանը, սկզբնական շրջանում ուղղակիորեն բուժ. անձնակազմից թաքցրել է Կ.Աղաբեկյանի վիճակի վատացման փաստը մինչև այն ժամանակ, երբ այլևս անհնար է եղել թաքցնելը:
Նրանք նշում են, որ կգնան մինչև վերջ և արյունը ջուր չի դառնա:
Կարինե Աղաբեկյանի վիճակի վատացումը և նույնիսկ անդառնալի համարվող հետևանքները՝ թոքերի այտուց, գլխուղեղի այտուց, առաջացել են 19.08.2015 թվականի ժամը 13:50-ից մինչև 14:30-ը, ինչը համապատասխանում է առաջին վիրահատության ավարտի և ախտորոշիչ հիստերոսկոպիկ միջամտության ժամանակահատվածին:
Հիշեցնենք, որ մինչ «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելն Աղաբեկյանը եղել է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» ՝ Մարգարյան հիվանդանոցում: Նա օգոստոսի 19-ին վիրահատվել է, վիրահատությունից հետո 14 օր գիտակցության չի եկել: «Էրեբունի»-ում բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո չեն կարողացել փրկել կնոջ կյանքը:
Նշենք, որ «Մարգարյան» հիվանդանոցում գրանցված կնոջ մահվան ևս մեկ դեպք հասել է ՄԻԵԴ: