Արքեպիսկոպոս. Երեխաների սպանությունը գերագույն ոճիր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 17-ին Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված հայ երեխաների համար:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, թե մինչ հոգեհանգիստը հավուր պատշաճի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը, ով սրտի մեծ ցավով ու կսկիծով անդրադարձավ մեկ շաբաթ առաջ Դամասկոսի Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանում տեղի ունեցած ողբերգությանը: Սրբազան Հայրը խստագույնս դատապարտեց նմանօրինակ անմարդկային գործողությունները` նշելով, որ երեխաների սպանությունը գերագույն ոճիր է, քանի որ վերջիններս անկախ իրենց կրոնական պատկանելությունից, պիտի վայելեն ամենքի խնամքն ու պաշտպանությունը:
Զոհվածների ծնողներին ու հարազատներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցությունները` Ոսկան Սրբազանը, հոգեւորականաց դասին ու ներկա բոլոր հավատացյալներին  հրավիրեց անմեղ զոհերի հոգիների հանգստության համար կատարվելիք միասնական աղոթքի:




Լրահոս