Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետդումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից համատեղ նոյեմբերի 17-ին անցկացված նիստի ավարտին ընդունվել է հայտարարություն:
“Ժառանգություն” կուսակցությունն այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. “Վիճահարույց հայտարարությանը դեմ են արտահայտվել եւ դեմ քվեարկել միայն երկու ընդդիմադիր քաղաքական գործիչներ` “Ժառանգությունից” Թեւան Պողոսյանը եւ ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վերը նշված հայտարարության այն դրույթի, համաձայն որի՝ կողմերը ողջունում են Մաքսային միությանը Հայաստանի միանալու եւ Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու մտադրությունները մերժելի են:
Ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից նման հայտարարություններ ընդունելը ոչ միայն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը, անկախության ոգին եւ հայոց ամբողջականության ու միասնության գաղափարը, այլ նաեւ վկայում է ՀՀ ներկայացուցչական մարմնի` օտար շահերը հլու հնազանդ սպասարկելու պատրաստակամության մասին, եւ չի կարող ունենալ իրավազորություն, քանի որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, եւ ժողովուրդը նման լիազորություն չի տվել` հանդես գալու իր անունից:
Տարեսկզբին մի խումբ անձանց կողմից բռնակեղծիքներով Բաղրամյան 26-ում տեղակայված ու գործի դրված ծրագիրն իրականացնողները, որեւէ իրավասություն չունենալով ներկայացնելու ՀՀ քաղաքացիներին, պատրաստակամություն են հայտնում մասնակցելու Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը առավել կոռումպացված եւ կատարելագործված օլիգարխիկ տնտեսական համակարգով բռնապետական ռեժիմների վերահսկողությանը հանձնելուն:
“Ժառանգություն” խմբակցությունը խստորեն դատապարտում է վերոնշյալ հայտարարության ընդունումը, ՀՀ բոլոր ներկայացուցչական մարմինների կողմից այլ երկրների շահերը մեր ազգային ու պետական շահերից վեր դասելը եւ կոչ է անում ընդդիմանալ ու խափանել Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված կործանարար հանձնառությունը”,- ասվում է հաղորդագրության մեջ: