Ինչպես են ծախսվել ապրիլյան պատերազմից հետո բացված հաշվեհամարի գումարները. տեղեկանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ից Արցախում բացված հատուկ հաշվեհամարին մինչ օրս փոխանցվել է 4 միլիարդ 661 միլիոն դրամ, որից հուլիսի 1-ի դրությամբ ծախսվել է 2 միլիարդ 101 միլիոն դրամ: Ստորեւ ներկայացնում ենք հատուկ հաշվեհամարից մինչեւ հուլիսի 1-ը կատարված ծախերի վիճակագրությունը` ըստ ԼՂՀ կառավարության տրամադրած տեղեկանքի.

– փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 597,826,000 ՀՀ դրամ: Այդ միջոցները տնօրինել է պաշտպանության նախարարությունը՝ ըստ իր կարիքների եւ առաջնահերթությունների: – ռազմական նշանակության տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերում՝ 736,529,100 ՀՀ դրամ:

– ինժեներական աշխատանքների կատարում՝ 356,452,800 ՀՀ դրամ: Այս աշխատանքները ներառել են դիրքերի ամրացում, խրամուղիների քանդում, թիկունքային ճանապարհների կառուցում/բարեկարգում, հակատանկային փոսերի ցանցի բարելավում եւ այլն:

– ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացում՝՝ 198,859,700 ՀՀ դրամ: Այս ծախսերի միջոցով բարելավվել են առաջնագծին սպասարկող ենթակառուցվածքները եւ արդիականացվել են կապի միջոցները:

– զորակոչված քաղաքացիներին եւ կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 532,372,100 ՀՀ դրամ:

Ֆինանսական աջակցություն է տրվել միայն ԼՂՀ գրանցում ունեցող այն կամավորներին, ովքեր կա՛մ գործազուրկ/ինքնազբաղված էին եւ որոշակի եկամուտ են կորցրել կամավորության ընթացքում, կա՛մ հաստատագրված գումարի չափից (օրական 5,000 ՀՀ դրամ) ավելի ցածր աշխատավարձ էին ստանում, թեեւ իրենց աշխատավարձերը պահպանվել էին կամավորության ժամանակահատվածում: Այսինքն՝ կամավորներն իրենց մատուցած ծառայության դիմաց ստացել են օրական 5,000 ՀՀ դրամ փոխհատուցում՝ ներառյալ աշխատողների աշխատավարձերը:

Բացի կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարներով կատարված աշխատանքներից, տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք եւս առանձին աջակցություն են ցուցաբերել հատկապես տեխնիկական միջոցների, մեքենաների եւ անհրաժեշտ այլ պարագաների տրամադրման տեսքով:

Իսկ ինժեներական աշխատանքների մի զգալի մասը կատարվել է շինարարական մասնավոր ընկերությունների կողմից՝ կառավարության մասնակի ֆինանսավորմամբ:




Լրահոս