Ինչպես հայտնի է, օգոստոսի 15-ին ԼՂՀ խորհրդարանը հրապարակեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ` հասկանալու` արդյոք այժմ Արցախում մե՞ծ էր փոփոխությունների անհրաժեշտությունը:
«Որովհետև շուտով ավարտվում է Արցախի ղեկավարի լիազորությունների ժամկետը, և քանի որ մայր Հայաստանում նման օրինակը բարեհաջող կիրառվել է՝ ինչը՞ պետք է խանգարեր, որպեսզի Ստեփանակերտը Երևանից օրինակ վերցներ: Ակնհայտ է, որ դրանում որևէ անհրաժեշտություն չկար, նամանավանդ, որ Արցախը ֆիկտիվ հանրապետություն է: Այն իրականում Հայաստանի մարզ է՝ կարևորագույն մարզ, և դրա կարիքն Արցախում ամենևին չկար»,- ասաց քաղաքագետը:
Մարտիրոսյանի խոսքով, մինչ Հայաստանում հաջորդ տարի տեղի է ունենալու «պետության կառավարման համար պատասխանատվության լղոզում»՝ նախկին կառավարիչների մնալով հանդերձ, ապա Արցախում նախատեսվում է առավել կենտրոնացնել իշխանությունը մեկ կենտրոնում: «Սահմանադրության փոփոխությունը յուրաքանչյուր այդ տարածքում իր ուրույն խնդիրն է լուծում, և այն ներկայիս իշխանությունների դիրքերի բարելավումն է և սեփական իշխանության երկարացմանը զուգահեռ՝ առավել մեծ լծակների ստացումը»,- իր խոսքը եզրափակեց Մարտիրոսյանը: