«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն տևական ժամանակ է՝ քաղաքական դաշտում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն: Իսկ ի՞նչ են մտածում այս առնչությամբ ԲՀԿ-ականները: Armlur.am-ը փորձեց պարզել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից:
-Տիկի´ն Զոհրաբյան, տեղեկություններ կան, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հնարավոր է առաջիկայում վերադառնա քաղաքականություն: Դուք այս մասին ի՞նչ գիտեք:
-Քաղաքականությունից հեռանալու որոշումը եղել է բացառապես եւ միայն Գագիկ Ծառուկյանի որոշումը եւ քաղաքականություն վերադառնալու որոշում կարող է կայացնել միմիայն Գագիկ Ծառուկյանը։
-Իսկ այս մասով Ձեր եւ կուսակիցների դիրորոշումը ինչպիսի՞ն է:
-Ես բազմիցս ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ` թե´ ես, թե´ կուսակցությունը միանշանակ կողջունենք, եթե պարոն Ծառուկյանը կայացնի քաղաքականություն վերադառնալու որոշում:
-Տիկի´ն Զոհրաբյան, ըստ Ձե`զ ժողովուրդն ինչպե՞ս կընդունի ԲՀԿ նախկին առաջնորդի վերադարձը:
-Ժողովրդի վերաբերմունքը Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին միանշանակ դրական է:
Զրուցեց Արփինե Թովմասյանը