Ում` ի՞նչ պատիժ են տալու. ի՞նչ հանգուցալուծում ստացավ Սուրիկ Խաչատրյանի մտերիմների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականին Սյունիքի մարզի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հասավ իր հանգուցալուծմանը:

Հիշեցնենք, որ 2015 մայիսի 2-ին մարզպետի մտերիմները ծեծի էին ենթարկել Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին: Ի սկզբանե Զաքարյանների հարազատները կատարվածում մեղադրում էին մարզպետի որդուն, ինչի հետեւանքով Տիգրան Խաչատրյանը ազատազրկվեց, սակայն ավելի ուշ նրան ազատ արձակեցին, քրեական հետապնդումն էլ դադարեցրին: 2015 թվականին նշյալ ծեծի գործով նախաքննությունը ավարտվեց եւ նոյեմբերի 11-ին ուղարկվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի առաջ կանգնեցին Սուրիկ Խաչատրյանի մտերիմները` Յուրի Մանուչարյանը, Դերենիկ Հակոբյանը, Շահում Դավթյանը, վերջինիս եղբայր Սեյրան Խաչատրյանը, նրա որդին՝ Էյներ Խաչատրյանը, Մայիս Խաչատրյանը:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ գործով մեղադրող դատախազը պահանջել է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը ամբաստանյալներ Շահում Դավթյանին, մարզպետի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին` Աղլարին, նրա որդուն` Էյներ Խաչատրյանին ազատազրկման դատապարտեն 1,5 տարով, Մայիս Խաչատրյանին եւ Դերենիկ Հակոբյանին՝ 2,5 տարով, իսկ, ահա, Յուրի Մանուչարյանին` 5,5 տարով:
Տեղեկացնենք, որ այս գործով դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 29-ին: Դատելով ստեղծված իրավիճակից՝ մեկուկես տարի առաջ տեղի ունեցած աղմկահարույց գործի կուժն ու կուլան կոտրվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմակից Յուրի Մանուչարյանի գլխին, քանի որ, ինչպես նկատում ենք, մեղադրող դատախազը մարզպետի ազգականների համար բավականին մեղմ պատիժ է ուզում, իսկ Մանուչարյանի համար` առավելագույն:

Նշենք, որ այս գործով դատական նիստերն արդեն 9 ամիս է, ինչ ընթանում են, սակայն գործով տուժող Մուշեղ Զաքարյանն այդպես էլ չի ներկայացել դատական նիստերին: Գրել էինք, որ դատարանը ծանուցագիր էր ուղարկել Զաքարյանների տուն, սակայն նրանք հայտնել էին, որ Մուշեղը երկրում չէ եւ չի կարող ներկայանալ դատական նիստերին: Իսկ, ահա, Հարություն Զաքարյանը, որը միջադեպի արդյունքում վնասել էր աչքը, չնայած բազմաթիվ վիրահատություններին, այդպես էլ չկարողացավ վերականգնել աչքի տեսողությունը: Եւ հիմա ում ինչ պատիժ էլ տան, անհամարժեք է լինելու տուժողի ստացած վնասվածքին:

Քնար Մանուկյան




Լրահոս