ԱՆՏԵՂՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստորեն, երբ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը «խորհուրդ էր տալիս Տիգրան Սարգսյանին ավելի ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որն ինքը պատրաստվում էր ստորագրել ԵՄ հետ», մի բան գիտեր: Երեկ պարզ դարձավ, որ ՌԴ նախագահի վարչակազմում բավականին տեղեկացված են ՀՀ կառավարության ղեկավարի աշխատաոճի մասին եւ գիտեն, որ նա կարող է եւ ծանոթ չլինել Հայաստանի Հանրապետության անունից իր կուսակցապետի ստորագրած կարեւորագույն միջպետական փաստաթղթերի բովանդակությանը: Այդ մասին երեկ հայտարարեց նաեւ ինքը` Տիգրան Սարգսյանը` ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարցի: ԲՀԿ-ական պատգամավորը մեջբերեց հոկտեմբերի 25-ին Մինսկում Մաքսային միության անդամ երկրների գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների խորացման հուշագրի այն հատվածը, որով «Հայաստանը հռչակում է իր մտադրությունը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք ուղղված են Մաքսային միության եւ միասնական տնտեսական գոտու շահերի դեմ», ապա հետաքրքրվեց, թե ով եւ ինչպես է որոշելու` Հայաստանի որ հայտարարությունն է հակասում Մաքսային միության շահերին, եւ, ընդհանրապես, որն է Մաքսային միության շահը: Ի պատասխան Տիգրան Սարգսյանը հարցրեց. «Նման հայտարարություն ո՞ր փաստաթղթում է առկա»: Եվ երբ Նաիրա Զոհրաբյանը կրկին հիշեցրեց, թե խոսքը որ փաստաթղթի մասին է, վարչապետն ուղղակի ապշեցուցիչ պատասխան տվեց. «Ես կծանոթանամ այդ ամբողջական փաստաթղթի հետ, որի վրա Դուք հղում եք կատարում, եւ կտամ Ձեզ լրացուցիչ պարզաբանումներ: Բայց կարծում եմ, որ քաղաքական հայտարարություններով չեն, որ որոշվում են ՀՀ տարբեր ճյուղերի լիազորությունները, ուստի որեւէ մեկը չի կարող մեզ կաշկանդել մեր հայտարարություններում»: Այսպիսով` ՀՀ վարչապետը, փաստորեն, ի լուր բոլորի հայտարարեց, որ նախ` Հայաստանի Հանրապետության անունից Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվող փաստաթղթերը նախապես չեն քննարկվում եւ համաձայնեցվում անգամ երկրի վարչապետի հետ: Բացի այդ՝ Տ. Սարգսյանը նաեւ ի ցույց դրեց իր պաշտոնական անգործությունը, քանի որ իբրեւ երկրի վարչապետ, նաեւ ԱԱԽ անդամ՝ նա ուղղակի պարտավոր է տեղյակ լինել երկրի նախագահի կողմից ստորագրված նման կարեւորության միջպետական փաստաթղթի բովանդակությանը: Եվ, ի դեպ, այդ «ամբողջական փաստաթուղթը», որին այսպիսի ուշացումով ծանոթանալու պատրաստակամություն հայտնեց Տ. Սարգսյանը, կազմում է ընդամենը մեկ էջ, եւ այն հրապարակվել է հենց ստորագրման օրը:
Հ.Գ. Մի բանում, իհարկե, Տ. Սարգսյանի հետ դժվար է չհամաձայնել: Ցավոք սրտի, իրոք` «քաղաքական հայտարարություններով չեն, որ որոշվում են ՀՀ տարբեր ճյուղերի լիազորությունները», հակառակ դեպքում իր բազմաթիվ խայտառակ քաղաքական հայտարարություններից հետո Տ. Սարգսյանը պետք է որ վաղուց որեւէ լիազորություն չունենար:




Լրահոս