«Քաղաքական գործիչը բոլոր բառերի, ստորագրությունների համար պատասխանատու է. Արմեն Մարտիրոսյանն արդարանում էր, ոչ թե մեղադրում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը գրավով փոխարինելուց հետո այսօր առաջին անգամ հանդիպեց լրագրողներին:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:

Արմեն Մարտիրոսյանը ասուլիսի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` նշեց, թե պատգամավորն իր մեջ մրցակից է տեսնում. «Զենք- զինամթերքը գտնվում է այն ոստիկանների մոտ, ովքեր անցնում են ժողովրդի կողքը, իսկ դրանք շատ են: Ես հիմա ասում եմ այն, ինչ-որ ես եմ նկատի ունեցել և խնդրում եմ այսուհետ, որևէ մեկն իմ խոսքերը ըստ իր հայեցողության չմեկնաբանի»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ուղղված մեկնաբանության մասին ArmLur.am-ը  զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ:

«Կարծում եմ, որ պարոն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ պետք է մտածի, ծանրութեթև անի, նոր նման հայտարարություններ անի: Օրինակ, նա ասում է, որ պարոն Փաշինյանն իր մեջ մրցակից էր տեսնում, բայց պարոն Փաշինյանը 2009թ ընդհատակում է եղել, որից հետո երկու տարի բանտում է եղել»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ բանտում եղած ժամանակ, դժվար, թե Նիկոլ Փաշինյանը մտածեր Արմեն Մարտիրոսյանն իր մրցակիցն է, թե ոչ:

«Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ խոսափողն օգտագործում է, դրա հետեւում թաքնվում, բա 2013թ., երբ Րաֆֆի Հովհաննիսյանի միտինգին Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր անում, չէ՞ր թաքնվում խոսափողի հետեւում։ Կամ 2013թ., երբ «Ժառանգություն» կուսակցությունից Բաղրամյան պողոտայում մարդ չէր մնացել գրեթե, եւ ժողովուրդը չգիտեր՝ առա՞ջ գնա, թե՞ հետ, բա ինչի՞ էին զանգում պարոն Փաշինյանին, կամ նա ինչու՞ էր այնտեղ կանգնած։ Պատմություն կա, ժամանակագրություն կա, չէ՞»։

Ինչ վերաբերում է Արմեն Մրտիրոսյանի հնչեցրած խոսքերին, մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքական գործիչը բոլոր բառերի, ստորագրությունների համար պատասխանատու պետք է լինի:

«Ես հակված եմ մտածելու, որ պարոն Մարտիրոսյանն ավելի շատ արդարանում էր: Իմ մոտ, համենայնդեպս, տպավորությունն այդպես էր: Քաղաքական գործիչը չի կարող իր խոսքերի համար չկրել պատասխանատվություն։ Ինքը նաեւ հղում է անում «Հայկական ժամանակ» օրաթերթին, որն ունի իր խմբագիրը, որը պարոն Փաշինյանը չէ, նյութն ունի իր հեղինակը։ Եթե Արմեն Մարտիրոսյանն օրինապաշտ է, ի՞նչն է խանգարում, որ նա դատի տա, օրինակ, լրագրող Պետրոս Պետրոսյանին եւ հերքում պահանջեր։

Այդ լուրը գրվելուց երեք-չորս տարի հետո Արմեն Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միտինգի։ Ինչ վերաբերում է նրան, թե իր կալանքի տակ գտնվելու ժամանակ է Նիկոլ Փաշինյանը Արմեն Մարտիրոսյանի հասցեին հայտարարություններ արել, ապա ես նման բան չեմ հիշում։ Մի՞գուցե սխալվում եմ, եւ ճիշտ կլինի, որ պարոն Մարտիրոսյանը փաստեր ներկայացնի, թե ինքը որ օրն է կալանավորվել, եւ դրանից հետո պարոն Փաշինյանը որեւէ բան ասե՞լ է։ Ես շատ լավ հիշում եմ, որ կալանավորումից հետո, երբ լուր տարածվեց, որ Արմեն Մարտիորսյանին ազատ արձակելու համար ստորագրահավաք է սկսվել, Փաշինյանի խնդրանքով անձամբ ես եմ զանգահարել Ռուբեն Հակոբյանին եւ հայտարարել, որ պարոն Փաշինյանը պատրաստ է այն ստորագրել։ Երբ ինքը ասել է, որ հանձնել է թղթերը, ես նաեւ ասել եմ, որ մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել, որպեսզի Արմեն Մարտիրոսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության մյուս անդամները րոպեներ առաջ ազատ արձակվեն»։




Լրահոս