Սերժ Սարգսյանը լիովին արդարացնում էր Քոչարյանի կողմից ուժի կիրառումը. «Վիկիլիքս»-ի հերթական բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հանրայնացված սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Օրդուեյը: Վերջինս պատմում է 2004թ. ապրիլին Հայաստանում ընթացած բավականին սուր քաղաքական պայքարի մասին:

Նկատելի է, որ 2004թ. ապրիլի 12-13-ի իրադարձությունները նաեւ արտաքին ուժային կենտրոնների համակ ուշադրության ներքո էին, եւ օտարերկրյա դիվանագետները իշխանություններից բռնարարքների համար հաշիվ պահանջելու իրավունք էին իրենց վերապահում: Այդ պատճառով էր, որ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 13-ին իր մոտ էր հրավիրել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյին` վերջինիս ներկայացնելու իրավիճակն ու իր գործողությունների տրամաբանությունը:
Հետաքրքիր է, որ այլոց հաշիվ տալու հանդեպ բնածին տհաճություն ապրող Քոչարյանը պատրաստ է եղել իր գործողությունները բացատրել ամերիկացիներին: Նա դեսպանին հայտնում է, որ հանդիպումը նպատակ ուներ խորհրդակցել ներքին քաղաքական իրավիճակի շուրջ: Օրդուեյը շեշտում է, որ Քոչարյանն ամբողջությամբ հակված չի եղել իրավիճակը հեշտությամբ հաղթահարելու ուղղությամբ եւ դատախազին հանձնարարել է, որ քրեական հետապնդում սկսեր ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Դեսպանը փորձել է համոզել Քոչարյանին խուսափել նման ծայրահեղ քայլերից եւ չգնալ ընդդիմադիրներին պատժելու ճանապարհով: Օրդուեյը բացատրել է, որ խուսափելով ընդդիմադիրներին քրեական պատասխանատվության ենթարկելու քայլերից` իշխանությունը կկարողանա իրավիճակն ավելի չլարել: Դիվանագետը հատկանշում է, որ քրեական հետապնդում չպետք է իրականացվեր նույնիսկ այն ընդդիմադիրների դեմ, որոնց գործողություններում նման հանցակազմի տարրեր, այնուամենայնիվ, կային:

Ամերիկյան դիվանագետը քննադատում է նաեւ ընդդիմության պահվածքը: Ըստ նրա` ընդդիմադիրներն իրենց անկյուն էին մղել, երբ փակել էին Երեւանի Բաղրամյան պողոտան: Օրդուեյը բացասաբար է գնահատում, որ ընդդիմությունը հաղթանակ հռչակելու ու տուն գնալու փոխարեն նախընտրել էր փակված պահել փողոցը` չարաշահելով իշխանությունների համբերությունը:

Վերջինիս հատնումից հետո էլ ընդդիմադիրները երկխոսության գնալու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցաբերել: Նա քննարկումներ է ունեցել ինչպես բողոքի գործողությունները առաջնորդող Ստեփան Դեմիրճյանի ու Արտաշես Գեղամյանի, այնպես էլ այլ ընդդիմադիր գործիչների հետ: Օրդուեյը փոխանցում է, որ ընդդիմադիրները բացարձակ զայրացած են եղել իշխանությունների գործողություններից:

Դիվանագետը նկատում է, որ ընդդիմության ղեկավարները կատարյալ ցուքցվանգի մեջ են եղել` չիմանալով ինչպես առաջ շարժվել, սակայն միեւնույն ժամանակ կտրականապես մերժել են իշխանության հետ քննարկումներ ունենալու հնարավորությունը: Օրդուեյը ընդդիմության ծայրահեղ կեցվածքը հակադրում է այնժամ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ու ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտեցմանը, որով երկուսն էլ կողմ էին քաղաքական պայքարը խորհրդարան եւ քաղաքակիրթ ճանապարհ տեղափոխելուն:

ԱՄՆ դեսպանն արձանագրում է, որ ընդդիմությունն անհաղթահարելի խոչընդոտներ ուներ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու քաղաքական գծում: Ըստ դիվանագետի` թեեւ ընդդիմադիրներն անկեղծ վստահություն ունեին, որ ժողովրդի մեծամասնությունը սատարում է իրենց պայքարն ու Քոչարյանին հանդուգն քայլերով հեռանալ ստիպելու մարտավարությունը, իրենք` ամերիկացիները, դրանում այնքան էլ հավատացած չէին: Օրդուեյը շեշտում է, որ ընդդիմադիրներն անկարող են եղել համաձայնության գալ որեւէ դրական պլատֆորմի շուրջ եւ ստիպված են համախմբել ժողովրդին Քոչարյանի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքի հիման վրա միայն:

Արդյունքում, դեսպանի կարծիքով, ընդդիմությունն իրեն դրել է մի փակուղու մեջ, որից ելքերը բավականին մշուշոտ են: Շեշտելի է, որ այն ժամանակվա տիտղոսակիր ընդդիմադիրները այդ դեպքերից հետո լիովին կորցրին իրենց քաղաքական կշիռը եւ նախընտրեցին վերածվել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ գործող խամաճիկների: Թերեւս բացի մի քանի ընդդիմադիրներից՝ այն ժամանակվա հարթակի «ասպետները» ներկայումս Սերժ Սարգսյանի լավագույն պաշտպաններն են, ինչպես օրինակ` Արտաշես Գեղամյանը, Շավարշ Քոչարյանը, Վազգեն Մանուկյանը եւ այոք: Ի դեպ, դիվանագիտական մեկ այլ զեկուցագրի համաձայն` Սերժ Սարգսյանը լիովին արդարացնում էր Քոչարյանի կողմից ուժի կիրառումն ու ծանակում վերոնշյալ ընդդիմադիրներին:

Օրդուեյը եզրափակում է, որ իրավիճակը ծանր բեռ էր դրել Քոչարյանի ուսերին` կառուցելու համապատասխան քաղաքական մթնոլորտ, որը հնարավորություն կտա ընդդիմությանը փողոցից տեղափոխվել քաղաքական պայքարի դաշտ: Օրդուեյի տպավորությամբ կոալիցիոն բոլոր ուժերն էլ համաձայն էին երկխոսության գնալ ընդդիմության հետ, ինչը կարող էր տեղի ունենալ միայն Քոչարյանի նահանջի եւ ընդդիմության կողմից թշնամանքի վերացման միջոցով քաղաքական հարթակ վերադառնալու միջոցով: Ցավոք, ամերիկացի դիվանագետի կանխատեսումն իրականացավ, քանզի Քոչարյանն այդպես էլ ժամանակին ի վիճակի չեղավ քաղաքական պայքարի հարթակ ձեւավորել երկրում:

Հիշենք, որ 2007 խորհրդարանական ընտրություններից հետո այլեւս ակնհայտ էր, որ ընդդիմադիր դաշտը տրոհված է, իսկ քաղաքական դաշտը` ամայացած: Քոչարյանը, լինելով կուլիսային գործիչ, ի վիճակի չէր քաղաքական բանավեճ հրահրել ու գաղափարական հարթակներ ստեղծել հասարակական քննարկումների համար: Նա իր հակառակորդներին հեռացնում էր բռնի ուժի միջոցով` այդկերպ տեսնելով անարգել իշխանավարելու լավագույն ուղին: Հաշվի առնելով խաղաղ կյանքի, արտաքին հարաբերականորեն թույլ մարտահրավերների ու տնտեսական զարգացման ահռելի հնարավորությունները` հենց Քոչարյանի տարիներին էր վիճակված Հայաստանում քաղաքական ինստիտուտների ձեւավորումը, որը նրա իսկ գործողությունների արդյունքում վիժեցվեց:

Կարելի է ասել, Քոչարյանի ամենամեծ հանցանքն այն է, որ ապականեց սաղմնավորվող քաղաքական դաշտը` նոր գաղափարներին ու ազնիվ քննադատությանը հակադրվելով բռնի ուժով` իշխանությունը ամեն գնով պահպանելու մտահոգությամբ:

Ն. Հովսեփյան




Լրահոս