ՎԱԽԵՑՐԵԼ ԵՆ
Փոխվել է խորհրդարանական 4 խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստի անցկացման օրը. այն տեղի կունենա ոչ թե հինգշաբթի` ԱԺ քառօրյայի ավարտից հետո, այլ ուրբաթ՝ ժամը 12-ին: Երեկ արդեն հավաքվել է արտահերթ նիստի անցկացման համար անհրաժեշտ 44 ստորագրությունը: Հիշեցնենք, որ պատգամավորներն առաջարկում են մեկ տարով հետաձգել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը, եւ այդ ընթացքում փոփոխություններ կատարել ընդունված օրենքի մեջ: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ իշխող մեծամասնությունը նախապես համաձայնել է մասնակցել նիստին, քանի որ ՀՀԿ-ականները եւս մտահոգություններ ունեն: Մեր աղբյուրների պնդմամբ՝ այս օրերին ծրագրավորմամբ զբաղվող մի շարք երիտասարդներ նամակ են ուղարկել նախագահական նստավայր, կառավարություն, ԱԺ խմբակցություններին` նախազգուշացնելով, որ օրենքի կիրառման դեպքում իրենք պարզապես կարտագաղթեն: Բանն այն է, որ նրանց աշխատավարձը կազմում են 5-6 հազար դոլար, եւ օրենքի կիրառման դեպքում աշխատավարձի հսկա մասը մարդիկ ստիպված են վճարել որպես պարտադիր կուտակային կենսաթոշակ: Ու եթե այդ պատճառով երիտասարդներն արտագաղթեն, ՏՏ ոլորտում պարզապես աղետալի վիճակ կլինի:
ԲԼԵՖ Է
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը երեկ անխնա քննադատության է ենթարկել 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը: «Էս ի՞նչ բյուջե եք բերել»,-ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հարցրել է նա եւ ասել, որ իրականում ծրագրային բյուջետավորում չկա: «Դա բլեֆ է, դրանք խոսքեր են, փաստով չի ապացուցվում, բյուջեն նույնն է, ինչ նախորդ տարի»,-ասել է Բագրատյանն ու մեջբերել մի քանի օրինակ: Նախարարը փորձել է պաշտպանվել. «Այն, որ ասում եք՝ ծրագրային բյուջե չկա, ճիշտն ասած, ես կհամաձայնեի, եթե ասեիք, որ այն, ինչ որ ներկայացված է, գուցե ավելի լավ կարելի էր գրել կամ աշխատանքի տեղ կա»:
ԿՍՄԻԹՆԵՐ
ԱԺ նախագահ-վարչապետ հակասությունը երեկ հերթական անգամ երեւաց ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ: Հովիկ Արգամիչը կասկածի տակ դրեց Տ. Սարգսյանի ներկայացրած բյուջեն` հարցնելով. «Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն կետի վրա, որով նախատեսվում է 2014-ին արտահանման 4-տոկոսանոց աճ` դոլարային արտահայտությամբ, եւ հստակեցնել՝ Դուք վստա՞հ եք, որ այդ աճը կապահովվի»: Հ. Աբրահամյանը շարունակեց այդ թեման` մատնացույց անելով կառավարության գրանցած ձախողումներից մեկը. «Որովհետեւ 2013-ին կարծես չեն իրականանում, դրա համար հարցնում եմ»: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ պատասխանեց. «Իսկապես, դրանք կանխատեսումներ են, եւ հիմա դժվար է ասել՝ որքանով դրանք իրականություն կդառնան: Կառավարությունը որոշակի մեթոդիկա ունի, որով այդ կանխատեսումներն արվում են»: