Այս պահից սկսվում է նոր ժամանակների հերոսապատումը. Անուշ Ասլիբեկյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի հետ զրուցել է «Սասնա ծռերի» հետ կապված վերջին իրադարձությունների արդյունքում ձեւավորված ներքաղաքական իրավիճակի եւ դրա` մշակույթի վրա ունենալիք հնարավոր ազդեցության մասին:

-Անու՛շ, «Սասնա ծռեր»-ի` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը եւ դրան հաջորդած իրադարձությունները, ըստ Ձեզ, բարոյահոգեբանական առումով ի՞նչ ազդեցություն գործեցին հայ հասարակության վրա:

-Մեր անկախության շրջանի խոշորագույն ու կարեւորագույն իրադարձություններից եմ համարում «Սասնա ծռեր» շարժման ստեղծումը: Այո՛, այն շարժում կանվանեմ, քանի որ դա մեկ քայլ, որոշում եւ արարք չեմ համարում, «Սասնա ծռեր»-ը օգնեցին մեր հասարակությանը դուրս գալ դեռահասության շրջանից ու թեւակոխել հասունության շրջան, տեղի ունեցավ քաղաքացու գիտակցության կտրուկ բարձրացում, քաղաքացիական հասարակության ձեւավորման սկիզբ դրվեց: «Սասնա ծռեր»-ի ռադիկալ գործողությունների շնորհիվ ժողովրդի մի ստվար մաս ոչ միայն համարձակություն ունեցավ ավելի ուղիղ նայելու մեր թշվառ ու անմխիթար իրականությանը, այլեւ ավելի ինքնավստահ բարձրաձայնեց սեփական երկրում իր իրավունքների ոտնահարվածության եւ անազատության մասին: Կարծում եմ, որ սկսված է մի գործընթաց, որը գնալով հասունանալու է խմորի պես ու հանգեցնելու է կարեւոր արդյունքների:

14088808_1119391148141950_1149589802_n

-Կարդում ենք Ջորջ Օրուելի «1984»-ը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է անհատը կործանվում ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզելիս եւ հասկանում ենք, որ, կարծես թե, նման մի բան կատարվում է այսօր` մեր երկրում: Ամեն դեպքում, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք նաեւ հասարակական ընդվզման: Այդ պարագայում մեզ ի՞նչ է պակասում` ցանկալի արդյունքի հասնելու համար:

-Պատմության մեջ քիչ չեն այն դեպքերը, երբ հիմնահատակ են եղել տոտալիտար, բռնատիրական հասարակարգերը: Մարդկությունը վերապրել է հիտլերիզմ ու ստալինիզմ, սովետական անսասան թվացող հասարակարգն անգամ փուլ եկավ… Ցավոք, մեր հասարակությանը խեղճացրել են անկախությունից ի վեր, միտումնավոր կերպով շեղել են առկա խնդիրներից, այնքան հոգսաշատ դարձրել առօրյան, որ նա մոռացել է արժանապատիվ կեցության մասին, ուր մնաց՝ կյանքի որակը բարձրացնելու: Ասում եք՝ ի՞նչ է պակասում արդյունքի համար, նախ ասեմ, թե ինչն է ավել, ավել է մեր ազգի անվերջ համբերելու հատկանիշը, իսկ պակաս է… Շատ բան է պակաս. մենք նախ պետք է սպանենք մեր միջի ստրուկին, վտարենք մեր վեհերոտ կեսին, եւ մեր հոռետեսությունը փոխարինենք հավատով: Իսկ որոմ բոլոր ազգերի մեջ էլ կա, նրանք ինքնաոչնչացման մեծ ներուժ ունեն, քանի որ չեն դիմանում առողջ միջավայրին:

-Եթե որպես դրամատուրգ այս վերջին իրադարձությունների հորձանուտից Ձեզ համար հետաքրիր կերպար ընտրելու լինեիք, ո՞վ կլիներ նա:

-Այս օրերին ներշնչող կերպարներ շատ եղան, տղերքից ամեն մեկը կարող է լինել հերոսն իմ պիեսի, քո ֆիլմի, մյուսի բեմադրության: Հակահերոսն էլ, դժբախտաբար, հստակ ընդգծվեց, դժբախտաբար, քանի որ իմ ազգից է: Գուցե հերոսս քիչ-քիչ զարգացող Հեղափոխությունն է, անգամ Սպիտակը՝ հայտնի շունը, ով քաղաքի հազարավոր սոված ու «շան կյանքով» ապրող շներից միակն էր, որ գիտակցում էր, թե պիտի այնտեղ լինի, որտեղ բոլորն են, ոչ թե հուսահատված շարունակի աղբանոցում թերմածք փնտրել՝ վախենալով, որ այսօր ըմբոստանալով` կկորցնի իր ողորմելի ընթրիքը (այս տրամաբանությամբ մեր ոստիկաններն էին առաջնորդվում): Մի փոր հացով երկրի ապագան ծախողն է հակահերոսը: Իմ հերոսը կարող է լինել Հաց բերողը, ասել է թե՝ ժողովրդի սերուցքը, նա մինչեւ հոգուս խորքը ցնցել է ինձ ու վստահ եմ՝ շատերին: Հետաքրքիր բան փաստեցի հենց այս պահին. մեր իշխանությունները բավական տեւական ժամանակ զբաղված էին հասարակության հերոսազրկմամբ, այս պահից սկսվում է նոր ժամանակների հերոսապատումը, մենք այլեւս կարող ենք արձանագրել հերոսի վերադարձը մեր կյանք ու արվեստ:

14088961_1119391151475283_102613915_n

Այս օրերին «մտավորական» բառը, կարելի է ասել, բոլորովին արժեզրկվեց: Պատճառը, թերեւս, դրա անհարկի օգտագործման բազմաթիվ առիթներն էին: Հանրության մի զանգված կարծում է, որ մտավորականը պետք է լինի ժողովրդի կողքին, մյուս մասը` որ նա պետք է քայլի ժողովրդի առջեւից: Դու՞ք ինչ կարծիքի եք:

-Մտավորական բառը շահարկվեց մի շատ պարզ պատճառով. այն հերթական անգամ արժեզրկելու պատվերը վերեւից էր: Պարզապես մտավորականներից ոմանք առանց դա գիտակցելու ծուղակն ընկան, քանի որ հայտնվեցին այնպիսի մարդկանց կողքին, որոնք մտավորական կոչման հետ նույնիսկ հեռավոր կապ չունեն: Ամեն երգող, չերգող, էստրադային կատարող ու հումորիստ հո մտավորական չէ՞, նույնիսկ ամեն արվեստագետ մտավորական չէ… Կարծում եմ, որ անհարկի շահարկվեց մտավորական բառը, իրական մտավորականները մնացին իրենց բարձունքում:

Շատ եմ ափսոսում, որ ժողովրդի մեծ մասը արվեստագետ ու շոումեն հասկացությունները չի տարբերում, ինչպես չի տարբերում սերիալում կամ գովազդում մի երկու անգամ երեւացածին՝ դերասանից, գրամոլին՝ գրողից, շոուն՝ ներկայացումից: Սրանում էլ հասարակությունը մեղավոր չէ, ամեն ռաբիսի ու անորակի վաստակավորի կոչում ու նախագահի մրցանակ շռայլող վերեւների իրագործած պլանի հետեւանքն է, որի պտուղներն այսօր վայելում ենք լիուլի: Նաեւ սրա դեմ էին «Սասնա ծռերի» գործողությունները, մնում է՝ նորից չհամակերպվենք…

Աննա Բաբաջանյան




Լրահոս