Քաղաքագետ Դենիս Դվորնիկովը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծման համար առաջին հերթին պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Արցախի Հանրապետությունն արդեն կայացել է, եւ միայն նրա ճանաչման կամ բանակցությունների գործընթացին ակտիվ մասնակցության շնորհիվ է հնարավոր հասնել հարցի խաղաղ կարգավորման: Միաժամանակ, Դվորնիկովը տեսակետ հայտնեց, որ «հինգ շրջանների» վերադարձի մասին խոսակցություններն արվել են հասարակության արձագանքը ստուգելու համար: Նա կարծում է, որ այսքանից հետո Արցախի Հանրապետության` սահմանադրորեն ճանաչված սահմանները խախտելը թանկ կնստի բոլոր կողմերի վրա:
-Պարո՛ն Դվորնիկով, նախ ի՞նչ տպավորություն ստացաք նախորդ շաբաթ տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումից: Կա՞ն արդյոք հակամարտության կարգավորման ուղղությամբ նոր ի հայտ եկած նախադրյալներ:
-Մենք կարող էինք միայն հետեւել հանդիպման պաշտոնական եւ արձանագրային հատվածին, որը ցույց է տալիս բանակցային գործընթացի ընդհանուր գծերը միայն: Իրական բանակցություններն ընթանում են փակ դռների հետեւում եւ գաղտնի դիվանագիտական կապերով:
Ես կարծում եմ, որ կոնֆլիկտի լուծման նախադրյալներ կան, սակայն դրանք կախված չեն միայն Ռուսաստանից, Հայաստանից կամ նույնիսկ Ադրբեջանից: Խաղաղ լուծման տարբերակը պետք է ցանկանան խոշոր գերտերությունների ղեկավարները միաժամանակ: Պետք է հասկանալ, որ նույնիսկ խաղաղ լուծման գործընթացում առկա է լիդերների մրցակցություն: Եվ եթե գերտերություններից մեկի մոտ ինչ-որ բան ստացվում է այս ուղղությամբ, ապա մյուսները սկսում են կրակի վրա յուղ լցնել եւ դժվարացնել խաղաղ գործընթացը, որպեսզի մրցակցից խլեն հաջող խաղաղարարի անունը: Այդ պատճառով պետք է շարունակել հետեւել գործընթացներին եւ ցանկալի է դա անել սառը գլխով: Սակայն այս ամենում հստակ է մեկ բան. առանց Արցախի Հանրապետության մասնակցության ոչ մի քննարկում եւ բանակցություն չի կարող արդյունք տալ: Արցախը պետք է լինի կլոր սեղանի շուրջ, ընդ որում, հիմնական մասնակցի կարգավիճակով:
-Իսկ, ըստ Ձեզ, Պուտինի՝ իրար հաջորդող հանդիպումները Ալիեւի, Էրդողանի եւ Սարգսյանի հետ կապվա՞ծ էին միմյանց: Եւ արդյո՞ք դա որեւէ կապ կարող էր ունենալ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն մտքի հետ, որ Հայաստանը պատրաստ է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:
-Իհարկե, Սարգսյանի եւ Ալիեւի հետ հանդիպումները նույնանման էին, քանի որ համարվում են մեկ բանակցային գործընթացի բաղկացուցիչ մասեր: Էրդողանի հետ հանդիպումն արդեն այլ քաղաքականություն է, որը մեկնաբանելն այնքան էլ հեշտ չէ: Ինչ վերաբերում է Սարգսյանի հայտարարությանը, ապա ես կարծում եմ, որ խոսքը վերաբերում էր կոնֆլիկտի խաղաղ լուծմանը: Մնացած ամեն ինչն ուղղակի անհանգիստ մտքեր են առաջացնում: Ինձ թվում է, որ, այսպես կոչված, «հինգ շրջանների» թեման եւս առաջ քաշվեց, որպեսզի ստուգվի հասարակության ռեակցիան: Ստուգեցին… եւ ես կարծում եմ, որ հիմա բոլորին պարզ է, որ Արցախի սահմանադրորեն հաստատված սահմանը խախտելը թանկ կարժենա բոլորի համար:
-Իսկ Թուրքիայի` բանակցային գործընթացում ներգրավվելու շուրջ հայտարարություններն ի՞նչ կարող են փոխել, եւ արդյո՞ք դա հնարավոր է:
-Ֆորմալ առումով Թուրքիան հանդիսանում է գործընթացի մասնակից: Սակայն այն բանից հետո, երբ Թուրքիան բացահայտ պաշտպանեց Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, Անկարային պետք է հեռու պահել ղարաբաղյան թեմայից: Թուրքիան եւ Էրդողանն իրենց ցույց տվեցին, որպես անմիջական մեղավորներ:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը. ի՞նչ քայլեր պետք է նրանք անեն, որ չեն անում:
-Վստահ եմ, որ նրանք երեւանյան վերջին իրադարձություններից հետո պետք է լուրջ հետեւություններ անեն: Պետք է տնտեսական ռեֆորմներ իրականացվեն: Հայաստանը պետք է ավելի ցանկալի դարձնել ներդրումների համար, քանի որ ամեն ինչ սկսվում է տնտեսությունից: Այժմ պետք է չարչարվել, որպեսզի հաղթահարվի ճգնաժամը: Հայաստանի եւ հայերի միակ թշնամին միասնական չլինելն է. պետք է բոլորը հաղթահարեն տարաձայնությունները եւ վերակառուցեն երկիրը:
– Ձեզ համար ո՞րն է կոնֆլիտկի լուծման սխեման:
-Ինձ համար սխեման լիովին պարզ է. Արցախի Հանրապետության ճանաչում: Այդ հանրապետությունն արդեն գոյություն ունի: Մնացած ամեն ինչ քաղաքական խաղեր են:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը