ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԷՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հրապարակած փաստաթղթերի շարքում հետաքրքիր տեղեկություններ կան նաեւ հայաստանյան ընդդիմության տարբեր գործիչների վերաբերյալ: Նման փաստաթղթերից մեկը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը՝ ներկայացնելով իր եւ ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի 2008թ. հոկտեմբերին կայացած հանդիպումը: Փաստաթղթի ուսումնասիրությունից պարզվում է, որ ընդդիմության ու դեսպանատան միջեւ տվյալ պահին լարված հարաբերություններ էին, ինչի պատճառը եղել էր նույն թվականի հոկտեմբերի 17-ին ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հակաամերիկյան ելույթը: Զեկուցագրում տեղ են գտել Դավիթ Շահնազարյանի տարբեր մեկնաբանություններն ու դեսպանի ընդգծված բացասական վերաբերմունքն ընդդիմության հռետորաբանության նկատմամբ:
Յովանովիչի մեկնաբանությունից պարզվում է, որ ՀՀ առաջին նախագահի տվյալ ելույթն ընկալվել է որպես «հակաարեւմտյան» եւ «դավադրական»: Դիվանագետը հարկ է համարել զեկուցել, որ իրենք հոկտեմբերի 17-ից առաջ հանդիպելու խնդրանքով դիմել էին Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նշյալ ելույթից հետո, սակայն, դեսպանությունն առանց որեւէ մեկնաբանության չեղյալ է հայտարարել նախանշված հանդիպումը: Դեսպանի բնորոշմամբ՝ «մեսիջը միանգամայն ճիշտ էր տեղ հասել, որի արդյունքում Շահնազարյանն անմիջապես հանդիպում է խնդրել» դեսպանից՝ որակելով այն կարեւոր ու հրատապ: Մ. Յովանովիչը Շահնազարյանին ներկայացրել է իրենց հիասթափությունը Տեր-Պետրոսյանի ելույթի տոնից եւ բովանդակությունից, ինչը դեսպանը բնորոշել է որպես «մաքուր քաղաքական օպորտունիզմ»:
ՀԱԿ նախկին ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ինքը եւս համաձայն չէ Տեր-Պետրոսյանի ելույթի որոշ հատվածներին, հատկապես Միացյալ Նահանգներին վերաբերող քննադատության հարցում: Զեկուցագրի շարադրանքից ակնհայտ է դառնում, որ Յովանովիչին խիստ տհաճ են եղել նախկին նախագահի՝ ԱՄՆ-ի մասին հնչեցրած գնահատականները, ինչպես, օրինակ, «այդ երկիրը երկակի բարոյականություն է հանդես բերում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»: Շահնազարյանն ընդունել է, որ դա անարդար հռետորաբանություն է, բայց միեւնույն ժամանակ ընդգծել է, որ նման խիստ բովանդակությունը պայմանավորված է «շարժումը միասնական պահելու անհրաժեշտությամբ»: Նա հատկապես ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ զանգվածային միջոցառումները դադարեցնելու իրենց որոշումը դժգոհություն էր առաջացրել ժողովրդի մոտ: Բացի այդ՝ «դեռ բանտերում գտնվող քաղաքական բանտարկյալների ընկերներն ու ընտանիքները կանգնած էին շարժումը լքելու եւ շատ ավելի ծայրահեղ կեցվածքով հանդես գալու եզրին, ուստի նման հռետորաբանությունն ինչ-որ առումով պետք է հասկանալի լինի»:
Դ. Շահնազարյանի պնդմամբ՝ ստեղծված իրավիճակից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես «պատմական պատուհան է բացվել առաջընթաց արձանագրելու Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումների համար, ինչը բխում է Հայաստանի ազգային շահերից»: Նա հայտարարել է. «Եթե դուք ասում եք, որ Սերժ Սարգսյանը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հարթել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ Հայաստանից հեռացնել ռուսական ռազմաբազաները, ապա ես նրա No1 աջակիցն եմ»: Նկատենք, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանը դեռ գտնվում էր հետընտրական ճգնաժամի մեջ,  բանտերում էին ընդդիմության տասնյակ աջակիցներ, իշխանություններն իրականացնում էին մարդու իրավունքների ամենակոպիտ ոտնահարումներ, Ս. Սարգսյանն ուներ լեգիտիմության խստագույն դեֆիցիտ, իսկ մարտի 1-ի ոճրագործությունն էլ թարմ էր հասարակության հիշողության մեջ: Արդ, մի՞թե Դ. Շահնազարյանը պատրաստ էր մոռանալ կամ աչք փակել նման խնդիրների վրա եւ դառնալ Սարգսյանի համար առաջին (number one) աջակիցը, թեկուզեւ ԼՂ խնդրի կարգավորման, ռուսական բազաների հեռացման եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պայմաններում: Ի դեպ, ծագում է նաեւ երկրորդ հարցը. վերոնշյալ խնդիրների առաջ կանգնած նախագահն արդյո՞ք ի վիճակի էր երկրի համար նման կենսական հարցերում հայանպաստ լուծումների հասնել:
Հանդիպման ավարտին նախկին դեսպանը վերահաստատել է ԱՄՆ մոտեցումները ԼՂ կարգավորման հարցում եւ հայտնել իր երկրի պատրաստակամությունը` օգնելու երկու կողմերին բանակցային լուծման հասնելու գործում: Յովանովիչը, նորմալ համարելով յուրաքանչյուր երկրի՝ ներքաղաքական ինքնուրույն գործընթաց ունենալը, հավելել է, որ, այդուհանդերձ, «Տեր-Պետրոսյանի ելույթը կարծես դուրս է գալիս ազնիվ հասարակական դիսկուրսի սահմաններից»: Դեսպանը կոչ է արել հայ քաղաքական ուժերին հանդես գալ՝ առավելապես ազգային շահերից ելնելով: Հասկանալով դիվանագետի ակնարկը՝ Դ. Շահնազարյանը բացատրել է. «Հայ ազգային կոնգրեսը, որոշելով դադարեցնել զանգվածային միջոցառումները, ինքնին փորձել է ամրացնել Սերժ Սարգսյանի դիրքերը ԼՂ կարգավորմանն ուղղված բանակցությունների սեղանի մոտ՝ տալով նրան մանեւրելու լայն հնարավորություններ»: Նա վերահաստատել է, որ Տեր-Պետրոսյանի հիմնարար հայացքներն Արեւմուտքի, ԼՂ հարցի, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ չեն փոխվել՝ ի հեճուկս հոկտեմբերի 17-ի հռետորաբանության:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս