ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ եւս մեկ քրեական գործ է հարուցվել՝ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: ՌԴ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանվում է կա՛մ տուգանք, կա՛մ ուղղիչ աշխատանք, կա՛մ ազատազրկում մինչեւ վեց ամիս ժամկետով: Տեղեկություններ կան նաեւ, որ Հարությունյանի՝ Ռուսաստանում մնալու եւ աշխատելու արտոնագիրը կեղծ է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ երեկ՝ առավոտյան, ՄԻՊ-ը կապ է հաստատել հայ վարորդի փաստաբան Ռուբեն Մակարյանի հետ, եւ վերջինս փոխանցել է, որ մտահոգվելու պատճառ չկա, քանի որ պաշտոնական ոչ մի արձանագրություն չկա նոր մեղադրանքի մասին:
«Կարծում եմ՝ եթե նույնիսկ մեղադրեն, չի նշանակում, որ ինքն է մեղավոր, քանի որ իրեն աշխատանքի են ընդունել, ու հայրս չի կարող մենակ պատասխան տալ»,-«Ժողովուրդ»-ին հայտնեց վարորդի դուստր Լիլիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Պոդոլսկում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարով բախվել էր ավտոբուսի, ինչի արդյունքում 18 մարդ էր զոհվել:
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԴԱՆԴԱՂ
Նոյեմբերի 7-ին Հայաստանում երթուղային գիծ սպասարկող ընկերությունների սեփականատերերը Երեւանի քաղաքապետարան նամակ էին ներկայացրել, որտեղ պահանջում էին երթուղային տաքսիների ուղեվարձը սահմանել 200 դրամ: Ի՞նչ է մտածում այդ մասին Երեւանի քաղաքապետը: «Թեեւ նամակ էր, եւ ակնկալվում էր քաղաքապետի պատասխանը, այդուհանդերձ, այս պահի դրությամբ ոչ մի արձագանք չկա քաղաքապետից, իսկ թե ինչու, մեկնաբանել չեմ կարող»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:
Իսկ ինչ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքներից գծատերերի դժգոհություններին, ապա Ա. Գեւորգյանը նշեց. «Բողոքում են հանձնաժողովի աշխատանքների դանդաղությունից. փորձում են շտապեցնել, բայց նկատի չեն առնում, որ հանձնաժողովը հաշվարկված է աշխատում, եւ չենք ուզում, որ հիմա էլ շտապելու մեջ մեղադրեն տրանսպորտի սակագնի հարցերով զբաղվող կազմին»:
Հիշեցնենք, որ մի շարք գծատերեր երթով իրենց բաց նամակը հանձնեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ դժգոհելով ուղեվարձի վերանայմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքներից եւ պահանջելով 200 դրամ ուղեվարձ: