Երեւանի Մ. Խորենացու փողոցի` ոսկու շուկայի դիմացի հատվածը վարորդների կողմից ամենից շատ հայհոյանքների արժանացողներից է: Այստեղ մշտական խցանումներ են, իսկ շուկայի այցելուների կամ աշխատակիցների մեքենաները բառի բուն իմաստով զավթել են ոչ միայն մայթերն ամբողջությամբ, այլեւ անգամ փողոցի մի հատվածը: Այս խայտառակ պատկերը, որն արդեն տարիներ ի վեր առկա է, ամենեւին չի հուզում քաղաքի փողոցներից «փող քամող» Տարոն Մարգարյանին: Իսկ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն էլ շենքի նկուղային հարկում առկա ավտոկայանատեղին ծառայեցնում է բացառապես սեփական մեքենաների համար:
Եթե ցանկանում ես հատել Մ. Խորենացու փողոցի այդ հատվածը, ապա պետք է հերոսական ջանքեր գործադրես, քանի որ ոչ թե ուղղակի անցնելու տեղ չկա, այլ մեքենաներն այնքան խիտ են կանգնած, որ նույնիսկ դրանց արանքով է անհնար լինում անցնելը: Ավելին, երբեմն իրար կպած մեքենաների արանքով դժվար է անգամ հասնել ոսկու շուկայի մուտքին` ներս մտնելու եւ գնումներ կատարելու համար:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում 34-ամյա Գեղամ Հարությունյանը նկարագրեց, որ ինքն աշխատանքի բերումով հաճախ է գնում ոսկու շուկա. «Առանց չափազանցնելու մի քանի ժամ շարունակ մեքենան կայանելու համար տեղ եմ փնտրում: Գնում եմ, նորից ողջ քաղաքը պտտվում եմ, հետ գալիս, ու կա՛մ տեղ լինում է, կա՛մ ոչ: Բայց սա միայն ինձ հետ չի պատահում, այլ շատերի»:
Նշենք, որ նախկին` «բաղնիքի» ոսկու շուկա գալիս են նաեւ ՀՀ մարզերից, եւ շատ հաճախ մեքենաները ստիպված սխալ տեղերում են կայանում: Իսկ երբ շուկայից դուրս են գալիս, տեսնում են, որ իրենց մեքենան չկա. ճանապարհային ոստիկանները տարել են:
Ոսկու շուկա այցելած «Ժողովուրդ»-ը արձանագրեց, որ անգամ մայթերի վրա կայանած մեքենաների համար գումար հավաքող մարդիկ էլ նախապես տրված պատվերների շրջանակներում են աշխատում: Նրանք բացառապես իրենց ծանոթներին են հնարավորություն տալիս կայանել ազատ տեղերում: Շուկայի մոտ մշտապես աշխատող տաքսու վարորդներից մեկը` 52-ամյա Կառլենը, մեզ հետ զրույցում դժգոհելով, ասաց. «Ա՛յ աղջիկ ջան, ամեն օր խայտառակ վիճակ է լինում: Տեղ չի լինում, գնում, քաղաքով պտտվում եմ, նորից հետ գալիս, որ կանգնեմ: Կամ էլ շուկայի հարեւանությամբ գտնվող գեղեցկության սրահի տնօրինությանն եմ խնդրում, որ տեղ տան, կանգնեմ»: Իսկ ոսկու շուկա այցելող գնորդներից շատերն էլ, խիտ կայանած մեքենաների արանքով մի կերպ անցնելով, համապատասխան բառապաշարով «հիշատակում» էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը, քաղաքի փողոցներից «փող քամելով», որեւէ քայլ չի անում նման հատվածներում ավտոկայանումը կարգի բերելու համար:
Եվ իրոք, եթե ոսկու շուկայի տնօրինությանը հետաքրքրում է միայն իրենց եկամուտը, իսկ շուկայի առջեւ տիրող վիճակը նրանց չի հուզում, ապա Երեւանի քաղաքապետարանն ուղղակի պարտավոր է միջոցներ ձեռնարկել այս խայտառակ պատկերը վերացնելու համար: Սակայն պարզվեց, որ քաղաքապետարանն այս հարցում անզոր է: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ո՛չ ոստիկանությունը եւ ո՛չ էլ քաղաքապետարանը բարոյական, առավել եւս իրավական իրավունք չունի վաղ կայանած մեքենայի վարորդին ասելու, որ այստեղ մի՛ կանգնիր: Սա ընդամենը համակեցության կանոններով կարգավորվող խնդիր է: Քաղաքապետարանն այստեղ բացարձակ գործառույթ չունի»:
Իսկ ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը տեղեկացրեց, որ նշված հասցեից ՃՈ-ն երթեւեկության կանոնները խախտող բազմաթիվ մեքենաներ է տեղափոխել տուգանային հրապարակ. «Բայց քանի որ առեւտրի կենտրոն կա, եւ փողոցի թողունակությունը շատ քիչ է, այսինքն` նեղ փողոց է, ինքնըստինքյան խոչընդոտվում է փողոցի երթեւեկությունը: Անընդհատ շարժ կա այդ հասցեում, եւ այն միշտ ՃՈ հսկողության տակ է գտնվում»:
Արսեն Արշակյանի խոսքով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոսկու շուկայի դիմացից շուրջ 15 տրանսպորտային միջոց է քարշակով տարվել տուգանային հրապարակ, մոտ 50 վարչական արձանագրություն էլ կազմվել է տեղում:
Նշենք, որ դեպի ոսկու շուկայի նկուղ տանող ավտոճանապարհը տեսախցիկներով հսկվում է շուկայի անվտանգության աշխատակիցների կողմից, որոնք արգելում են որեւէ մեքենայի մուտքը նկուղի ավտոկայանատեղի: Այնտեղ իրավունք ունեն մտնել միայն շուկայի սեփականատիրոջ` Վաղարշ Աբրահամյանի 4-5 գերթանկարժեք ավտոմեքենաները:
Խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ոսկու շուկայի տնօրինություն, սակայն տնօրենի քարտուղարուհին անտարբեր տոնով փոխանցեց, որ չի կարող «կապել տնօրենի հետ»:
Ամփոփելով` նկատենք, որ զարգացած երկրներում ցանկացած հանրային, առավել եւս առեւտրային նշանակության օբյեկտ շահագործման թույլտվություն ստանալիս նախեւառաջ պարտավորվում է սեփական միջոցներով կառուցել համապատասխան թողունակությամբ ավտոկայանատեղիներ: Մինչդեռ մեզ մոտ նման օբյեկտների տերերը հսկայական նկուղային կայանատեղիները ծառայեցնում են բացառապես իրենց կարիքների համար, իսկ քաղաքի փողոցների խցանումն ու անընդմեջ ստեղծվող վթարավտանգ իրավիճակները նրանց չեն հուզում:
ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ