Գիտական ստեղծագործական շփումները տալիս են իրենց դրական արդյունքները Գյումրու զարգացման վրա. Կարինե Ավդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի հետ:

– Տիկի՛ն Ավդալյան, հայտնի է, որ վերջերս Գյումրու ավագանու որոշմամբ «Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջիին եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին շնորհվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում: Նրանց թեկնածությունը առաջադրվել է Ձեր կողմից: Ի՞նչը հիմք հանդիսացավ Ձեր կողմից նրանց այդ կոչմանը ներկայացնելու համար:

-Նախ կուզենայի նշել, որ պատվավորի կոչմանը առաջարկելը միայն իմ նախաձեռնությունը չէ, այն արտահայտում է բազմահազար գյումրեցիների՝ արվեստի բնագավառի մարդկանց ցանկության եւ երախտագիտության արտահայտություն այն նշանակալից գործերի համար, որ կատարվել է Գյումրիում: Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը շուրջ մեկ տասնամյակ ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս մեծ ներդրում ունի կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության «առողջապահության» համայնքների զարգացման եւ այլ ոլորտներում: Հանրության լայն շրջանակներին հայտնի են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, որոնց անմասն չեն մնացել Շիրակի մարզն ու մասնավորապես Գյումրի քաղաքը:
Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի կողմից անցած ժամանակահատվածում միայն Գյումրու քաղաքապետարանին տրվել է 20 կոմպլեկտ կենսաբանության քիմիայի եւ ֆիզիկայի լիակազմ լաբորատորիաներ՝ հագեցած սարքավորումներով ու պարագաներով, ինչպես նաեւ փորձերի կատարման համար անհրաժեշտ նյութերով ու սարքավորումներով, նաեւ աշխարհագրություն առարկայի համար գլոբուսներ եւ աստղադիտակներ՝ յուրաքանչյուր կոմպլեկտը 30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ: Այդ բոլորը բաժանվել են քաղաքի հանրակրթական դպրոցներին:
Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին նվիրաբերվել են լիակազմ լաբորատոր սարքավորումներ եւ կահավորվել է համակարգչային մեկ ամբողջական լսարան:
Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղին, որը զգում է երաժշտական գործիքների խիստ պահանջ, նվիրատրվել է «Յամահա» մակնիշի մեկ ռոյալ եւ մի շարք այլ երաժշտական գործիքներ:
Գյումրու առողջապահական ոլորտին հատկացվել են շտապօգնության մեքենաներ:
Սոցիալապես անապահով մի շարք ընտանիքների երեխաներին տրամադրվում են ուսման վարձավճարներ, մի շարք արվեստագետների ցույց է տրվել աջակցություն՝ իրենց ստեղծագործական ծրագրերը իրականացնելու համար:
Սակայն ես, որպես արվեստի ու կրթության ոլորտը ներկայացնող մարդ, հատկապես կարեւորում եմ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնադրումը եւ անցկացումը Գյումրի քաղաքում: Եթե անգամ արվեր միայն այսքանը, այս իրողությունը հիմք է տալիս երախտագետ գյումրեցուն իրեն շնորհակալությունը հայտնել պատվավորի կոչմանը ներկայացնելով:

-Տիկի՛ն Ավդալյան, խնդրում ենք՝ ավելի մանրամասն ներկայացրեք փառատոնի պատմությունը, ակունքները:

-Փառատոնը սկիզբ է առել 2007 թվականին, Երեւանի պետական կոնսերվատորիայի մի խումբ երաժիշտների ջանքերով: Մենք նպատակ ունեինք արթնացնել ու վերածնել Գյումրու մշակութային ավանդները, ստեղծել նոր հնարավորություններ քաղաքի մշակութային ոլորտի զարգացման համար: Մեր առաջին փառատոնին մասնակցություն բերեցին շուրջ 400 պատանի երաժիշտներ հանրապետության երեք մարզերից ու Երեւան քաղաքից: Հարկ է փաստել, որ առաջին երկու փառատոները անցկացվեցին տեղի ուժերով՝ մի խումբ էնտուզիաստների ջանքերով, եւ մենք բացարձակապես չունեինք հովանավորություն ո՛չ տեղական իշխանությունների, ո՛չ էլ անհատների կողմից: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ նման կերպ փառատոնը երկար ճանապարհ չէր կարող անցնել: 2009 թվականի սկզբներին, երբ մենք մեր խնդիրները ներկայացրեցինք Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին՝ խնդրելով աջակցել մեր փառատոնի անցկացմանը, աներեւակայելի էր այն որգեւորությունը, որ ստացանք հիմնադրամի կողմից, որը պաշտոնապես ստանձնեց «Վերածնունդ» փառատոնի համակազմակերպիչի դերը, ինչի շնորհիվ մենք կարողացանք նույն թվականից հանրապետական մասշտաբի միջոցառումը դարձնել միջազգային՝ հրավիրելով նաեւ երաժիշտների եւ մասնակիցների արտերկրից: Այդ օրվանից անցել է 8 տարի: «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը այդ տարիների ընթացքում դարձել է Գյումրու երաժշտական կյանքի վերածնունդը խորհրդանշող մեծագույն իրադարձությունը եւ մասսայականությամբ ու մասնակից երկրների թվով խոշորագույնն է տարածաշրջանում: Դատեք ինքներդ. վերջին՝ 2016 թ-ին անցկացված «Վերածնունդ» փառատոնին մասնակցում էին ավելի քան 3500 մասնակիցներ՝ աշխարհի 36 երկրներից: Փառատոնն անցկացվում է 5 տարիքային խմբերով՝ երաժշտական 15 անվանակարգերում: Կրտսեր մասնակիցը 5 տարեկան էր, ավագը՝ 58: Միայն մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված էին շուրջ 90 նշանավոր երաժիշտներ՝ աշխարհի ավելի քան 2 տասնյակ երկրներից:

-Ձեր ասած թվերը անշուշտ տպավորիչ են, բայց ցանկալի կլիներ տեղեկացնեիք, թե հատկապես Գյումրիուն ու գյումրեցուն ի՞նչ է տվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը:

-Իհարկե, ձեռքբերումը միայն այս քանակական տվյալները չեն, որոնք ինքնին շատ պերճախոս են: Կարեւորագույն ձեռքբերումներից է նաեւ փառատոնի շնորհիվ Գյումրին ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնելը, փոխվում է ամբողջ քաղաքի մթնոլորտը, քաղաքը ողջ տարին պատրաստվում է փառատոնի անցկացմանը, քանի որ այն անցկացվում է 15 անվանակարգերում, բնականաբար նախապատրաստվում են դահլիճները, երաժշտական գործիքները, կարգի են բերվում հյուրանոցներն ու իջեւանատները, սննդի օբեյկտները, մասնակիցներին եւ հյուրերին ընդունելու համար քաղաքը բարեկարգ տեսքի է բերվում: Փառատոնը լուծում է Գյումրու համար մի կարեւորագույն խնդիր եւս՝ զբոսաշրջության խնդիրը: Անցած տարիների ընթացքում «Վերածնունդ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Գյումրի են այցելել ավելի քան 80 հազար մասնակիցներ, նրանց ծնողները, մանկավարժներն ու փառատոնի հյուրերը: Նրանց գերակշիռ մասը Հայաստան ու Գյումրի են գալիս առաջին անգամ: Արտերկրի մեր բոլոր հյուրերին մենք դիմավորում ու ճանապարհում ենք օդանավակայանում, տեղափոխում ենք Գյումրի, տեղավորում ենք հյուրանոցներում, կազմակերպվում է նրանց սնունդը, ազատ ժամանցը, փառատոնի մասնակցությունը, ծանոթացումը քաղաքի պատմամշակութային վայրերին, եւ դա արվում է այնպիսի մակարդակով, որ մեկ անգամ մեզ այցելած մասնակիցները դառնում են մեր երկրի, մեր ժողովրդի ջերմ բարեկամները: Սա է նաեւ փառատոնի առաքելությունը: Ասածիս ամենաթարմ վկայությունն է այս տարվա փառատոնի ժամանակ, երբ ապրիլյան պատերազմի ծանր օրերին մեկ մարդու նման մեր ժյուրիի անդամները գտան, որ իրենք այդ օրերին պետք է գան եւ լինեն մեր կողքին, ավելին՝ մի քանիսը համերգներով եւ վարպետության դասերով մեկնեցին Ստեփանակերտ:
Մեզ համար հատկապես թանկ է մարզերի հեռավոր գյուղերից երեխաների մասնակցությունը, երբ երեխան ստանում է միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորություն, բեմ է բարձրանում միջազգային ժյուրիի առաջ, վարպետության դասեր է առնում հանրահռչակ երաժիշտների կողմից: Եկեք, հաշվենք, թե որքան ֆինանսական միջոցներ էր պետք, որ այս երեխաները հնարավորություն ունենային մասնակցելու նմանօրինակ միջազգային մրցույթի արտերկրում: Կարեւորագույն հանգամանք եմ ուզում նշել, որ միջազգային ժյուրին տարեցտարի տեսնում ու ուրախությամբ է փաստում, որ մեր երեխաների կատարողական մակարդակը անընդհատ աճ է գրանցում, այսինքն՝ կարող ենք ասել, որ փառատոնին պատրաստվում են ամբողջ տարին, սաների հետ պատրաստվում ու կատարելագործվում է նաեւ մանկավարժը: Մտեք յուրաքանչյուր երաժշտական հաստատություն, հավաստիացնում եմ, որ ամենապանծալի մրցանակների ու դափնիների պատը զարդարված է մեր տարբեր տարիների դիպլոմներով ու մրցանակներով, որոնք նաեւ հիմնաքար են դառնում երաժշտի ուղին ընտրած սաների հետագա հաջողությունների համար:
Ձեռքբերումը ավելի շատ նաեւ փառատոնի նպատակների իրականացման մեջ է, որը կայանում է հետեւյալում՝ նպաստել դասական երաժշտության պրոպագանդմանը, ստեղծել տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ նոր ստեղծագործական եւ բարեկամական կապեր, մերձեցնել այլազգի արվեստագետներին հայ մշակույթին, միեւնույն ժամանակ ընձեռել հնարավորություն՝ իրենց վարպետությունն ու ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար:
Փառատոնի ընթացքում անցկացվել են ավելի քան 1526 վարպետության դասեր, որոնց մասնակցել են 30 հազարից ավելի երաժիշտ մասնակիցներ եւ ուսուցիչներ: Շատ հանրահայտ երաժիշտներ տարբեր երկրներից հրավիրում են մեր երեխաներին իրենց երկրներում շրջագայությունների, համերգների՝ ուսումը իրենց մոտ շարունակելու համար: Մայիս ամսին մեր երեխաները փայլուն համերգով հանդես եկան Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: Օրերս Սլովենիայից եւ Իտալիայից վերադարձավ մեր 19 հոգանոց խումբը, որը մասնակցում էր Լյուբով Կազարնովսկայայի Տարտինիի հանրահայտ փառատոնին: Մեկ այլ խումբ սեպտեմբերին կմեկնի Վիեննա:
Փառատոնի շրջանակներում ամեն տարի անցկացվում է տարբեր երկրների երաժշտական բուհերի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում արծարծվում են գիտամանկավարժական մի շարք խնդիրներ, կատարվում է առաջավոր փորձի փոխանակում, ձեռք են բերվում պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար: Փառատոնի շրջանակներում անցկացվում են նաեւ «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովները, որոնց մասնակցում են շուրջ հինգ տասնյակ գիտնականներ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հեղինակավոր բուհերից, գիտական կենտրոններից եւ թանգարաններից: Բնականաբար այս գիտական ստեղծագործական շփումները տալիս են իրենց դրական արդյունքները Գյումրիի զարգացման վրա:

Լ. Ավետիսյան




Լրահոս