ԵՐԲ ՍՊՈՐՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը տարածեց հայտարարություն, որով մարզական կազմակերպություններին, լրագրողներին հրավիրում է մասնակցել օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի մարզական արդյունքների գնահատման չափորոշիչների հաստատմանը միտված քննարկումներին:
Ներկայացված է թիմային եւ անհատական մարզաձեւերում հանդես եկած մարզիկների գնահատման չափորոշիչների նախնական ցանկը, նախապատվությունը տրված է օլիմպիական խաղերի մրցանակակիրներին։ Սա գուցե սպորտից հեռու մարդկանց համար հետաքրքիր, ուշադրության արժանի միջոցառում է, բայց մարզական լրագրողներս լավ գիտենք, որ դրա պատճառը բոլորովին այլ է։ Հատկապես վերջին 2-3 տարիներին 10 լավագույնին որոշելու հարցը դարձել է հայոց հարց։ Ի դեպ, կես դարից ավելի պատմություն ունեցող այդ ավանդույթի հիմնադիրը «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթն է, հետագայում այն շարունակեց մարզական լրագրողների ֆեդերացիան։ Ու նույնիսկ «համայնավարական բռնապետության» պայմաններում կենտկոմի, քաղկոմի քարտուղարները չեն խառնվել այդ գործընթացին։ Բայց այսօր իշխանությունը, տվյալ դեպքում՝ սպորտի նախարարությունն է ցանկանում իր ձեռքը վերցնել այդ գործը։ Բանն այն է, որ սպորտը մեզ մոտ քաղաքականացված, բաժանված է իշխող ՀՀԿ-ի եւ, դժվար է ասել ընդդիմադիր, պարզապես չիշխող ԲՀԿ-ի միջեւ (դրա վերջին ապացույցը վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված սկանդալն էր)։ Չենք ուզում նշել, թե ով, որ կուսակցությունն ինչ ներդրում ունի հայկական սպորտում. դա բոլորը գիտեն, սակայն բացահայտ զգացվում է, որ իշխանություններն ու նրանց մոտ կանգնած լրատվամիջոցներն ավելի շատ հակված են ընտրության ժամանակ առաջնությունը տալ շախմատին եւ ֆուտբոլին։ Ու դա պատահական չէ. շախմատի ֆեդերացիայի նախագահը նաեւ ՀՀԿ նախագահն է, իսկ ֆուտբոլի ֆեդերացիայի ՀՀԿ-ական նախագահի շուրջ էլ ստեղծվել է, այսպես ասած, ֆուտբոլասերների, ավելի ճիշտ՝ ֆուտբոլի մեջ շահը սիրելու մի խումբ, որն ամեն կերպ սատարում է ՀՖՖ նախագահին։ Փաստ է նաեւ այն, որ ֆուտբոլն ամենամասսայական մարզաձեւն է, բայց պետք է հաշվի առնել արդյունքը։ Բոլորս հպարտանում ենք Լեւոն Արոնյանով, մեր հավաքականով, սակայն չպետք է մոռանալ, որ շախմատն օլիմպիական մարզաձեւ չէ, իսկ շախմատի օլիմպիադան էլ օլիմպիական խաղ չէ։ Բայց երբ Լեւոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր, ճանաչվեց տարվա լավագույն մարզիկ։ Մեր շախմատի հավաքականն էլ է որպես թիմ նման բախտի արժանացել…
Ինչ վերաբերում է ընդհանրապես լավագույն մարզիկին որոշելուն, ապա դա կարող են անել բոլոր մարզական ֆեդերացիաները, կամավոր մարզական ընկերությունները, ինչու չէ, կայքերը, լրատվամիջոցները։ Իսկ մարզական լրագրողների ֆեդերացիան չի պատրաստվում հրաժարվել կեսդարյա ավանդույթից։   

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս