Վերջին շրջանում քաղաքական կուսակցությունները, կարծես թե, իրենց տեղը զիջել են քաղաքացիական ակտիվիստներին: Դա լա՞վ է, թե՞ վատ։ Այդ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ դրամատուրգ Կարինե Խոդիկյանից։
-Քաղաքացիական շարժումը, քաղաքացիական ակցիաներն արդյունավետ են ժողովրդավարական կայուն ավանդույթներ ունեցող երկրներում, երբ մի համայնքում ինչ-որ մի բան «այնպես չի գնում», համայնքի բնակիչները ոտքի են կանգնում եւ իրենց լոկալ խնդիրը լուծում: Այսօր քաղաքացիական շարժումը մեր հասարակությանը տանում է փակուղի, որովհետեւ հազար ու մի լուրջ գլոբալ խնդիր ունենք, եւ ոչ մի քաղաքացիական շարժում, ոչ մի քաղաքացիական նախաձեռնություն այդ խնդիրները չի կարող լուծել: Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ երկրի ճիշտ զարգացման համար պիտի լինի իշխանություն եւ պիտի լինի ընդդիմություն: Իշխանությունը պիտի լինի, որքան հնարավոր է, ուժեղ, իսկ ընդդիմությունը կոչված է ուժեղ լինելու։ Ու եթե այսօր այս վիճակում ենք, երբ իշխանականի թացն ընդդիմադիրի չորից չենք տարբերում, մեղավորը մեզանից ամեն մեկն է:
-Հնարավոր չե՞ք համարում, որ հասարակական շարժումներն ի վերջո առվակի պես միանան, դառնան գետ` հենց իրենք իրագործելով ձախողված ընդդիմության գործառույթները:
-Չեմ կարծում: Պարզապես նորից պետք է մեր քաղաքական դաշտում գտնվող, իրենց ընդդիմադիր համարող կամ մեր կողմից ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերից մեկը կարողանա իր մեջ ուժ գտնել իշխանությանն իսկապես դիմակայելու համար, եւ նա կգրավի պարապ մնացած տեղը, որի պատճառով այսօր նաեւ այսպիսի անհուսության եւ անտարբերության մթնոլորտ է տիրում:
-Այսօրվա դեպքերը, անցքերը դժվար թե հենց այսօր կամ վաղն արտացոլվեն գրականության մեջ. դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Ընդհանրապես անկախության շրջանի գրականությունն ինչպե՞ս կբնորոշեք:
-Քանի որ փոքրիշատե ծանոթ եմ այսօր ստեղծվող մեր գրականությանը, ամեն անգամ ցավով եմ լսում, երբ ինչ-որ մի դեղնակտուց հայտարարում է, որ այսօր գրականություն չկա։ Բայց երբ լուրջ անձնավորություն է այդպես արտահայտվում էկրանից կամ մամուլում, ուզում եմ նայել նրա աչքերին ու հարցնել` կարդացածդ վերջին գիրքը ո՞րն է: Հավատացե՛ք, անկախության տարիներին շատ հետաքրքիր գրականություն է ստեղծվել, եւ, ամենակարեւորը, գրականության տիրույթում ամրագրվել են ժամանակը, մարդը, հերոսը եւ անտիհերոսը: Մեզանում, ցավոք, չիմացող, բայց իմացողի տեսքով խոսելու ախտանիշը դարձել է գերիշխող: Տարբեր երկրների դրամատուրգների հետ եմ կապված, փոխանակում ենք պիեսներ, եւ երբեմն այնպիսի պիեսներ են ուղարկում որպես լավագույն, որ… կներեք: Պարզապես մեր շատ ռեժիսորներ, չգիտեմ ինչու, նախընտրում են բուլվարայինը, իջել են այդ մակարդակին ու զուտ «տոմսարկղի վրա» են աշխատում։ Իսկ եթե ուզենային աշխատել մտքի վրա, հավատացե՛ք, մենք ունենք այդ նյութը, հումքը, գրականությունը, ասելիքը:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցն է մոտենում: Դուք ունե՞ք համապատասխան պիես:
-2-3 ամսվա ընթացքում գրել եմ «Մեկ ժամ հիշողություն» պիեսը, բայց այն «գրվում» էր շատ վաղուց: Իմ համոզմամբ` 100 տարի անց Ցեղասպանության մասին գրել պաթոսով կամ որպես հրապարակախոսություն` անցած փուլ է: Պիտի գնաս հոգու ու ներքին դրամայի «դաշտ»: Ես չեմ խոսում միլիոնների անունից, մի ընտանիքի պատմություն է: Պիեսում իմ Էրզրումն է, իմ… ամեն ինչը, որ կոչվում է հիշողություն: Փորձել եմ ցույց տալ, թե մարդու, գերդաստանի ինչ տեսակ են վերացրել: Չկա արյան տեսարան, մորթվող ու բռնաբարվող, թվում է` հանդարտ ընթացող պատմություն է, բայց այդ հանդարտության մեջ է տասնապատկվում ողբերգությունը: Ասեմ, որ պիեսն արդեն բեմադրման հայտ է ստացել…
«ԻՇԽԱՆԱԿԱՆԻ ԹԱՑՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ՉՈՐԻՑ ՉԵՆՔ ՏԱՐԲԵՐՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ